«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2009-05-01 | #80, 2009-05-05 | #81, 2009-05-06


ՌԱԶՄԱԿԱՆ ԽՌՈՎՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Ընդդիմությունը Ռուսթավելու պողոտայում է բողոքում, զինվորականները` զրահատանկային զորամասում

Հարեւան Վրաստանի ներքաղաքական կյանքում երբեմն այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում, որ դժվար է պատկերացնել որեւէ այլ երկրի պարագայում: Եվ դա բնավ էլ ոչ այն պատճառով, թե Վրաստանում ժողովրդավարությունն այնպիսի մակարդակի է, որ քաղաքական գործիչները, ընդդիմությունն ու անգամ զինվորականները կարող են երկրի ներկա վիճակի առնչությամբ իրենց դժգոհությունն արտահայտել ի լուր բոլորի եւ բավականին հաճախ:

Երեկ առավոտյան լուրեր տարածվեցին, թե Մուխրովանիի (Թբիլիսիից 20 կմ հեռու) զորամասերից մեկում ռազմական խռովություն էր սկսվել, որի նպատակը Վրաստանում ռազմական ճանապարհով իշխանության փոփոխությունն էր:

Ավելի ուշ Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Սիխարուլիձեն հենց Մուխրովանիից հայտարարել է, որ դեռեւս երեկ վաղ առավոտյան Մուխրովանիի զրահատանկային գումարտակը դուրս է եկել ենթակայությունից ու հայտարարել խռովության մասին, ընդ որում, այլ գումարտակների մի շարք հրամանատարների հետ համատեղ:

Պաշտպանության նախարարության հայտարարությամբ, խռովություն բարձրացնելու մասին հայտարարությունն արվել է, երբ նախորդ օրն արդեն իսկ գործողություններ են ձեռնարկվել ռազմական խռովությունը կասեցնելու եւ մասնակիցներին ձերբակալելու առնչությամբ:

Մասնավորապես, Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Սիխարուլիձեի խոսքերով, դեռեւս մայիսի 4-ին ձերբակալվել են մի շարք նախկին բարձրաստիճան զինվորականներ, որոնք, ըստ նախարարի, ծրագրել էին մեծամասշտաբ խռովություն:

Ռազմական խռովություն կազմակերպելու մեղադրանքով արդեն իսկ, ըստ Սիխարուլիձեի, ձերբակալված է հատուկ նշանակության «Դելտա» ջոկատի 90-ականների հրամանատար Գիա Գվալաձեն, մի շարք նախկին զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ գտնվում են հետախուզության մեջ: Խռովության կազմակերպիչների ցուցակում նշվում է նաեւ պաշտպանության նախկին նախարար Գեորգի Կարկարաշվիլու անունը:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունն, իր հերթին, հայտարարել է, թե տեղեկություններ են ստացվել վրացական զինուժի տարբեր ստորաբաժանումների կողմից ՆԱՏՕ-ի հովանավորությամբ բազմազգ զորավարժությունների անցկացումը խափանելու նպատակով:

«Զինվորականները մտադիր չեն միջամտել երկրի ներքաղաքական իրավիճակին, բայց արդեն ուժ չունեն դիմանալու ստեղծված վիճակին եւ իրենց աջակցությունն են հայտնում կողմերի միջեւ երկխոսության անցկացմանը», այսպիսի հայտարարություն էր տարածել Մուխրովանիի զրահատանկային գումարտակի հրամանատար Մամուկա Գորգիշվիլին:

Նրա ղեկավարած գումարտակին, ըստ որոշ տեղեկությունների, խռովություն բարձրացնելու հարցում աջակցություն են հայտնել մեծ թվով գեներալներ ու քաղաքական գործիչներ:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, Մամուկա Գորգիշվիլու հայտարարության մեջ նշվում է. «Անհնար է հանգիստ նայել երկրի քայքայման գործընթացին, ընթացող հակադրությանը, բայց մեր տանկային զորամասի կողմից ագրեսիվ քայլեր չեն լինի: Մենք զորանոցային դրության մեջ ենք եւ չենք պատրաստվում հեռանալ այստեղից»: Միեւնույն ժամանակ, որեւէ տեղեկություն չի նշվում, թե ինչ պահանջ են ներկայացրել խռովության կազմակերպիչները:

Օրվա կեսից երեկ Մուխրովանիում էր գտնվում նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: «Մենք խռովարարներին առաջարկում ենք հանձնվել, իսկ իրավիճակը Վրաստանում ընդհանուր առմամբ հանգիստ է ու վերահսկողության տակ»:

Երկրի նախագահի խոսքերով, խռովությունը լոկալ է, այն չի տարածվել ռազմական մյուս զորամասերում: Ինչպես վրացական հեռուստաընկերությունների ուղիղ եթերով հայտարարել է երկրի նախագահը, խռովարարներին ժամանակ է տրվել հանձնվելու, որի դեպքում նրանց հանդեպ վերաբերմունքն ավելի մեղմ կլինի: Երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ խռովարարների մի մասը հանձնվել է, մի մասը դիմել փախուստի: Սակայն տեղեկություններ չկան, թե ուր են տարվել ձերբակալված խռովարարները:

Ամեն դեպքում, խռովության բարձրացումը Վրաստանում կապում են կրկին Ռուսաստանի հետ այն հավելմամբ, թե երեկ առավոտվանից Վրաստանի սահմաններին է մոտեցել Ռուսաստանի սեւծովյան նավատորմը: Ավելին, խռովության կազմակերպումը կապվում է նաեւ Վրաստանում այսօր անցկացվելիք ուսումնական զորավարժությունների հետ, որոնց, ըստ վրացական կողմի, դեմ է Ռուսաստանը:

Վրաստանի նախագահի մեկնաբանությամբ էլ, խռովության օրվա ընտրությունը կապված է նաեւ Պրահայում Եվրոմիության ու Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների նախագահների գագաթաժողովի անցկացման հետ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4