«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2009-07-03 | #124, 2009-07-04 | #125, 2009-07-07


ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԱԼԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻՆ

Առլինգտոն քաղաքը (Վիրջինիայի նահանգ, ԱՄՆ) հարգանքի տուրք է մատուցել իր ամենանշանավոր զավակինՙ մեծ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսին (1911-2000) եւ մայիսի 17-ը հռչակել է «Ալան Հովհաննեսի օր»:

Բացի դրանից, Հիշատակի հանձնախումբը մայիսի 20-ին նույն քաղաքի կենտրոնում կատարել է կոմպոզիտորի հուշարձանի բացումը: Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել պաշտոնական անձինք եւ հանրահայտ գործիչներ:

Ալան Հովհաննեսի հիշատակին նվիրված միջոցառումների շարքը սկսվել էր 2008-ի հոկտեմբերի 5-ին Հայկական մշակութային հաստատությունում կազմակերպված մի համերգով:

Կոմպոզիտորի 2-րդ սիմֆոնիայի («Բոլոր մարդիկ եղբայրներ են») անվանումը կարգախոս դարձրած մի մրցավազք է անցկացվել մայիսինՙ Մոնթ Մոնադնոկից (Նյու Հեմփշիր) դեպի Առլինգտոն:

Մայիսի 17-ին Առլինգտոնի քաղաքապետարանում տեղի է ունեցել նվագախմբային համերգ (դիրիժորՙ Պասկուալի Տասսոնե, դաշնակահարներՙ Մարտին Բերկովսկի եւ Անի Հովսեփյան):

Ալան Հովհաննեսը մեծացել է Առլինգտոնում: Արդեն միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին հորինել է երկու օպերետ եւ այլ ստեղծագործություններ: Ավելի ուշ գրել է 67 սիմֆոնիա եւ հարյուրավոր այլ երկեր: 1991-ի հոկտեմբերին նշանավոր «Քարնեգի հոլում» նշվել է նրա 80-ամյակը աշխարհի բոլոր կողմերից եկած երաժիշտների, կոմպոզիտորների, դիրիժորների մասնակցությամբ:

Ենթադրվում է, որ Ալան Հովհաննեսի հիշատակին նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչեւ 2011 թվականըՙ նրա ծննդյան 100-ամյակի տարին:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4