«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2009-08-29 | #155, 2009-09-01 | #156, 2009-09-02


ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ՄԵՐՁԵՑՈՒՄ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔՈՎ

Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը սեպտեմբերի 1-ին վերլուծական նյութ է հրապարակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի վերաբերյալ, մասնավորապես նշելով, որ երկու երկրների սահմանը բացելու որոշումը «թեթեւ տարակուսանք» է առաջացրել Ադրբեջանում:

Երկար տարիներ տեւած լարված հարաբերություններից հետո կողմերը որոշել են բացել հայ-թուրքական սահմանը: Հայաստանի ԱԳՆ-ի հաղորդման համաձայն, սահմանը պետք է բացվի «Երկու երկրների հարաբերությունների զարգացման արձանագրության» կիրարկումից հետո երկու ամսվա ընթացքում:

«Ինտերֆաքսը» նշում է, որ կիրարկումից երկու ամիս հետո Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների ղեկավարությամբ աշխատանքային խումբ կստեղծվի միջկառավարական հանձնաժողովի եւ դրա ենթահանձնաժողովների աշխատակարգի մշակման նպատակով:

Ստորագրված է նաեւ արձանագրություն «դիվանագիտական հարաբերություններ հաստատելու» վերաբերյալ: Բացի դրանից, ստեղծվելու է նաեւ պատմության հարցերի ենթահանձնաժողով, որը մասնավորապես կզբաղվի «պատմական վավերագրերի եւ արխիվների անկանխակալ ճշգրտման եւ առաջարկությունների ձեւակերպման համար երկու ժողովուրդների միջեւ վստահության վերականգմանն ուղղված երկխոսության իրականացմամբ»:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը վերաբերող արձանագրության մեջ նշվում է, որ երկու երկրները համաձայնել են դիվանագիտական հարաբերություններ հաստատել Վիեննայի 1961 թ. միջազգագրի հիման վրա եւ դիվանագիտական ներկայացուցչություններ փոխանակել տվյալ արձանագրության ստորագրումից անմիջապես հետո:

Հիշյալ երկու արձանագրությունները նախաստորագրվել էին Շվեյցարիայի միջնորդությամբ անցկացված հայ-թուրքական բանակցությունների ժամանակ: «Ինտերֆաքսի» տվյալներով, ներքաղաքական խորհրդակցությունները պետք է ավարտվեն վեց շաբաթվա ընթացքում: Դրանից հետո երկու փաստաթղթերը կստորագրվեն եւ վավերացման կդրվեն երկու երկրների խորհրդարաններում, գործակալությանը հայտնել են ՀՀ ԱԳՆ-ում:

Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլխան Պոլուխովը երեքշաբթի օրը «Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալությանը հայտարարեց, թե նախքան Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հայ-թուրքական սահմանը բացելը հակասում է Ադրբեջանի շահերին:

Միեւնույն ժամանակ դիվանագետը հիշեցրել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի այն խոսքերը, թե Թուրքիան սահմանի վերաբացման հարցում «որեւէ քայլ չի ձեռնարկի առանց Ադրբեջանի հավանության»:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4