«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2009-05-07 | #83, 2009-05-08 | #84, 2009-05-09


ՇՈՒՇԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ՄԵՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

1992 թվականի մայիսի 9-ի առավոտյան ժամը 6-ին հայկական ստորաբաժանումները մտան ադրբեջանական զորախմբերից մաքրված Շուշի: Ականատեսների վկայությամբ` այդ պահին մի թեթեւ անձրեւ էր մաղում, որ մաքրում էր ադրբեջանցիների շունչն անգամ հայոց հինավուրց այդ հողակտորից: Մայիսի 8-ի կեսօրից հետո ադրբեջանցիներն արդեն սկսել էին լքել քաղաքը, իսկ մայիսի 9-ի առավոտյան քաղաքում որեւէ ադրբեջանցի չկար, մնացել էին միայն բանից անտեղյակ, նկուղներում թաքնված ադրբեջանցիք: Մինչեւ Շուշիի ազատագրումըՙ 1992-ի հունվարին տեղի էին ունեցել Քարինտակի ինքնապաշտպանությունը, Խոջալուի ազատագրումը, մի շարք այլ հաջող գործողություններ, սակայն Շուշին ռազմաբազա դարձրած ադրբեջանցիք շարունակում էին Ստեփանակերտի եւ շրջակա բնակավայրերի հրետակոծումը, այդ պահին Շուշիի ազատագրումը հրամայական խնդիր էր: Շուշին ազատագրելու գործողությունը սկսվեց մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը, ժամը 2:30-ին, Քիրսի դիրքերը եւ Լաչին-Շուշի ճանապարհը հայկական ուժերի կողմից վերահսկումից հետո:

Գործողությունը ղեկավարում էր ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոսը): Հարձակման ճակատային գիծը 25 կմ էր: Ադրբեջանական կողմը շատ ավելի էր զինված ու մեր զինվորներից ավելի ստվարաթիվ էր` մերոնց զինուժը ինքնապաշտպանական ուժերի 1200 մարտիկներն էին: Հարձակումը նախատեսված էր նախապես մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով հետաձգվել էր:

Մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմն ունեցավ 57, ադրբեջանցիքՙ 250-ից ավելի զոհ. վերջիններիցս վիրավորվել մոտ 700 զինվոր, 13-ը գերի են ընկել: Մեր նորագույն պատմության մեջ Շուշիի ազատագրումը համարվում է բեկում, փայլուն, կայծակնային մարտական գործողություն, որի արդյունքում ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտն իր շրջակա բնակավայրերով ազատվեց թշնամու անխիղճ ռմբակոծություններից, ապա բացվեց Լաչինի միջանցքը` այդպիսով ԼՂ-ն Հայաստանին միացնելով կյանքի ճանապարհով: Շուշին դարձավ պատվար` հայկական զինուժի հետագա հաջողությունների համար: Շուշիի ազատագրումից հետո, ըստ հայ զորահրամանատարների, ադրբեջանցիք խուճապային տրամադրություններով համակվեցին, իսկ հայ զինվորը հասկացավ իր բազկի ուժն ու ռազմական հնարամտության սահմանը, ու ԼՂ շատ բնակավայրերի ազատագրումը հենց Շուշիի հետեւանք են:

1993 թվականի մայիսի 9-ին եւ դրանից հետո ամեն մայիսի 9-ին, մինչեւ վերջ չգիտակցելով գուցե, մենք նշում ենք պատմության մեջ հայերիս ռազմական հաղթանակի շրջադարձային օրը` այդպես իմաստավորելով ե՛ւ հաղթանակը, ե՛ւ հաղթողի հոգեբանությունն ամրացնելով ժողովրդի գիտակցության ենթաշերտերում, ե՛ւ որպես հիշեցում` ԼՂՀ բանակցային գործընթացի կողմերին ու միջնորդներին, թե ո՞վ է հաղթողը, միաժամանակ` որպես զգուշացում պարտվողական տրամադրություններ ունեցողներին: Ու ճիշտ է, որ այդ օրը մեծ մասամբ Հայաստանի բարձր ղեկավարությունից էլ մարդիկ են գնում ԼՂՀ` տոնի խորհուրդը հաղթանակով ներծծված հողում նշելու, այս տարի Հայաստանի նախագահի մասնակցությամբ` մեր հայրենիքի անբաժան այս հատվածում բոլորս ողջ էությամբ ենք զգում հայրենիքի, պետականության, հայերիս միասնության գերադաս հրամայականները:

Չգիտեմ, ապրիլի 22-ի նման` մայիսի 7-ի Սարգսյան-Ալիեւ հանդիպումներին եւ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը ի՞նչ բնորոշումներ կտան տարբեր քաղաքական զորախմբերում գտնվող մեր հայրենակիցները, քանզի ե՛ւ «ճանապարհային քարտեզի» ստորագրումը, ե՛ւ Մինսկի խմբի համանախագահների մայիսյոթյան հայտարարությունը համապատասխան խորհրդանիշ օրերից երկու օր առաջ են տեղի ունեցել մի հետաքրքրական պատահականությամբ: Անշուշտ, ով էլ երբեւէ հայկական կողմից մասնակցի ԼՂ հիմնախնդրի բանակցություններին` երկրի նախագահ, արտգործնախարար կամ այլ պաշտոնյա, նա նախ հայ է, որ իր մեջ Շուշիի եւ առհասարակ Ղարաբաղյան հերոսամարտերի խորհուրդը չի կարող չունենալ եւ չի կարող զգալ այլ կերպ, քան, ասենք, սովորական ղարաբացի, երեւանցի կամ գորիսեցի հայը: Չի կարող մոռանալ ղարաբաղյան ճակատներում զոհված 6 հազար հայ զինվորի արյան մասին, որոնք վերադարձրին մեր հայրենիքի կորսված հատվածները, ու դրանից հետո միայն դիվանագիտական վարվեցողության խորհրդին կտրվի: Հուսանք, որ այդպես է, եւ այդպես է լինելու: Ու չգիտենք` Մինսկի խմբի համանախագահները Չեխիայում մայիսի 7-ին ո՞ր դիտակետից են նայել ու տեսել, որ յուրաքանչյուր, այդ թվում` պրահյան հանդիպումը մոտեցնում է ԼՂՀ խնդրի հանգուցալուծումը, ի՞նչն են նրանք առաջընթաց համարել, ի՞նչ մաքոքային դիվանագիտություն են ուզում ամրապնդել եւ մինչեւ ընթացիկ տարվա ավարտը ո՞ր հիմնարար սկզբունքների առաջընթացն են ուզում ապահովել: Բայց մենք, հայերսՙ այդ բոլորից առաջ գիտենք եւ կրում ենք Շուշիի խորհուրդը, շատ լավ գիտենք մեր հաղթանակի գինը` այն անգին է: Գիտենք` ինչպե՞ս է Շուշիի ազատագրումը բեկել ղարաբաղյան խնդիրը ժամանակին, վստահություն հաղորդել հայ ազատամարտիկին, ամրապնդել հավատը սեփական ռազմական հաղթանակների հանդեպ, ԼՂՀ ազատագրումը դարձրել անշրջելի...

Իսկ այդ բոլորից հետո մաքոքային եւ անգամ կոճային դիվանագիտությունը մեզ համար սարսափելի չէ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4