«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2009-05-16 | #90, 2009-05-19 | #91, 2009-05-20


ԱԼԻԵՎ-ՆԱՏՕ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը վերջին ժամանակներում կարծես նոր փուլ է ստանում: Ապրիլին Ադրբեջանի նախագահ Ալիեւը այցելեց ՆԱՏՕ: Հանդիպումների ընթացքում առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էր ԼՂ-ի կարգավորման խնդիրը, որին հաջորդեց նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոգնիերոյի այցը Հայաստան:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի դիվանագիտական աշխուժությունն առավել գործնական ընթացք է ստանում` միջազգային ատյաններում ՆԱՏՕ-ի պատասխանատուների հետ բանակցությունների արդյունքում Ալիեւի քայլերը առավել վճռական եւ հաստատուն բնույթ ստացան, որի պատասխանը մայիսի 7-ին Պրահայում կայացած Ալիեւ-Սարգսյան հանդիպումն էր:

Ի դեպ, Ալիեւի Բրյուսել կատարած այցից հետո Բրյուսելում Հայաստանը ներկայացնող դիվանագիտական կազմի կողմից նկատելի անհանգստություն էր զգացվում:

Թե Ալիեւի եւ Հյուսիս-ատլանտյան դաշինքի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ ԼՂ-ի վերաբերյալ ի՞նչ խնդիրներ են շոշափվել եւ ինչպիսի՞ն է ՆԱՏՕ-ի պաշտոնական դիրքորոշումը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի լրատվական ծառայության պատասխանատու Ջեյմս Ապաթուրային հանդիպեցինք Բրյուսելի միջազգային լրատվական կենտրոնում:

Մամուլի ասուլիսի հիմնական թեման Աֆղանստանին առնչվող խնդիրներն էին, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջիկա պաշտոնական հանդիպումների ծրագիրը:

Պատասխանելով «Ազգ»-ի հարցին, Ջեյմս Ապաթուրայն ընդգծեց, որ ՆԱՏՕ՛-ն չի կարող ԼՂ-ի խնդրի վերաբերյալ իր անմիջական համաձայնությունը տալ եւ միանշանակ խնդրի լուծման տարբերակ որոշել: ՆԱՏՕ-ն հիմք է ընդունում նաեւ Մինսկի խմբի բանակցությունները, որոնք ընթացքում են եւ վճռորոշ դեր են խաղում: «Իսկ Ալիեւի հետ վարած բանակցություններին մենք դրական ենք վերաբերվում եւ հավանություն ենք տվել, որոնք եւս ընթացիկ փուլում են եւ արդյունքն էր Պրահայի հանդիպումը», նշեց պրն Ապաթուրայը, հույս հայտնելով, որ շուտով, բավականին արագ կերպով ԼՂ-ի խնդրում նկատելի առաջընթաց կարձանագրվի:

Ի դեպ, Իսպանիայի եւ Ռուսաստանի լրագրողների հետաքրքրությունը մեծ էր Հայաստանի նկատմամբ, ասուլիսի վերջում Իսպանիայի լրագրողը խնդրեց մեր աջակցությունը` հատուկ հաղորդում պատրաստելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ:

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4