«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2009-09-05 | #160, 2009-09-08 | #161, 2009-09-09


ՌԱԿ ԱՄՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՇՐՋԱՆԻ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱՄԱԿԸ ՆԱԽԱԳԱՀ ՕԲԱՄԱՅԻՆ

Հարգարժան պարոն նախագահ,

Ձեր ընտրությունըՙ որպես աշխարհի ամենահզոր երկրի առաջնորդ, վերականգնեց Ամերիկայի հուսալիությունը ժողովուրդների մեջ, եւ երկիրը դրեց իր հիմնադիր հայրերի գծած ճիշտ ուղու վրա:

Հավատացած ենք, որ Ձեր տեսլականի շնորհիվ հնարավոր է լինելու խաղաղություն հաստատել աշխարհում եւ բարգավաճումՙ երկրի ներսում, որովհետեւ Ձեր քաղաքականությունը համապատասխանեցնում է ռազմական հզորությունն Ամերիկայի բարոյական արժեքներին:

Այդ տեսլականն էր, որ ոգեւորեց բոլոր հայերին եւ օգնեց, որ Ձեր վարչակազմը ջախջախիչ հաղթանակ արձանագրի ընտրություններում:

Մեկ միլիոն հաշվվող ամերիկահայ համայնքը զորակոչի ենթարկվեց նաեւ մեզ ամենաշատը մտահոգող հարցերի շուրջը մեր հաստատակամ դիրքորոշումները:

Որպես սենատորՙ Ձեր գործողությունները եւ որպես նախագահական թեկնածուՙ Ձեր խոստումը կասկածի տեղ չթողեցին, որ այս անգամ բարոյական հաստատակամությունը կգերազանցի քաղաքական նպատակահարմարությանը:

Չափազանց վստահեցնող էր հատկապես Ձեր 2007-ի ապրիլի 12-ին արտասանած հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասվում էր. «Նրանց համար, ովքեր անտեղյակ են, որ իրոք ցեղասպանություն է գործադրվել հայ ժողովրդի հանդեպ, նշենք, որ դա մեկն է այն իրադարձություններից, որտեղ մենք տեւական ժխտում ենք նկատում թուրքական կառավարության եւ այլոց կողմից»:

Զոհերի հիշատակի օրվա առթիվ արտասանած 2009-ի ապրիլյան Ձեր հայտարարությունը դժբախտաբար նահանջ էր Ձեր նախկին խոստումներից, որը թույլ տվեց թուրքական կառավարությանը ձեւացնել, թե առաջընթաց է արձանագրվել հայ-թուրքական հարաբերություններում եւ ապա հետ քաշվել:

Այդուհանդերձ, վստահ ենք, որ Անկարայում Ձեր մյուս հրապարակային եւ անձնական հայտարարություններն ու Ձեր վարչակազմի համապատասխան քաղաքական գործողություններն իրոք փոփոխություն են առաջացրել Թուրքիայի քաղաքականության երկարամյա քարացածության մեջ: Հավատացած ենք, որ այդ փոփոխությունները չեն կանգնի Ձեր խոստումները կատարելու ճանապարհին եւ թույլ չեն տա, որ թուրք քաղաքագետները խուսափողական հնարքներ որոնեն Հայաստանի տատանումներում:

Արդեն քանի տարի էՙ չի հաստատվում այն կանխատեսումը, որ «ցեղասպանություն» բառի օգտագործումը կարող է վնասել թուրք-ամերիկյան հարաբերություններին: Ամեն անգամ, որ Թուրքիան այդ ուղղությամբ քայլ է անում, Ամերիկայի բարոյական սկզբունքների համակարգն է վարկաբեկվում: Թարախակալված վերքերը թաքցնելը չի նպաստում դրանց բուժմանը:

Ձեր ղեկավարության շնորհիվ, օգոստոսի 31-ին հրապարակվեցին Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտգործնախարարների արձանագրությունները: Այդ առաջընթացները չպետք է թույլ տան խախտել Ամերիկայի բարոյական դիրքը, ոչ էլ նրա արժանահավատ արտաքին քաղաքականությունը:

Մենք պահանջում ենք, որ ամբողջ կովկասյան տարածաշրջանի համար այս ճգնաժամային փուլում թուրք ղեկավարներին կանգնեցնենք պատմական ճշմարտության առաջ: Դա նպաստելու է առաջին հերթին բուժելու թուրք ժողովրդի պատմության խոր վերքերը, դրանով իսկ հիմք դնելով ճշմարիտ ժողովրդավարության, որը ձգտում է անդամակցել քաղաքակիրթ ժողովուրդների ընտանիքին:

Հավատացած ենք, որ դա նաեւ կլինի համահունչ Ամերիկայի առաջնորդի Ձեր խղճին եւ կնպաստի, որ Հայաստանի տարածքն իր արժանի եւ արժանավոր տեղը զբաղեցնի այս աշխարհում:

Անկեղծորենՙ

ԵՐՎԱՆԴ (ԷԴՄՈՆԴ) ԱԶԱՏՅԱՆ, Համանախագահ
ԲԱԲԿԵՆ ՄԿՐՅԱՆ, Համանախագահ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4