«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2009-08-28 | #154, 2009-08-29 | #155, 2009-09-01


ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՓԻԼԻՍՈՓԱ ԿԱՐՊԻՍ ՔՈՐԹՅԱՆԸ

Օգոստոսի 28-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել փիլիսոփա Կարպիս Քորթյանի հուղարկավորության արարողությունը: Նա հայտնի մտավորական էր ոչ միայն սփյուռքում (մասնավորապես Ֆրանսիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում եւ Սիրիայում), այլեւ Հայաստանում, ուր պատրաստվում էր ժամանել սեպտեմբերի սկզբներին` վեց շաբաթ դասավանդելու նպատակով, ինչպես խոստացել էր անցյալ տարիՙ «Ազգի» հետ ունեցած հարցազրույցում:

Համառոտակի ներկայացնենք նրա կյանքը եւ գործունեությունը: Ծնվել է 1938 թ. փետրվարի 15-ին Քեսաբում (Սիրիա): Կիլիկիայի ծայրամասում` Ալեքսանդրետի սանջակում գտնվող Քեսաբն այն ժամանակ դեռ Ֆրանսիայի հովանավորության տակ էր: Կարպիսը սովորում է Անթիլիասի դպրեվանքում, որի այն ժամանակվա ղեկավարը հետագայում դառնալու էր Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոս: Այնուհետեւ Բեյրութի Նշան Փալանջյան ճեմարանում սովորելիս Կարպիսը աչքի է ընկնում փայլուն առաջադիմությամբ, դառնալով Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի հովանավորյալը եւ բարեկամը: Կծու հումորով հայտնի այդ գործիչը իր կյանքի մայրամուտին գրեթե կուրացել էր եւ հանդես էր գալիս միջազգային լուրերի մեկնաբանություններով, իսկ Կարպիսը նրա համար ամեն օր ընթերցում էր օտար մամուլը եւ մասնավորապես Փարիզի «Մոնդ» թերթը:

Վրացյանը նրան հորդորում է փիլիսոփայություն ուսանել Հայդելբերգում (Գերմանիա) եւ Վիեննայում (Ավստրիա): Փիլիսոփայության դոկտորի կոչում ստանալով` Կարպիս Քորթյանն աշխատում է Մոնրեալի (Կանադա) համալսարանում մինչեւ իր կարիերայի վերջը, միաժամանակ կատարելով Օքսֆորդի Balliol College-ի գիտական խորհրդի անդամի պարտականությունները:

Կարպիս Քորթյանը հեղինակել է Ֆրանկֆուրտի փիլիսոփայական դպրոցին նվիրված «Մետակրիտիկա» աշխատությունը, բայց անավարտ է թողել Կանտին եւ Հեգելին նվիրված երեք խոշոր հատորներ: Քորթյանը մտադրվել էր առաջիկա աշնանը հրապարակել առավելապես Critique հանդեսում լույս տեսած իր գլխավոր հոդվածների ժողովածուն: Նա թեեւ խուսափում էր ներհամայնքային կյանքի սահմանափակությունից, բայց միշտ հիշում էր սեփական արմատները, Քեսաբի բարբառը, որը հայերենի ամենադժվար խոսվածքներից մեկն է Ղարաբաղի բարբառի հետ մեկտեղ:

Քորթյանը կարողանում էր դասավանդել ֆրանսերենով, գերմաներենով, անգլերենով, ինչպես նաեւ հայերենով: Շփվելով իր ժամանակի խոշորագույն փիլիսոփաների հետ, նա եվրոպացի եւ անգլո-սաքսոն մտավորականներին մասնակից էր դարձնում 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Հայազգի փիլիսոփան հեղինակավոր անձանց ստորագրությունները կրող միջազգային մի շարք հանրագրեր նախաձեռնեց 1984 թ. ապրիլին Փարիզում անցկացված Ժողովուրդների մշտական տրիբունալի նստաշրջանի կապակցությամբ: 1988-ին նա մտավորականների եռալեզու (ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն) հանրագիր նախաձեռնեց Սումգայիթի ջարդերի դատապարտման նպատակով:

Բանավեճերի սիրահար, ջերմ ու սրտաբաց Քորթյանը մեծ տպավորություն է գործել իր հետ շփված բոլոր անձանց վրա: Նա խորապես ազդվեց իր բարեկամ Լեշեկ Կոլադովսկու մահից եւ անչափ ծանր տարավ մեկ ուրիշ մեծ բարեկամի` Ջիվան Թաբիբյանի վախճանը:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4