«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2009-06-10 | #107, 2009-06-11 | #108, 2009-06-12


ԾԱՆՐ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՎԻՃԱԿԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պետերբուրգյան հանդիպմանը հաջորդած «տնային վերլուծություններից» Իլհամ Ալիեւը, կարծես, սկսել է հասկանալ, որ «մադրիդյան սկզբունքների» շուրջը բանակցային գործընթացի միակ տրամաբանական հանգրվան է դառնում Լեռնային Ղարաբաղի` միջազգայնորեն, այդ թվում` առաջին հերթին հենց իր երկրի կողմից ճանաչված այնպիսի կարգավիճակը, որը բացառում է ԼՂ-ի իրավաենթակայությունն Ադրբեջանին:

Չի կարելի բացառել, որ այդ կարգի նրբությունները հասկանալու համար նրան օգնել է թուրքական դիվանագիտությունը, թեեւ հավանական է, որ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտ Իլհամ Ալիեւը քաղաքականությունից այնքան բան է հասկանում, որքան իր հանգուցյալ հայրը, որը Քի Վեսթում փաստորեն համաձայնել էր միջնորդների առաջարկությանը, սակայն վերադառնալով Բաքու` դրժեց նախագահական խոստումը` պատճառաբանելով, թե «տանն իրեն նեղում են»:

Հայր Ալիեւին այն ժամանակ հասկացան ե՛ւ միջնորդները, ե՛ւ հայկական կողմը. մարդն, ի վերջո, չուներ ցմահ նախագահական մանդատ, բայց որդու պարագայում ինչ- որ բան այն չէ. չէ՞ որ ընդդիմությունը գլխովին ջախջախված է, եւ ինքն ունի անվերջ նախագահ «ընտրվելու սահմանադրական լիազորություն», իսկ երկրում սկսվել է «օրենսդրական բարեփոխումների» մի գործընթաց, որը եթե ավարտին հասցվի, կարծում ենք` անպայման կհասցվի, ապա Ադրբեջանի բոլոր «ընտրովի» պաշտոնյաներն ազատ կլինեն անընդմեջ ոչ ավելի, քան երկու ժամկետ իրենց տեղերում չմնալու գլխացավանքից: Օմբուդսմենի եւ գլխավոր դատախազի հարցն արդեն լուծված է, մյուսները, եթե կան, հերթի են կանգնած: Այնպես որ` «նեղելու» մասին հազիվ թե խոսք լինի:

Ըստ երեւույթին, բանակցությունների մասին Իլհամ Ալիեւը թյուր պատկերացում ունի:

Դրա վկայություն կարելի է համարել քարոզչական այն աղմուկը, որ Ադրբեջանում բարձրացավ պետերբուրգյան հանդիպումից անմիջապես հետո: Բոլորը միաբերան խոսում էին, որ հուլիսի սկզբներին Մոսկվայում կհավաքվեն Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահները, կհրավիրվեն նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները, եւ «եռյակը ճնշում կգործադրի Սերժ Սարգսյանի վրա»:

Դատելով, որ Ադրբեջանում ազատ մամուլ եւ սեփական տեսակետ ունեցող քաղաքական գործիչ ու վերլուծաբան չկա, պարզ է դառնում, որ դա հրահանգված էր Իլհամ Ալիեւի կողմից: Անցավ որոշ ժամանակ եւ Ադրբեջանում սկսեցին ըմբռնել, որ Միացյալ Նահանգների նախագահը Մոսկվա է գալիս բոլորովին այլ օրակարգով, որ Հարավային Կովկասի առումով ԱՄՆ-ի համար առաջնահերթություն է Վրաստանի խնդիրը, որ, վերջապես, «մոսկովյան գագաթաժողով» չի ծրագրվում, եւ ոչ ոք չի պատրաստվում ճնշում գործադրել Հայաստանի վրա:

Ադրբեջանցիների ոգեւորության վրա սառը ջուր մաղեց հատկապես Վաշինգտոնը: Նախ Մեթյու Բրայզան հայտարարեց, թե չի կարծում, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը համընկնի Օբամայի մոսկովյան այցին, ապա պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Երեւանում ասաց, որ ղարաբաղյան կարգավորումը պետք է հենված լինի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների վրա:

Այս իրավիճակում Իլհամ Ալիեւը ստիպված էր գործի լծել «բոլոր անբաններին»:

Առաջինը խոսեց Նովրուզ Մամեդովը, ով, փաստորեն, հերքեց արտաքին գործերի նախարար Մամեդյարովին, որը պետերբուրգյան հանդիպումը գնահատել էր «կառուցողական» եւ արձանագրել «առաջխաղացում»: Նովրուզ Մամեդովն, իհարկե, արտահայտում է Իլհամ Ալիեւի տեսակետը, որովհետեւ վերջինիս վարչակազմի արտաքին քաղաքական հարցերի պատասխանատուն է, բայց այդ դեպքում հարց է առաջանում` Մամեդյարովն ի՞ր, թե՞ Իլհամ Ալիեւի գնահատականն է հնչեցրել:

Իրավիճակի մեջ փորձեց պարզություն մտցնել փոխարտգործնախարար Ազիմովը` հայտարարելով, որ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել է միջնորդների առաջարկություններին, բայց անմիջապես էլ վերապահում արեց, որ իրենք «սպասում են Հայաստանի մտածողության փոփոխությանը»: Որ մտահանգումը բանականության հետ հեռավոր առնչություն չունի, ակնհայտ է, քանի որ Հայաստանի բանակցային մտածողությունը կառուցվում է «մադրիդյան սկզբունքների», այն է` համանախագահների առաջարկության վրա, որը եթե Ադրբեջանն էլ ընդունում է, ապա Ազիմովի սպասումները լիովին անտրամաբանական են:

Այսպիսով, պարզ է, որ հերթական անգամ Ադրբեջանը կանգնած է երկընտրանքի առաջ. գնա՞լ, թե՞ չգնալ խաղաղ կարգավորման: Ծանրության նժարն, իհարկե, թեքվում է «չգնալու» տարբերակին, բայց այստեղ էլ ծագում է նոր հարց. «Ինչպե՞ս պատճառաբանել»:

Պաշտոնական Բաքուն քննադատության սլաքն ուղղել է համանախագահ երկրներից հատկապես Ֆրանսիային, իսկ առհասարակ` միջազգային միջնորդներին: Ֆրանսիային մանդատից «զրկելու» գաղափար հնչել է Ադրբեջանի խորհրդարանում: Առիթն այդ երկրի Ազգային ժողովի պատգամավոր Ռոշբլուանի այցն էր ԼՂՀ: Բայց ադրբեջանական հիստերիան վկայում է, որ Իլհամ Ալիեւը խնդիր է դրել, որ Մինսկի խմբի համանախագահության նկատմամբ ձեւավորվի «անվստահություն»: Ընդդիմության վրա արդեն հույս դնել անհնար է` նրան ոչ ոք չի հավատա, եթե ասի, որ Հայաստանի հետ համաձայնության գալու դեպքում ներքաղաքական սրացումներ կլինեն, ուստի մնացել է «հանրային լայն դժգոհության գործոնը»:

Հնարավո՞ր է օգտագործել այդ խաղաքարտը:

Այլ հանգամանքներում` գուցե, բայց այսօր` հազիվ թե, քանի որ «մադրիդյան սկզբունքները» պետք է որ հիմնականում բավարարեն ադրբեջանական հանրությանը: Համենայն դեպս, միջնորդներն իրավունք ունեն կասկածելու Ադրբեջանի անկեղծությանը, եթե Բաքուն փորձի այդ կերպ սառեցնել բանակցային գործընթացը: Այդ իսկ պատճառով Իլհամ Ալիեւն ընտրել է «պահեստային տարբերակ»: Կառավարող կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը բարձրացրել է Մինսկի խմբում «պարիտետ ստեղծելու» հարցը: Ըստ Ահմեդովի` համանախագահ երկրներից ոմանք կամ մեկը «պաշտպանում է (են) Հայաստանի դիրքորոշումը», ուստի հարկ է, որ Թուրքիան նույնպես ստանա համանախագահության մանդատ: Եզրակացությունը պարզ է` որպեսզի «Թուրքիան էլ պաշտպանի Ադրբեջանի շահը»:

Ահմեդովն, իհարկե, նենգափոխում է իր իսկ անմիջական շեֆին` Իլհամ Ալիեւին, որը բազմիցս է հավաստիացրել ադրբեջանական հանրությանը, որ համանախագահ երկրներն ընդունում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ուստի «Հայաստանն այլ ելք չունի, քան համակերպվել իրողություններին»: Ստացվում է, որ երկրի նախագահը տարիներ շարունակ խաբե՞լ է ժողվրդին: Երկու ճշմարտություն չի լինում` կամ Իլհամ Ալիեւն է ստում, կամ` Ալի Ահմեդովը:

Բայց կա մի նրբություն. «մադրիդյան սկզբունքները», հավանաբար, ենթադրում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարգում, բայց` առանց Լեռնային Ղարաբաղի եւ հարակից որոշ տարածքների: Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, մասնավորապես, կարծում է, որ ենթադրվում է «Ադրբեջանին վերադարձնել հինգ-վեց շրջան, փախստականների վերադարձ, կոմունիկացիաների գործարկում եւ ԼՂ կարգավիճակի ճշտում հանրաքվեի միջոցով»: Ալիզադեն համարում է, որ հայկական կողմը պնդում է, որպեսզի նախնական համաձայնության մեջ ներառնվի նաեւ հանրաքվեի անցկացման ժամկետը, իսկ Ադրբեջանը համարում է, որ այդ խնդիրը «պետք է ապագայում լուծվի»: Ըստ քաղաքագետի, ներկա փուլում տարաձայնությունների առանցքը դա է:

Խոսել Թուրքիայի` ՄԽ համանախագահ դառնալու նպատակահարմարությունից, նշանակում է ակնհայտորեն ակնարկել բանակցությունները տապալելու ցանկության մասին, որովհետեւ ոչ միայն Հայաստանը, այլեւ իրենք` ներկա համանախագահները չեն ընդունի այդ գաղափարը: Առանց այդ էլ Թուրքիան բավական «խորացել է» Հարավային Կովկասի հարցերում, ինչը, բնականաբար, չի պատշաճում այդ երկրի ո՛չ միջազգային հեղինակությանը, ո՛չ հնարավորություններին:

Մնում է պարզապես հուսալ, որ Իլհամ Ալիեւը իր մեջ բավարար ուժ կգտնի` անցնելու այն ճանապարհը, որ իր համար նախագծել է «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւը: Չէ՞ որ հենց նա է երկրի խորհրդարանում անցկացված քննարկումներում խոստովանել, որ անմտություն է կարծել, թե Լեռնային Ղարաբաղը կհամաձայնի վերադառնալ այն կարգավիճակին, որ ունեցել է Խորհրդային Ադրբեջանի կազմում: Հայր Ալիեւը չկարողացավ մինչեւ վերջ գնալ, որովհետեւ որդուն նախագահ դարձնելու գերխնդիր ուներ: Որդին այդ ցավից ազատ է այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել հոր, իսկ կրտսեր Հեյդար Ալիեւը` նախագահական հավակնությունների տարիքին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4