«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2009-03-14 | #46, 2009-03-17 | #47, 2009-03-18


ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐՈՒՄ

Հայ մարդու ինքնության վերաձեւավորման անհրաժեշտությամբ

1990-ականների սկզբների պատերազմական գործողությունների մեր հաղթանակներին անմիջապես հաջորդած փլուզվող ու նոր ձեւավորվող հասարակական-տնտեսական հարաբերությունների մութ ծալքերում կապիտալի նախնական կուտակման գլխապտույտ գայթակղություններին տրվածՙ խաղաղ ժամանակներում ռազմական մեր ձեռքբերումները պահպանելու ճիշտ մարտավարություններից շեղումն ընդունեցինք որպես քարոզչական պատերազմում տանուլ տալու իրողություն: Չեմ կարծում, թե սեփական ժողովրդի, երկրի պատմությունը, մշակույթն արժանավայել ներկայացնել-գնահատելը քարոզչության մենաշնորհն է միայն, այլեւՙ յուրաքանչյուր սերնդի գիտակցական-բարոյական պարտքըՙ իր անցյալն արժեւորելու եւ ներկան արձանագրելու անհրաժեշտություն: Իհարկե, մասնավոր պարագաներում (հայ-թուրքական, հայ-ադրբեջանական կոնֆլիկտներ) ինքնապաշտպանության, ինքնաներկայացման պարտադրվածությունը ենթադրում է պետականորեն ուղղորդված գաղափարական աշխատանքՙ ինչպես դրսի, նաեւ ներսի համար, վերջինըՙ որպես հասարակությանը սեփական ուժերի, իր պատմության հանդեպ վստահություն ներշնչող գործոն: Այլապես էլ ինչպես է ձեւավորվում ազգային գաղափարախոսությունը եւ տարածվում հասարակական շերտերի վրա: Լավագույնը գրատպագրության ճանապարհն է եւ դրա լայնորեն տարածումը հասարակական ամբիոնների (ռադիո-հեռուստատեսություն, մամուլ, դպրոց, բուհ) միջոցով:

Թեեւ վերջին տարիներին երկիրը, ժողովրդի պատմությունը, մշակույթը ներկայացնող բազմաբնույթ գրականություն է տպագրվել, սակայն ազգային ինքնության ճանաչողությանն, ազգային ոգու բարձրացմանն ուղղված համակարգված, կոնցեպտուալ գրահրատարակչական կամ եթերային ծրագրեր չեն գործում: Այս առումով առանձնակի կարեւորելի է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագծիՙ «Մեր հաղթանակները» քառահատոր աշխատության հրատարակությունը. առկա Ա հատորն ընդգրկում է մեր պատմության վաղնջագույն շրջանիցՙ Ք. ա. 3-րդ հազարամյակից մինչեւ Ք. հ. 3-րդ դարի վերջը պատերազմների, արշավանքների եւ ճակատամարտերի ընթացքում հայոց զինուժի տարած ռազմավարական եւ մարտավարական հաղթանակների համառոտ նկարագրությունը: Իր տեսակի մեջ աննախադեպ հրատարակությունՙ օգտակար ինչպես մանկավարժների, բուհական ուսանողության, նաեւ ընթերցողական շահագրգիռ լսարանի համար, որը հայ մարդուՙ սեփական պատմության հանդեպ ունեցած անվստահության հայացքըՙ իբրեւ պարտությունների, դավաճանությունների ու երկպառակությունների, ջարդերի ու արհավիրքների մղձավանջային շղթայի, նրա պարտվածի հոգեբանությունը (որիցՙ ազգային անլիարժեքության բարդույթը եւ գաղթականի կենսաձեւը) փոխելու, հոգեկերտվածքի վրա ներազդելու առումով անհրաժեշտ մտահղացում եւ իրագործում է: Նախագծի հեղինակը եւ ղեկավարը` «Նրոավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն է, հեղինակային խումբՙ Արտակ Մովսիսյան եւ Սուրեն Մարտիկյան , գիտական խմբագիրՙ Էդվարդ Դանիելյան :

Հարկ ենք համարում ընդգծել գրքի մի շարք առավելություններ. նյութի գիտականորեն համակարգված շարադրանքը, տեքստերի հստակ կառուցվածքը հանրագիտարանային բնույթ են հաղորդում աշխատությանը, ըստ թեմայի համապատասխանաբար ներկայացված գունավոր իլյուստրացիաները (ամենատարբեր զինատեսակներ, զինանշաններ, դրանցով պատկերազարդված իրերՙ թասեր, սափորներ, ոսկյա դրամներ, սեպագիր եւ այլ արձանագրություններ, նշանավոր զորավար-արքաների արձաններ, պատկերներ եւ այլն), յուրաքանչյուր խորագրի ավարտին նյութը տեսողական դարձնող ռազմական գործողությունների քարտեզներ, սխեմաներ, ինչը վկայում է հեղինակների պատասխանատու մոտեցումը նախագծին: Աշխատությունն ամբողջանում է ռազմական տերմինների ծավալուն, շուրջ 30 էջանոց բառարանով, քարտեզներում օգտագործված պայմանական նշանների մեկնաբանությունների տեքստով: Մասնագիտական խորհրդատվություններով աշխատանքներին մասնակցել են Տիգրան Վարդանյանը (քարտեզագիր, քարտեզագրման հիմքըՙ Վազգեն Ղազարյանի), Սուրեն Մարտիկյանը, Արտակ Մովսիսյանը (սխեմաների հեղինակներ), Թագուհի Հմայակյանը (զենքերի գծանկարիչ): Գրքի բարձրորակ տպագրությունն ապահովել է «ԳԱՍՊՐԻՆՏ» տպարանը, 2008-ին:

Ա հատորն, ինչպես նշվեց, ընդգրկում է Ք. Ա. 3-րդ հազարամյակից մինչեւ Ք. Հ. 3-րդ դարն ընկած ժամանակաշրջանը, 2-րդ հատորը, որ լույս կտեսնի շուտով, IV-X դարերի ռազմական զարգացումների նկարագրությունները: Հընթացս հրատարակության են պատրաստվում աշխատության երրորդ (XI-XVII) եւ չորրորդ հատորները, վերջինը ներկայացնելու է նաեւ Արցախի պատերազմական գործողությունները: Նախատեսված է այս քառահատորի հիման վրա կազմել ռազմարվեստի հանրագիտարան:

Իր տեսակի մեջ գիրքը եզակի է. աշխատության հեղինակները զերծ են անթերիության հավակնությունից (մասնավորապես պատմական վկայությունների սակավությամբ նկատի է առնված Ք. ա. 3-րդ, 2-րդ հազարամյակների շրջանը)ՙ ակնկալելով թե՛ առաջարկություն-օժանդակություն, թե՛ դիտողություններ:

Հայոց ռազմարվեստի պատմությունը սկսվում է մեր նախահորՙ Հայկ Նահապետի առաջին հաղթանակի նկարագրությամբ, ըստ վիպասքի ներկայացնելով նախաիրավիճակը, երբ Հայկը, չկամենալով ենթարկվել Բելի բռնակալական նկրտումներին, որդիների հետ ըմբոստանում, հեռանում է հյուսիս, այսպիսով, ազատատենչության եւ անկախության ոգին ժառանգելով հետնորդներին: Ճակատամարտում հաղթանակում էՙ լայնալիճ աղեղի նետահարումով տապալելով բռնակալին եւ ստեղծում ազատ Հայք աշխարհը: Գրքում տրված են ճակատամարտի նախապատրաստման, մարտավարության մասին տեղեկություններ, արդյունքների ամփոփում, նաեւՙ ռազմավարական քարտեզ եւ սխեմաներ:

Հայաստանը Ք. ա. 3-րդ հազարամյակի առաջին կեսի ռազմարվեստում ընդգծված է հոգեբանական պատերազմների կարեւորությունըՙ նշելով հոգեբանական պատերազմների վարպետ առաջին հայկական Արատտա պետության արքաների դերը: Հայկական ռազմարվեստի խրոնոլոգիան տրված է ճանաչողական բազմաթիվ տեղեկությունների օժանդակող ուղեկցությամբ, այսպես ասածՙ պատմական տեղեկանքների ձեւովՙ որոշակի երեւույթի, իրադարձության, վիճակի համառոտ նկարագրությամբ:

Մեր ռազմարվեստի պատմությունը «ընթանում» է երկրի ներքին իրավիճակների, արտաքին հանգամանքների, պատերազմական դրության, ճակատամարտերի, զինատեսակների, տակտիկական ու մարտավարական մանեւրների նկարագրությամբ, ապա կատարվում է ամփոփումՙ համառոտ եզրակացությամբ: «Հայաստանը հետախուզական զեկույցներում» բաժնի պատմական տեղեկանքն, օրինակ, փաստագրական-հնագիտական նմուշ է, որ ներկայացնում է հատվածներ Արադմու հետախույզից Շուլգի արքային ուղղված զեկույցից, որտեղից տեղեկանում ենք հայոց դիվանագիտական արվեստի մասին հետաքրքրական մանրամասներ: Այս ժամանակներից արդեն կան վկայություններ Հայկական լեռնաշխարհում ռազմական գործողությունները համակարգող շտաբի եւ կանոնավոր բանակի մասին: Առանձին մի մաս անդրադառնում է հնագույն շրջանում Հայկական լեռնաշխարհում մետաղագործության արհեստի զարգացմանըՙ արձանագրելով, որ «ձիերին լծված մարտակառքերի մուտքով հայ զինագործ վարպետները համաշխարհային ռազմարվեստում իրականացրել են առաջին հեղաշրջումը»:

Ըստ ժամանակների հերթագայության, հայոց ռազմարվեստի պատմությունն ընթանում է բաբելական, քասեցիների, հիքսոսների, խեթական արշավանքների ֆոնին, ընդարձակ անդրադարձ է կատարված Վանի արքաների արշավանքներին, Մենուայի հաղթանակներին, տերության սահմանների ընդարձակմանը, Արգիշտի Ա-ի գահակալության շրջանին, Ռուսա Բ-ի պետական կառավարմանը եւ արտաքին քաղաքականությանը, նոր, ճկուն դիվանագիտությանը: Հանգամանալի ուսումնասիրությամբ տրված է Տիգրան Երվանդյանը եւ նրա պատմաշրջանը: Ալեքսանդր Մակեդոնացին եւ Հայաստանը խորագրի տակ կարեւորված է Գավգամելայի ճակատամարտը, որին մի առանձնակի դերակատարություն է ունեցել հայոց այրուձինՙ իր զորաշարժով անակնկալի բերելով մեծ զորավարին, դրանՙ իբրեւ հետեւանք հաջորդել է Ք. ա. 331-ին Հայաստանի ձեռք բերած անկախությունը:

Ա հատորի ռազմական գործողությունների «սյուժետիկ գիծը» մոտենում եւ ընդգրկում է Ք. ա. 70-68 թթ. հայ-հռոմեական պատերազմը, Հռանդեայի ճակատամարտը (62 թ. ընդդեմ Սասանյանների), ավարտվում Տրդատ Բ-ի պատերազմների (228-232 թթ.) նկարագրությամբ:

Գրքի առաջին իսկ ծանոթությունից ծնվածՙ քառահատորն օտարալեզու ընթերցողին ներկայացնելու անհրաժեշտության միտքը հաստատում է նաեւ նախագծի հեղինակըՙ Գագիկ Հարությունյանըՙ առաջաբանում: Նա նկատում է նաեւ, որ աշխատությունը մտահղացվել է «հատկապես արդի հայությանՙ լայնախոհ ու հաղթանակող, հոգեբանական բարդություններից զերծ ինքնության վերաձեւավորման ցանկությունից»ՙ հուսալով, որ քառահատորը հետագայում հիմք կհանդիսանա հայոց պատմական ընթացքը շարժանկարային եւ թվային ձեւաչափով ներկայացնելուն: Կարծում ենքՙ նման հրատարակությունների հետեւողական քաղաքականությունն անպայմանորեն ունենալու է որոշակի ազդեցություն հանրային գիտակցության արմատական վերափոխման վրաՙ հայի նոր հոգեկերտվածք ձեւավորելու մտայնությամբ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4