«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2009-08-25 | #151, 2009-08-26 | #152, 2009-08-27


ԳՆԱ՞Լ, ԹԵ՞ ՉԳՆԱԼ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

«Լինե՞լ, թե՞ չլինել»: Շեքսպիրյան այս երկընտրանքի նման այժմ դժվարին մի հարց է կախված Հայաստանի կամ, ավելի ճիշտ կլիներ ասել, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավերեւում: Գնա՞լ, թե՞ չգնալ:

Անցյալ տարի Ռուսաստանի եւ Մ. Նահանգների ճնշումների ներքո նախագահ Սարգսյանը մի խիզախ քայլ կատարեցՙ հրավիրելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Երեւանՙ դիտելու երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների խաղը: Ստեղծվեց էյֆորիայի եւ կասկածի մի մթնոլորտ, որն, ըստ որոշ մեկնաբանների, պետք է նոր դռներ բացեր երկու երկրների բազմաբնույթ խնդիրներով հագեցած հարաբերություններում: Ակնկալված նոր հորիզոններից մեկը Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացումն էր, դիվանագիտական նորմալ հարաբերությունների հաստատումը եւ սահմանի բացումը:

Թուրքական կողմը չափազանց շրջահայաց էր իր գործողություններում: Անկարան հայկական կողմին անորոշության մեջ պահեց մինչեւ վերջին պահը եւ, ի վերջո, երբ նախագահ Գյուլը որոշեց այցելել Հայաստան, նրա մեքենան անցավ վրացական տարածքով, որպեսզի չհատեր հայ-թուրքական սահմանը:

Գյուլի այցելությունից հետո մի շարք դեպքեր տեղի ունեցան, բոլորն, ի դեպ, Թուրքիային ի նպաստ: Թուրքիան մեծ հեղինակություն վաստակեց որպես խաղաղարարՙ կովկասյան տարածաշրջանում, որն իր հերթին կրկնապատկեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամ դառնալու նրա հնարավորությունները: Նաեւ մի կեղծ առաջընթաց ձեւավորվեց, որն Օբաման, որպես քողածածկ օգտագործելով, փորձեց արդարացնել իր կողմից «ցեղասպանություն» բառի չօգտագործումը: Եվրոպական ճակատում ողջունեցին կատարվածը:

Այս բոլոր զարգացումները, սակայն, բացասաբար անդրադարձան Հայաստանի արտաքին քաղաքականության վրա:

Ներպետական շրջանակներում կառավարող կոալիցիան քայքայվեց ՀՅԴ կուսակցության հրաժարականով: Հարաբերությունները կոալիցիայում մնացած երկու կուսակցությունների միջեւ լարվեցին:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող հետագա բանակցություններում, այնուամենայնիվ, հաջողվեց ձեռք բերել գոնե մեկՙ բանակցություններն առանց նախապայմանների շարունակելու համաձայնություն: Սակայն շատ չանցած այդ համաձայնությունն էլ ի չիք դարձավ, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը այցելեց Բաքու եւ այնտեղ հայտարարեց, որ Հայաստանի հետ սահմանները չեն բացվի, մինչեւ լուծում չգտնի Լեռնային Ղարաբաղի հարցը: Նույնիսկ Մեթյու Բրայզան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, խոստովանեց, որ բանակցությունները փակուղի են մտել: Անգլիական «Էկոնոմիստ» շաբաթաթերթը հաստատեց, որ Թուրքիան հաղթանակած էր դուրս եկել այս բոլոր դիվանագիտական խաղերից:

Նախագահ Սերժ Սարգսյանն ի վերջո գիտակցեց, որ Հայաստանն ակամա Թուրքիային էր պարգեւել քարոզչություն ծավալելու մի հնարավորություն, առանց փոխարենը որեւէ բան ձեռք բերելու: Նա հրապարակայնորեն քննադատեց Թուրքիայի կողմից պայմանավորվածության չկատարումը, սահմանելով հոկտեմբերի 14-ին Թուրքիա մեկնելու իր սեփական նախապայմանը: Նա ասաց, որ երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների խաղը դիտելու նպատակով Թուրքիա կմեկնի, եթե, ըստ նախնական համաձայնության, սահմանները բաց լինեն:

Ակնկալվում էր, որ ֆուտբոլային այս դիվանագիտությունը կունենա Չինաստանի հետ ԱՄՆ-ի նախագահ Նիքսոնիՙ սեղանի թենիսի դիվանագիտության ելքը, որով սկիզբ դրվեց երկու երկրների հաշտեցմանը, եւ հարթվեց սառը պատերազմին վերջ դնելու ճանապարհը: Բայց այս անգամ նման ելք չարձանագրվեց, որովհետեւ ֆուտբոլային դիվանագիտությամբ զբաղվող երկու կողմերը ուժային տեսակետից հավասար չէին:

Այդուհանդերձ, հոկտեմբերի 14-ը սարերի հետեւում չէ, եւ ճնշումը ավելանում է նախագահ Սերժ Սարգսյանի վրաՙ մինչեւ վերջ հասցնելու իր իսկ սկսած նախաձեռնությունը: Երկընտրանքը պարզ ու հստակ է. եթե գնաՙ կշտամբելու են, եթե չգնաՙ դարձյալ կշտամբելու են:

Թվում է, թե հայկական կողմն ընկել է իր իսկ լարած թակարդի մեջ: Թուրքիա այցելությունը շարունակելու է ավելացնել Թուրքիայի վարկանիշը որպես խաղաղարարիՙ առանց փոխարենը որեւէ զիջում կատարելու: Իսկ եթե նախագահ Սարգսյանը հրաժարվի գնալուց, նա անտեսած է լինելու Թուրքիայի բարի կամեցողության ժեստը:

Թուրք ղեկավարները հայտնի են դիվանագիտական խաղեր կատարելու իրենց վարպետությամբ: Նրանք կարողանում են իրենց զոհերին գցել նրանց իսկ լարած թակարդի մեջ:

Շատ ժամանակ չի անցել այն օրվանից, երբ Եվրոմիությունը պարտավորեցրեց Թուրքիային բացել նավահանգիստները կիպրական նավերի առաջ: Անկարան «ոտը կախ գցեց» մինչեւ վերջին րոպեն եւ հետո էլ հայտարարեց, որ կբացի միայն մեկ նավահանգիստ, որի անունը կպարզի հետագայում:

Հնարավոր է, որ թուրքական կառավարությունը նույն խաղը խաղա Հայաստանի հետՙ թույլատրելով, որ Հայաստանի նախագահը հատի հայ-թուրքական սահմանը, եւ անմիջապես հետո դարձյալ փակի այն:

Անցյալ ապրիլին, երբ Մ. Նահանգների նախագահ Օբաման հանդիպեց Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտգործնախարարների հետ վերջինիս երկրում, նա խրախուսեց հաշտեցումը, եւ ստորագրվեց մի չարաբաստիկ փաստաթուղթ երկու կողմերի միջեւՙ ցեղասպանության տարելիցի նախօրեին:

Որպես շարունակություն այդ «հատվածի», իրՙ վերջերս տարածաշրջան կատարած այցելության ժամանակ Մեթյու Բրայզան հայտարարեց, թե «Մ. Նահանգները հույս ունի, որ նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Թուրքիա հոկտեմբերինՙ շարունակելու Անկարայի հետ սկսված ֆուտբոլային դիվանագիտության ամրապնդումը»:

Մյուս կողմիցՙ տարածաշրջանային դիվանագիտության մեջ մի նոր շրջադարձ է նկատվում վարչապետ Պուտինիՙ վերջերս Թուրքիա կատարած այցելությունից եւ այնտեղ էներգետիկայի բնագավառի մի քանի կարեւոր պայմանագրերի ստորագրումից հետո: Հայտարարվեց, որ Ռուսաստանը դառնում է Թուրքիայի ամենախոշոր առեւտրային գործընկերը երկու երկրների միջեւ կատարվող տարեկան 33 միլիարդ դոլարի առեւտրական գործարքներով: Նման պայմաններում, անշուշտ, Մոսկվան չպիտի ցանկանար տեսնել, որ Կովկասում իր միակ դաշնակիցը տարաձայնություններ ունի Թուրքիայի հետ:

Մ. Նահանգների եւ Ռուսաստանի ճնշումները կարող են ստիպել նախագահ Սարգսյանին մեկնել Թուրքիա, անկախ իր ցանկությունից: Բայց նա կարող է այնպիսի դիրք ընդունել, որ թույլ չտա Թուրքիային քաղելու հավելյալ դափնիներ այս դիվանագիտական խաղերիցՙ առանց որեւէ զիջումներ կատարելու: Եթե պարզվի, որ այս անգամ էլ խոսքը սոսկ ֆուտբոլային խաղի մասին է, առանց շոշափելի արդյունքների, ապա նախագահ Սարգսյանը պետք է տեղն ու տեղը հայտնի իր հուսախաբությունը այն իրավիճակից, որ հակառակ Հայաստանի ցուցաբերած բարի կամեցողության, Թուրքիան շարունակում է անդրդվելիորեն առաջ տանել շրջափակման, նախապայմանների եւ շանտաժի իր քաղաքականությունը: Նման հայտարարությունը կքողազերծի Թուրքիայի երկերեսանիությունը եւ անվստահելիությունը, իսկ Հայաստանը բան չի կորցնի դրանից:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4