ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2008-12-06 | #24, 2008-12-20 | #1, 2009-05-09


ՎԵՐՍԿՍԵԼՈՎ ՀՈԳԵՎՈՐ ԽՐԱԽՃԱՆՔԸ

Ավելի քան չորս ամիս լույս չէր տեսնում մեր մշակութային հավելվածը: Միջազգային-տեղական տնտեսական ճգնաժամը ճգնանքի մատնեց նաեւ մեր թերթը, եւ պարտադիր խնայողասիրությունը ստիպեց մեզ խուսափել հավելվածի հավելյալ ծախսերից: Զրկվեցին նաեւ ընթերցողները, որոնք ամիսը երկու անգամ առիթ ունեին հավելյալ հանդիպման: Ընթերցողական այդ ընտիր լսարանը, Հայաստանում թե սփյուռքում, վերջին 5 տարիներին թղթային, ինտերնետային, անգամ Բրոյլյան այբուբենով կարդում էր մեզ: Այդ լսարանին ախորժելի էին գրականության, նկարչության, երաժշտության, թատրոնի եւ ընդհանրապես արվեստի վերաբերյալ մեր հրապարակումները, նկարագրական թե վերլուծական նյութերը, հարցազրույցները, որոնք «Ազգ»-ի մշակութային առօրյա էջերի իրադարձային-տեղեկատվական սահմաններից անդինՙ փորձում էին մտքի ու ոգու խրախճանքներ սարքել երկու շաբաթը մեկ: Դրանց մասնակցում, ավելի ճիշտՙ ճաշակ էր թելադրում աշխատակիցների ու հեղինակների մի հրաշալի խումբ, հայրենի եւ սփյուռքահայ մտավորականների ու արվեստագետների մի շրջանակ, որի համար հավելվածի էջերը իսկական ամբիոն էին, ոմանց պարագայումՙ թերեւս միակ ամբիոն, որն արտահայտվելու մղում էր տալիս նրանց եռանդին:

Պարտադիր դադարի պարտադրած ափսոսանքը գրեթե ընդհանուր էր, նույնիսկ ՀՀ մշակույթի նախարարության համար, որ փորձեց մեզ օգնել իր ամենասուղ միջոցներից: Նրա օգնությունն ավելի բարոյական խթան եղավ մեզ համար, քան նյութական նեցուկ: Փորձեցինք գտնել ուրիշՙ այլեւայլ աղբյուրներ: Ապարդյուն: Մինչեւ որ մեզ օգնության ձեռք մեկնեց մշակույթը, գիրն ու գրականությունը քաջալերող մեր մեծագույն հիմնադրամըՙ Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկությունըՙ իր հայկական բաժնի տնօրեն դոկտ. Զավեն Եկավյանի միջոցով ու հոգատարությամբ: Հիմնարկությունն ստանձնեց մշակութային մեր հավելվածների մեկ տարվա ծախսը, ինչը երախտագիտությունից զատ մեր վրա դնում է հավելյալ պատասխանատվությունՙ ավելի բոլորանվեր ծառայելու մեր մշակույթին:

Այո, այսօրվանից վերսկսեալ մեր հավելվածը նախկինից ավելի լավ է ծառայելու ընթերցողների մշակութային պահանջներին, ավելի համապարփակ ընդգրկումներով բացվելու հայկական ու միջազգային արվեստին ու գրականությանըՙ առանձնահատուկ խնամք տածելով մեր երիտասարդ ստեղծագործողների նկատմամբ, անուշադրության չմատնելով անգամ նրանց արվեստային «խենթությունները», որոնք արդեն հասուն եւ հաստատուն ավագների հետ հակադրության մեջ անգամ դառնալու են մեր մշակույթի վաղվա իրականությունըՙ հնի ու նորի ընդելուզումով ամրացած:

Առանձին կարեւորությամբ ներկայացնելու ենք նաեւ, որքան հնարավոր է, միջազգային գրական եւ մշակութային կարեւոր իրադարձությունները, մանավանդ նկատի ունենալով եւրոպական եւ ռուսական մամուլից օգտվելու հասկանալի դժվարությունները:

Ուրեմն հրավիրում ենք բոլորին հոգեւոր խրախճանքի:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հ. Գ.- Նյութերի առատության պատճառով, ընթերցողական լսարանում մեծ հետաքրքրությամբ սպասվող Վիլյամ Սարոյան-Մանուել Թոլեգյան զրույցի վերջին երեք մասերի հրապարակումը հետաձգվում է հաջորդական երկու համարով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4