«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2009-05-29 | #99, 2009-05-30 | #100, 2009-06-02


ՌԻՆԱՏ ՋՈՒՄԱԲԱԵՎԸ ԳՅՈՒՄՐՈՒ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ

Չիբուխչյանին կշնորհվի գրոսմայստերի կոչում

Երեւանից դուրս շախմատային բարձր կարգի մրցաշարերի անցկացումը հույժ գնահատելի գաղափար է, որը Հայաստանի շախմատի ֆեդերացիան եւ շախմատային ակադեմիան երկրորդ տարին անընդմեջ իրականացնում են Շիրակի մարզկենտրոն Գյումրիում: Վերջինիս ընտրությունը թերեւս պայմանավորված է քաղաքի շախմատային ավանդույթներով եւ այստեղ դրանց հետագա զարգացումը խթանելու ցանկությամբ:

Մայիսի 23-31-ը անցկացված, ՖԻԴԵ-ի դասակարգմամբ 11-րդ կարգի «Գյումրի-2009» միջազգային մրցաշարը, որի 10 մասնակիցների թվում էին 5 գրոսմայստերներ եւ 4 միջազգային վարպետներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից ու Ղազախստանից, անցավ լարված եւ հետաքրքիր մարզական պայքարում: Արդեն չորրորդ տուրից դառնալով միանձնյա առաջատար եւ այլեւս չզիջելով դիրքերը, 9 հնարավորից վաստակած 7 միավորով մրցաշարի հաղթողի կոչումը արժանիորեն նվաճեց ղազախստանցի միջազգային վարպետ Ռինատ Ջումաբաեւը: Չկրելով ոչ մի պարտություն, նա հինգ պարտիա ավարտեց հաղթանակով, իսկ չորսում միավորը կիսեց մրցակցի հետ: Ռինատի հաջողությունը կրկնակի էր, որովհետեւ նա նաեւ արդեն երրորդ անգամ լրացրեց գրոսմայստերական նորմա:

Այդպիսի հաջողության հասավ նաեւ մեր միջազգային վարպետ Արթուր Չիբուխչյանը, որը վերջին տուրում խաղաղ դաշն կնքելով Արա Մինասյանի հետ եւ հավաքելով բաղձալի 6 միավորը, ոչ միայն մրցաշարում երկրորդը ճանաչվեց, այլեւ իր համար ապահովեց միջազգային գրոսմայստերի պատվավոր կոչումը: Մրցաշարի փակման ժամանակ գոհունակություն արտահայտելով այս առիթով, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը մասնավորապես նկատեց, որ Արթուրը ոչ միայն լավ շախմատիստ է, այլեւ Հայաստանի լավագույն մարզիչներից մեկը: Չիբուխչյանը եւս չկրեց ոչ մի պարտություն, նա երեք պարտիայում հաղթեց, վեցն ավարտեց ոչ-ոքի:

Մրցաշարում երրորդ տեղի հարցը եւս որոշվեց վերջին տուրում: Ի դեպ, այս տուրի մնացած չորս պարտիաներն էլ արդյունավետ ելք ունեցան: Հաղթելով մեր պատանի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանին, մրցաշարում ամենաբարձր անհատական վարկանիշն ունեցող, Գյումրիում երկրորդ տարին անընդմեջ հանդես եկող վրացի գրոսմայստեր Թամազ Գելաշվիլին 5,5 միավորով երրորդ-չորրորդ տեղերը կիսեց գյումրեցի Արա Մինասյանի հետ: Լրացուցիչ գործակիցների հաշվարկով երրորդ տեղը գրավեց Գելաշվիլին: Մինասյանի չորրորդ տեղը եւս մրցանակային էր:

Պավել Պանկրատովը (ՌԴ) եւ Գեւորգ Հարությունյանը 4-ական միավորով կիսեցին հինգերորդ-վեցերորդ, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը` 3,5-ական միավորով յոթերորդ-ութերորդ տեղերը: Վրաստանցի մեր հայրենակից, գրոսմայստեր Դավիթ Հարությունյանի եւ գյումրեցի միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանի արդյունքն էր 3-ական միավոր:

Միջազգային մրցաշարի հանդիսավոր փակման ժամանակ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, շախմատային ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը շնորհակալություն հայտնելով Շիրակի մարզպետարանին, տեղի տարբեր կառույցներին, կազմակերպություններին եւ առանձնապես Գյումրու քաղաքապետարանին` քաղաքում շախմատային այս կարեւոր իրադարձության կայացմանն աջակցության համար, նշեց. «Այսպիսի մրցաշարերից առաջ է գալիս այն մթնոլորտը, որտեղ հնարավոր է զարգացնել շախմատը, եւ այստեղից կարող են դուրս գալ մեծ շախմատիստներ»: Այս իմաստով պատահական չէր նաեւ Աճեմյանի անվան թատրոնի նույն շենքում Շիրակի մարզի պատանեկան շախմատային փառատոնի զուգահեռ անցկացումը 220-ից ավելի մասնակիցներով, որի արդյունքներն ամփոփվեցին միջազգային մրցաշարի հետ: Վերջինիս մասնակիցները եւս մրցանակներ էին սահմանել աչքի ընկած պատանի շախմատիստների համար:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4