«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2009-01-21 | #8, 2009-01-22 | #9, 2009-01-23


ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ Է ԶՐԿԵԼ ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

Հակառակ դեպքում հավերժ աշակերտի կարգավիճակում ենք մնալու

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Միշտ էլ հետաքրքրական է հետեւել եվրոպական տարբեր կառույցների չինովնիկների այցին Հայաստան, այդ ժամանակ է միայն, որ բացահայտ երեւում է, թե ինչքանով է մեր երկիրն ազատ ու անկախ: Եվրոպական կառույցների տարբեր տրամաչափի ներկայացուցիչների այցերը, լինեն դրանք ԵԽԽՎ համազեկուցողները, Ագոյի կամ մեկ այլ խմբի անդամները, ցուցադրում են մեր երկրի թե՛ իշխանությունների եւ թե՛ ընդդիմության ինքնուրույնության աստիճանը եւ սեփական ուժերով խնդիրները լուծելու հնարավորությունը: Ազգային-պետական մտածելակերպի լիակատար բացակայությունը հնարավորություն չի տալիս կողմերին քայլեր ձեռնարկելու, ինչը ձեռնտու կլիներ բոլորին: Այն ամենը, ինչին մենք ականատես ենք լինում այսօր` ընդդիմության եւ իշխանությունների միջեւ, իրականում պայքար է ոչ թե գաղափարների, այլ միայն նեղ անձնական շահեր ունեցող մարդկանց խմբերի միջեւ` իշխանությունն ամեն գնով պահպանելու կամ զավթելու համար: Հենց այս «ամեն գնով» երեւույթն է, որն ի վերջո շատ թանկ է նստում հասարակ քաղաքացիների վրա: Նույնիսկ այս թանկ վճարած գինն են կողմերը փորձում շահարկել սեփական, նեղ, անձնական քաղաքական շահերի համար: Եվ սեփական շահերի համար մղվող պայքարը միջազգային կառույցներին հնարավորություն է տալիս ակտիվ կերպով ներգրավվելու ներհայաստանյան խնդիրների մեջ եւ նույնիսկ սեփական կամքը կամ խաղի կանոնները թելադրել: Անկախությունից մինչ օրս Հայաստանը այդպես էլ չի կարողանում, եւ նույնիսկ իրենց քաղաքական էլիտա համարողները չեն էլ ուզում ազատվել դրսից թելադրված այս «հովանավորությունից», ավելի հարմարավետ զգալով, երբ ցանկության դեպքում կարող են ինչ-որ մեկի բաճկոնին լաց լինել եւ նրանց երկիր հրավիրել իրենց ներքաղաքական խնդիրները լուծելու համար: Այս իրավիճակը բազմիցս է կրկնվում ի վնաս երկրի հեղինակության, սակայն Հայաստանում իշխանությունները եւ ընդդիմությունը կարծես թե ընդունել են խաղի կանոնների նման սցենարը ու քչերն են մտածում, թե ինչքանով է այն նպաստում երկրի զարգացմանը, իրական ժողովրդավարության եւ խոսքի ազատության կայացմանը:

Հայաստանի ներքաղաքական կյանքում երրորդ կողմ հանդիսացող միջազգային կառույցների մշտական առկայությունը, հանձինս իրենց քաղաքակիրթ համարող եվրոպացիների, շատերի մեջ ստեղծում է պատրանք, թե դա խնդիրների լուծման ուղի է, սակայն իրականում սա մի փակուղի է, որի մեջ կարող ենք հավերժ խարխափել առանց այնտեղից դուրս գալու հեռանկարի: Սա նաեւ հայաստանյան քաղաքական կուսակցություններին զրկում է հնարավորությունիցՙ սեփական ուժերով, փոխզիջումների միջոցով հարցերի լուծման հանգելու: Երրորդ կողմը, իրեն վերագրելով միջնորդ դատավորի դեր, որոշումներ է ընդունում մեկ մի կողմի, մեկ մյուսի օգտին, այսպիսով վերջիններիս զրկելով սեփական միջոցներով, բանակցություններով համաձայնության գալու հնարավորությունից: Իհարկե, ամեն ինչի մեջ մեղադրել «չար» եվրոպացիներինՙ ճիշտ չէ, քանի որ բացառված չէ, որ վերջիններս իսկապես ցանկանում են մեր երկրին բարօրություն, սա ընդամենը սեփական քաղաքական էլիտայի չկայացվածության կամ, եթե կուզեք, անհասության փաստի վկայությունն է: Քաղաքական նման իրավիճակը, կախվածությունը եվրոպական կառույցներից Հայաստանին մի տեսակ վատ սովորող աշակերտի կարգավիճակի է հանգեցրել, երբ վերջինս ի վիճակի չէ ոչինչ անելու առանց ուսուցչի խրատի, նրա տված դասերի եւ գնահատականների: Նման իրավիճակը Հայաստանի արտաքին քաղաքականությունում առկա սխալների, եվրոինտեգրում կոչվող քաղաքականության հետեւանք է, երբ այսպես կոչված եվրոպական ստանդարտներին համապատասխանելու փորձեր ենք անում, երկիր կառուցելով եվրոպական արժեքների վրա, առանց խորանալու ու հասկանալու թե ինչ բան են այդ «եվրոարժեքները», ինչ արժեն դրանք եւ ինչքան թանկ կնստեն մեր վրա:

Մի բան պարզ է, պետություն հնարավոր չէ կառուցել այլ մշակույթ ունեցող երկրների արժեքների վրա, ինչքանով էլ այդ արժեքները լավը թվան: Մենք կունենանք ոչ թե հայկական պետություն, այլ Եվրոմիության մի կցորդ, որը լավագույն դեպքում կարող է տուրիստական էկզոտիկ երկրի կարգավիճակ ունենալ մեզ իրենց արժեքները հրամցնող եվրոպացիների համար: Կասկած չկա, որ մենք իսկապես շատ բան ունենք սովորելու նույն այդ Եվրոպայից, բայց ոչինչ չունենք նմանակելու: Իսկ իրականում հենց դա էլ տեղի է ունենում, մենք խեղկատակի նման նմանակում ենք, մեզ անվանելով եվրոպական արժեքների կրողներ, չնայած քչերը նույնիսկ պատկերացում չունեն, թե դա ինչ է, եւ փորձում են երկիր կառուցել մի տարբերակով, ինչը թելադրված է դրսից եւ որը չունի ոչ մի ընդհանրություն իրական հայկական արժեքների եւ հայկական մշակույթի հետ:

Ինչեւէ, Հայաստանի չկայացվածությունը մի իրավիճակ է, որը ձեռնտու է դրսի ուժերին, դա նրանց հնարավորություն է տալիս ակտիվ կերպով ներգրավվելու ներհայաստանյան քաղաքական գործընթացներում եւ ազդեցության մշտական լծակներ ունենալու: Սա մի գործընթաց է, որն իրականացվում է ոչ միայն Հայաստանի, այլեւ նորանկախ մյուս պետությունների նկատմամբ: Եվ այս իրավիճակի պարադոքսն այն է, որ Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելը կարող է դրական դեր ունենալ, մեր երկիրը վատ սովորող աշակերտից կարող է վերածվել, անկախ իր ցանկության, ինքնուրույն քաղաքական միավորի, որը ստիպված կլինի լուծել սեփական հարցերն իր ուժերով: Որպես միջազգային վերլուծաբան, լավ ծանոթ լինելով եվրոպական դիվանագիտությանը եւ ԵԽԽՎ-ի պատմությանը, ինձ համար պարզ է, որ Հայաստանին ձայնից զրկելու հավանականությունը մոտ է զրոյի, քանի որ հակառակ դեպքում Հայաստանում կսկսի «հասունացում», ինչը ձեռնտու չէ նույն այդ եվրոպացիներին:

Եվ այսպես, Հայաստանին հասունացում եւ ինքնուրույնություն է պետք, քաղաքական նոր էլիտայի ստեղծում, որն իր հարցերը չի լուծում այլ կառույցներ վազելով եւ սեփական պետության դեմ բողոքելով եւ հետո էլ հորթի հրճվանք չի ապրում, երբ այդ բողոքներով պատժամիջոցներ են կիրառվում: Նույնն էլ հակառակը, եթե պատժամիջոցներ չեն կիրառվում, չի նշանակում, թե հակառակ կողմն է հաղթել: Այստեղ չկան հաղթողներ, բայց հստակ է, որ անկախ ԵԽԽՎ-ի ընդունած որոշումից` զրկել, թե չզրկել, կա պարտված կողմ. դա Հայաստան պետությունն է: Մեր երկրում չի կարող ձեւավորվել իրական ժողովրդավարություն, խոսքի ազատություն` միջազգային կառույցների բանաձեւերի ու այդ կառույցների միջոցով կատարվող մոնիտորինգների շնորհիվ: Մենք հայտնվել ենք մի փակ շղթայում, որը հավերժ Հայաստանին դնելու է թերուս աշակերտի կարգավիճակում, որն ամեն անգամ չի կարողանում իր քննությունը հանձնել միջազգային կազմակերպությունների առջեւ: Ելքը` Հայաստանը պետք է սովորի սեփական ուժերով իր հարցերը լուծել թե՛ ներհայաստանյան եւ թե՛ արտաքին քաղաքական հարաբերություններում, հասկանալով, որ երրորդ կողմը, ինչպիսի լավ կարգախոսներով էլ նա հանդես գա, չի կարող չեզոք ու անկողմնակալ լինել, քանի որ ունի իր սեփական շահերը, որոնցից էլ ելնելով քայլեր է ձեռնարկում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4