ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2009-08-01 | #8, 2009-08-29 | #9, 2009-09-12


ՄԵԾԱՎԱՍՏԱԿ ԲԱՆԱԳԵՏ-ՀԱՅԱԳԵՏԸՙ ԱՐԱՄ ՂԱՆԱԼԱՆՅԱՆ

ՍԱՐԳԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Ծնվել է Ախալցխայում 1909 թվականի փետրվարի 12-ին, սովորել է նախ հայրենի քաղաքում, ապա ուսումը շարունակել է Թիֆլիսի 72-րդ միջնակարգ դպրոցում: 1927-ին ընդունվում է Երեւանի պետհամալսարանի պատմագրական ֆակուլտետըՙ աշակերտելով ժամանակի անվանի հայագետներ Մանուկ Աբեղյանին, Հրաչյա Աճառյանին, Գրիգոր Ղափանցյանին, Արսեն Տերտերյանին: Չորրորդ կուրսում նա մասնագիտանում է ժողովրդական բանահյուսության մեջ եւ Մ. Աբեղյանի խորհուրդներով ու ցուցումներով զբաղվում բանագիտական ուսումնասիրություններով: Եվ այստեղ էլ Աբեղյանը նրան խորհուրդ է տալիս բանագիտական ուսումնասիրություններ սկսելուց առաջ կազմել հայ բանահյուսության մանրամասն մատենագիտությունը, որը կդառնար գալիք հետազոտությունների փաստագրական հիմքը: 1932 թվականին իր համալսարանական դասախոս Ցոլակ Խանզադյանի հանձնարարականով եւ Կ. Մելիք-Օհանջանյանի օժանդակությամբ Ա. Ղանալանյանն աշխատանքի է ընդունվում Հայաստանի նյութական մշակույթի պատմության ինստիտուտ, որով իսկ սկիզբ է դրվում նրա գիտահետազոտական գործունեությանը: Սկզբում կրտսեր, ապա ավագ գիտաշխատողի պաշտոններով նա աշխատում է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական բաժանմունքի (Արմֆան) տարբեր անուններով կոչվող տարբեր ինստիտուտներում, իսկ 1943 թվականից, երբ կազմակերպվում է Հայաստանի գիտությունների ակադեմիան, նա նշանակվում է գրականության ինստիտուտի ժողովրդական բանահյուսության բաժնի վարիչ եւ շուրջ 16 տարի վարում է այդ պաշտոնը (1943-1959 թթ.)ՙ ուղղություն տալով խորհրդահայ բանագիտական մտքի զարգացմանը: 1941-ին պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն ( «Աբովյանը եւ ժողովրդական բանահյուսությունը» ), 1970-ինՙ դոկտորական ատենախոսություն ( «Հայ ժողովրդական ավանդությունները» ): Իր գիտական ծանրակշիռ վաստակի համար Ա. Ղանալանյանը 1965-ին ընտրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 1977-ինՙ ակադեմիկոս: 1967-ին նրան շնորհվում է գիտության վաստակավոր գործչի պատվանուն: Վախճանվել է Երեւանում, 1983 թվականին:

Ա. Ղանալանյանը երկար ժամանակ ժողովրդական բանահյուսություն է դասավանդել Երեւանի պետական համալսարանում, Խ. Աբովյանի անվ. մանկավարժական, հեռակա մանկավարժական ինստիտուտներում:

Իր գիտակազմակերպական արդյունավետ աշխատանքներին զուգահեռ, նա այդ տարիներին դառնում է բանագիտական կադրերի ամենաարդյունավետ պատրաստողը եւ անցյալ դարի կեսերի բանագետների սերնդի մեծամասնությունը եղել է Ա. Ղանալանյանի աշակերտներն ու հետնորդները: Նա երկար տարիներ եղել է «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագրի տեղակալ:

Ա. Ղանալանյանը կյանքի նոր պայմաններում շարունակողն ու զարգացնողը եղավ հայ բանագիտության դասական ավանդների, որոնց սկզբնավորողներից մեծագույնը իր սիրելի ուսուցչապետ Մանուկ Աբեղյանն էր:

Աշխատանքի անցնելով Հայաստանի նյութական մշակույթի պատմության ինստիտուտումՙ նա պրոֆեսոր Կ. Մելիք-Օհանջանյանի խորհրդով ու ղեկավար ցուցումով ձեռնարկում է բանահյուսական արխիվում պահվող Երվանդ Լալայանի բանահավաքչական արշավախմբի կողմից 1915-16 թթ. ընթացքում արեւմտահայ գաղթականներից գրառած 1000 ժողովրդական հեքիաթների սյուժետային համաբարբառի կազմումը, որը սկսնակ բանագետի համար սեւագործ, բայց խիստ կարեւոր աշխատանք էր:

Ա. Ղանալանյանի բանագիտական գործունեությունն ընթացել է մի քանի ուղղություններով. բանահյուսական առանձին ժանրերի համահավաք բնագրերի պատրաստում եւ հետազոտություն, հայ գրականության եւ բանահյուսության փոխադարձ կապերի ուսումնասիրություն, հայագիտության եւ հայ բանագիտության պատմության առանձին դեմքերի եւ իրողությունների հետազոտություն եւ հայ բանահյուսության առանձին երեւույթների եւ կերպարների նվիրված գիտահանրամատչելի նյութերի հրապարակում եւ ուսումնասիրություն:

Շարունակելով իր ուսուցչապետների եւ ավագ խորհրդատուների ցուցումների իրագործումըՙ Ա. Ղանալանյանը հենց նույն, 1930-ական թվականների ընթացքում նախաձեռնում է մի ինքնատիպ բանագիտական աշխատության իրականացումըՙ «Հայ շինականի աշխատանքի երգերը» (1937): Սույն աշխատության գաղափարը, անշուշտ, թելադրված էր 1930-ական թթ. սկզբին սկսված «Սասնա ծռեր» հերոսավեպի տարբերակ պատումների համահավաք գիտական հրատարակության փորձովՙ իրականացված Մ. Աբեղյանի եւ Կ. Մելիք-Օհանջանյանի կողմից: «Հայ շինականի աշխատանքի երգերը» աշխատությունն աչքի էր ընկնում ոչ միայն թեմայի առաջնեկությամբ, այլեւ իր տեքստաբանական բանագիտական կառուցվածքով: Նախ այստեղ տեքստաբանորեն ի մի են բերված մինչեւ 1930-ական թվականները գրառված աշխատանքային երգերըՙ իրենց տարբերակներովՙ ենթարկված բնագրագիտական որոշակի սկզբունքների եւ համակարգված ըստ աշխատանքի տեսակների: Սա, կարելի է ասել, Ա. Ղանալանյանի առաջին սխրանքն էր հայ բանագիտության բնագավառում, որ տակավին ձեռագիր վիճակում արժանանում է Մելգոնյան մրցանակի (1935):

Ա. Ղանալանյանի հաջորդ սխրանքն է դառնում հայկական առած-ասացվածքների գիտական համահավաքի ստեղծումը: 1940-ական թվականներին նախաձեռնելով այդ գործի իրականացումը, որն Աբեղյանի կողմից բնորոշվեց խիստ կարեւոր, բայց «շատ դժվար գործ»: Այն հրատարակվեց 1951 թվականին «Հայկական առածանի» խորագրով եւ ընդգրկում էր հայ ժողովրդական իմաստությունների ասույթաբանական ժառանգությունՙ առածներն ու ասացվածքները:

Հայ իրականության մեջ առաջին անգամ էր ի մի բերվում դարերի միջով անցած իմաստուն ասույթների մեծագույն ժառանգությունըՙ ենթարկված գիտատեքստաբանական որոշակի սկզբունքների : Դա առած-ասացվածքների մի հարուստ գանձարան էր, որ սկզբից եւեթ արժանացավ հասարակական առանձնահատուկ ուշադրության:

Նախ այդ ասույթներն աչքի էին ընկնում իրենց խորիմաստությամբ ու բովանդակությամբ, որով խիստ տարբերվում էին բանահյուսական մնացած ժանրերից: Հենց ելնելով այդ առանձնահատկությունիցՙ Ա. Ղանալանյանը դրանք դասակարգում է ոչ թե ըստ ձեւի կամ առարկայական հատկանիշների, ինչպես ընդունված էր ընդհանուր բանագիտության մեջ, այլ ըստ դրանց իմաստների կամ բովանդակության. ստացվում էին առած-ասացվածքների իմաստային տարբեր փնջեր, որոնք իրենց հերթին ենթակա էին թեմատիկ-առարկայական բաժանման: Դասակարգման այս նորաբերությունը թեպետ մեթոդաբանորեն միանգամայն արդարացի, բայց իր հետ բերում էր տեքստաբանական որոշակի անհարմարություններ: Հենց միայն այն հանգամանքը, որ միեւնույն առածը կամ ասացվածքը հաճախ օժտված էր լինում մի քանի տարբեր իմաստներով, արդեն իսկ խոցելի էր դարձնում ըստ իմաստների դասակարգումը: Այս կարգի թերությունները եւ մանավանդ գիտահասարակական մեծ հետաքրքրությունը «Առածանու» նկատմամբ ստիպեցին կազմողին եւ հրատարակչությանըՙ տարիներ անց հանդես գալու նոր ու բարենորոգված բազմատպաքանակ հրատարակությամբ ( «Առածանի» , 1960): Այս երկրորդ հրատարակությունը համալրված էր բազմաթիվ առած-ասացվածքների նոր գրառումներով եւ ամենակարեւորը, օժտված էր թեմատիկ-առարկայական մի ընդարձակ ուղեցույցով, շնորհիվ որի վերացվում էին վերոնշյալ տեքստաբանական անհարմարությունից շատերը եւ մեծապես դյուրացվում էր որոնվող առած-ասացվածքի հայտնաբերումը:

«Առածանին» օժտված էր առած-ասացվածքների մասին մի ընդարձակ ու համակողմանի ուսումնասիրությամբ, որով բնագրերին կից համադրությամբ ամբողջացվում էր Հայոց առածանինՙ իբրեւ գիտական մի անկրկնելի հուշարձան:

«Առածանին» մեծ զարկ է տալիս մեզանում բանահյուսական գիտական տեքստաբանության զարգացմանը: «Առածանու» օրինակելի դերի հետեւանքով 1950-ական թվականներից ի վեր նոր շարժում է սկսվում հեքիաթների, հանելուկների, անեծք-օրհնանքների, հմայական աղոթքների, պանդխտության, մանկական, ռազմի եւ զինվորի երգերի համահավաք գիտական բնագրերի կազմման ուղղությամբ:

Ա. Ղանալանյանի գիտական երրորդ սխրանքը հայկական ավանդությունների (ավանդական զրույցների) բնագրերի գիտական համահավաքի կազմումն էՙ հարուստ ծանոթագրություններով ու ավանդությունների պատմաբանասիրական քննությամբ: Այն լույս տեսավ 1969-ին «Ավանդապատում» խորագրով:

Ավանդությունները բանահյուսական այն ժանրերից էին, որ թե՛ հայ եւ թե՛ միջազգային բանագիտության մեջ տակավին տեքստաբանական ու տեսական հետազոտության չէին արժանացել:

Առաջին հերթին գոյություն ուներ ժանրի չտարբերակում, անհստակություն, երբ բուն ավանդությունը շփոթվում էր վիպական այլ ժանրերի հետ: Ուստի նախ անհրաժեշտ էր վերացնել այս տարընթացությունը, սահմանել որոշակի սկզբունքներ եւ դրանց շնորհիվ տեսակավորել ու համակարգել նյութն ամբողջությամբ եւ այն ենթարկել տեքստաբանական ու տեսական քննության: Դարձյալ օգնության է հասնում Ա. Ղանալանյանի ամենակտրուկ զենքըՙ համառ ջանասիրությունը եւ քննական միտքը, որի շնորհիվ նա մեկուկես տասնամյակի ընթացքում հաղթահարում է բոլոր էական դժվարությունները եւ ստեղծում ավանդությունների գիտական համահավաքը:

Ավանդությունների հիմնական նպատակը համարելով ոչ թե ունկնդիրների գեղարվեստական պահանջմունքների բավարարումը, այլ գլխավորապես նրան «համապատասխան աշխարհագրական, պատմական, կենցաղային, կրոնական եւ այլ կարգի տեղեկություններ ու գիտելիքներ հաղորդելը»ՙ Ղանալանյանը դրանով է բացատրում նաեւ ավանդությունների ճակատագրորեն անհրաժեշտ կապը որոշակի առարկաների, տեղավայրերի ու անձանց հետ, ինչպես նաեւ նրա ավանդման պարզ ու պատահական եղանակը, ձեւի ու կառուցվածքի պարզունակությունն ու անկայունությունը, վիպական կայուն բանաձեւերի ու ընդհանուր տեղիների երկրորդական բնույթը, ժողովրդի մեջ ժանրի անվան բացակայությունը: Բայց ամենաէականը ավանդությունների տեսակների որոշարկումն է, որը Ա. Ղանալանյանը լուծել է փայլուն հաջողությամբ: Նա ավանդություններն ու ավանդական զրույցները բաժանել է երեք հիմնախմբիՙ ստուգաբանական, բացատրական եւ վարքաբանական ավանդություններ:

Ավանդական հուշապատումների ողջ հնությունը, հարստությունն ու բազմազանությունը երեւան է գալիս գիտական կայուն սկզբունքներով դասակարգված ավանդություններն ու ավանդազրույցներն ընդգրկող ժողովածուի մեջ, ուր կա մոտ հազար ավանդությունՙ շուրջ 400 տարբերակներով:

«Ավանդապատումը» ամբողջությամբ վերառած մի կուռ ու միասնական գիտական աշխատություն էր, աղբյուրագիտական բարձրարժեք երկ, որը գալիս էր լրացնելու հայ բանագիտության մեջ վաղուց նկատվող բաց տարածություններից մեկը: Այն շուտով թարգմանվում է ռուսերեն եւ հեղինակի կողմից որոշ չափով համառոտված հրատարակվում է Երեւանում, 1979-ին:

Ա. Ղանալանյանի գիտական հաջորդ մեծ նվաճումը եղավ հայ բանահյուսության եւ գեղարվեստական գրականության կապի ու փոխառնչությունների խնդրի առաջադրումն ու իրագործումը. այն սկսվեց 1930-ական թվականներին եւ շարունակվեց մինչեւ իր արգասավոր կյանքի արեւամուտը:

Յուրատեսակ ձեւով արձագանքելով ԽՍՀՄ գրողների համագումարում Մաքսիմ Գորկուՙ բանահյուսությանը մեծ արժեք տալու եւ գնահատելու գրողներին ուղղված արդարացի կոչին, Ա. Ղանալանյանն սկսում է զբաղվել նշված խնդրի հետազոտությամբ: Առաջնեկն այդ ուղղությամբ դառնում է 1938-ին տպագրված «Պռոշյանը եւ ժողովրդական բանահյուսությունը» գրքույկը, որին հաջորդում է 1941-ին հրատարակված «Աբովյանը եւ ժողովրդական բանահյուսությունը» մենագրությունը: Եվ այդպես հեղինակ առ հեղինակ սիստեմատիկ հետազոտության առարկա է դարձնում հատկապես հայ նոր գրականության եւ ժողովրդական բանահյուսության փոխառնչությունների խնդիրը:

Առանձնակի արժեք են ներկայացնում հատկապես մեր երեք մեծ բանաստեղծներինՙ Թումանյանին ( «Թումանյանը եւ ժողովրդական բանահյուսությունը» , 1964) Իսահակյանին ( «Ավ. Իսահակյանի ստեղծագործության ժողովրդական ակունքները» , 1955) եւ Սայաթ-Նովային («Սայաթ-Նովայի ստեղծագործության ժողովրդական ակունքները», 1963) նվիրված հետազոտությունները, որոնց մեջ բացահայտված են ու քննված նրանց ստեղծագործությունները սնուցած ու անմահացրած բանահյուսական ակունքները: Եթե Թումանյանի եւ Իսահակյանի երկերը վերլուծելիս Ղանալանյանը երեւան է հանում բանահյուսական նյութի օգտագործման երկու հիմնական միտումՙ նյութի բանաստեղծական մշակումներ եւ ժողովրդական բանահյուսության արտահայտչամիջոցների ստեղծագործական կիրառումներ, ապա Սայաթ-Նովայի մոտ նա մեկ գլխավոր ուղղություն է բացահայտումՙ բանահյուսական նյութերի (հայկական եւ ընդհանուր արեւելյան) եւ արտահայտչամիջոցների կիրառումը: Ինչպես նախորդ, այնպես էլ հիշյալ քննությունների ժամանակ, Ղանալանյանը ոչ միայն բավարարվում է հեղինակների մոտ բանահյուսական նյութի ու ատաղձի սոսկ արձանագրումով, այլեւ այդ նյութի վերամշակման ու օգտագործման բանաստեղծական հնարքների բացահայտումով ու վերլուծմամբ, որով տվյալ աշխատությունները ձեռք են բերում նաեւ գրականագիտական արժեք: Իսկ երբ նկատի ենք ունենում, որ այս, ինչպես նաեւ «Մ. Նալբանդյանը եւ ժողովրդական բանահյուսությունը» (1959) աշխատությունների այլ եւ նմանօրինակ քննություններով Ղանալանյանը նպատակ է հետապնդում լայնարձակ նյութի տեսադաշտի վրա ապացուցել հայ նոր, մասամբ եւ նախընթաց գրականության հիմնական ոգու ժողովրդայնությունն ու շեշտված դեմոկրատիզմը, ապա միանգամայն պարզ կդառնա նշված հետազոտությունների գրապատմագիտական արժեքը:

Ղանալանյանի այս ուսումնասիրությունները մասն են կազմում նրա, ցավոք, անավարտ «XIX դարի հայ գրականությունն ու ժողովրդական բանահյուսությունը» ծավալուն մենագրության: 1986-ին հետմահու լույս տեսավ Ա. Ղանալանյանի «Հայ գրականությունը եւ բանահյուսությունը» գիրքը, որն ընդգրկում էր այդ խնդրին նվիրված հեղինակի մինչ այդ հրատարակված աշխատությունները:

Բանագիտության հաջորդ բնագավառը, որտեղ իր ծանրակշիռ ու լրջմիտ տեսակետներն է արտահայտել Ա. Ղանալանյանըՙ բանահյուսական տարբեր ժանրերի (էպոս, հեքիաթ, երգ) երեւույթների վերաբերյալ արտահայտած իր նոր տեսադրույթներն են կամ այն նոր տեքստերին եւ գիտահանրամատչելի խնդիրներին նվիրված հրապարակումները: Դրանցից են 1930-ական թթ. սպարկերտցի Փառիկից եւ բաշկալեցի Վարդան Վարդանյանից գրառած եւ հրատարակած «Սասնա ծռեր» հերոսավեպի երկու նոր տարբերակները (տեսՙ «Սասնա ծռեր», հատ. Ա, Երեւան, 1936, ԺԸ պատում, էջ 815-930, հատ. Բ, մասն երկրորդ, Երեւան, 1951, ԻԱ պատում, էջ 617):

Մեր հերոսավեպի հազարամյա հոբելյանի օրերին նա հրատարակում է երկու նոր ուսումնասիրություն ( «Սասունցի Դավիթ, Հայ ժողովրդական վեպ», «Սասունցի Դավթի» պատմիչների կյանքն ու գործունեությունը» , 1939): Նույն այդ տարիներին նա Մ. Աբեղյանի եւ Գ. Աբովի հետ մասնակցում է «Սասնա ծռեր» հերոսավեպի («Սասունցի Դավիթ», հյուսվածո-համահավաք բնագրի ստեղծմանըՙ կազմելով «Դավիթ եւ Խանդութ» հատվածը եւ «Փոքր Մհեր» վիպական ճյուղը: 1950-ին Ա. Ղանալանյանը կազմում եւ հրատարակում է «Հայ ժողովրդական հեքիաթներ» ծավալուն մեկհատորյակը, որը Խորհրդային Հայաստանում հրատարակված հեքիաթների առաջին ժողովածուն էր եւ որի առաջաբանում, առաջին անգամ մեզանում տեսականորեն քննվում էին հայկական հեքիաթների երկու կարեւոր տեսակներիՙ հրաշապատում եւ իրապատում հեքիաթների ժանրային ու տիպաբանական հատկանիշները: 1938-43 թթ. ընթացքում հրատարակվում է մի շարք գիտահանրամատչելի գրքույկներ ( «Նմուշներ հայկական հակակրոնական ֆոլկլորից» , 1938, «Հայ ժողովրդական հերոսապատումները», 1942, «Թշնամու կերպարը հայկական հին բանահյուսության մեջ» , 1943, «Հայ քաջորդիներ» , 1943):1945 թ. Ա. Ղանալանյանը ձեռնամուխ է լինում հայ բանահյուսության ուսումնական դասընթացի շարադրմանը, որը նախատեսված էր ընդգրկել 11 ուսումնական պրակներում: Սակայն իրերի բերումով հրատարակվում է ընդամենը չորս պրակ, որոնցից առաջինը նվիրված էր հայ բանագիտության պատմությանը (պրակ 1, 1945), 2-րդըՙ ժողովրդական երգերին (պրակ 8, 1945), 3-րդըՙ առածներին եւ ասացվածքներին (պրակ 9, 1946) եւ 4-րդըՙ սովետահայ բանագիտությանը (պրակ 11, 1946):

Ա. Ղանալանյանի գիտահետազոտական գործունեության վերջին բնագավառը լայն առումովՙ հայագիտության պատմությունն է, նեղ մասնագիտական առումովՙ հայ բանագիտության պատմությունն էՙ իր նշանավոր ներկայացուցիչներով ու արդյունքներով:

Ա. Ղանալանյանի հետազոտած հայագետներից երկուսըՙ Գարեգին Սրվանձտյանցը եւ Մանուկ Աբեղյանը արժանանում են իրենց կյանքի ու գործի ամբողջական ուսումնասիրության, որոնք կարեւորագույն ներդրումներ են հանդիսանում աբեղյանագիտության եւ սրվանձտյանցագիտության բնագավառում [*]: Մնացած հայագետների գործունեությանը նա դիմում է մասնագիտորենՙ հայ բանահյուսության նմուշներ գրառելու, հրատարակելու, արժեւորելու կապակցությամբ միայն (Նիկողայոս Մառ, Հովսեփ Օրբելի, Կոմիտաս, Խաչատուր Աբովյան, Միքայել Նալբանդյան): Իր այս հայագիտական ու բանագիտական աշխատությունների արդյունքները ուղղակի կամ վերամշակված ձեւով նա հետագայում ամփոփեց «Դրվագներ հայ բանագիտության պատմության» հետմահու հրատարակված գրքում (Երեւան, 1985):

Իր շուրջ կեսդարյա գիտահետազոտական եւ գիտամանկավարժական գործունեության բեղմնավոր արդյունքներով Ա. Ղանալանյանն իրավամբ վաստակել է խորհրդահայ բանագիտության ռահվիրայի եւ ուղի համահարթողի նախապատիվը: Զարգացնելով իր մեծ ուսուցչիՙ Մ. Աբեղյանի բանագիտական դասական ավանդները, նա տասնամյակներ շարունակ մեծ պատասխանատվությամբ ընթացք տվեց խորհրդահայ բանագիտության զարգացմանը եւ իր գիտական վաստակով, մարդկային բարձր ու առինքնող հատկանիշներով, անաչառ սկզբունքայնությամբ արժանացավ համազգային եւ միջազգային ճանաչման, գիտական պատկառելի հեղինակության:

* Ա. Ղանալանյան, Գարեգին Սրվանձտյանց, «Հայ նոր գրականության պատմություն», հատ. III, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երեւան, 1964, էջ 555-588, Ա. Ղանալանյան, Գարեգին Սրվանձտյանց, Երկեր, հատ I, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երեւան, 1978, էջ 7-26, Ա. Ղանալանյան, Մանուկ Աբեղյանի կյանքն ու գործունեությունը, «Սովետական գրականություն», 1955 N12, էջ 126-140:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4