«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2009-09-11 | #164, 2009-09-12 | #165, 2009-09-15


ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎԵՑ ՆԱԽԻՋԵՎԱՆԻՑ ԲԵՐՎԱԾ 17-ՐԴ ԴԱՐԻ ԱՎԵՏԱՐԱՆ

«ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի բարեգործության շնորհիվ Մաշտոցի անվան Մատենադարանը հարստացավ եւս մեկ ձեռագրով` գրված Տաթեւում 1689 թվականին, Մահտեսի Արիստակեսի գրչով:

Ձեռագիր Ավետարանի հիշատակարանում կարդում ենք, որ այն հանձնվել է Նախիջեւանի Ագարակ գյուղում ծնված Մարտիրոս սարկավագին. «Ես անարժան եւ անպիտան, սուտանուն Մարտիրոս սարկավագս առի սուրբ Աւետարանս ի յիշատակ ինձ ու իմ ծնողացն»: «Գրեցաւ սուրբ Աւետարանս ի հայրապետութեան սուրբ Էջմիածնայ, Եղիազար Կաթողիկոսին, առաջնորդ աթոռոյս մերոյ սուրբ Կարապետին Մատթէոս եպիսկոպոսն: Ով քահանայք եւ պաշտօնեայք սուրբ եկեղեցւոյ, աղաչեմ զձեզ, կարդալով կամ օրինակելով, լի բերանօվ Աստուած ողորմի ասացէք անարժան Մարտիրոսիս, ամենեքեան ասացէք Հայր մեր»:

Իրեն «անարժան եւ անպիտան» բնութագրող նախիջեւանցի Մարտիրոս սարկավագի սուրբ հիշատակ Ավետարանը, ով գիտի, ի՞նչ ճամփաներով է անցել, ինչպիսի՞ փորձությունների է ենթարկվել, բայց աղոթքի զորեղ ուժով պահպանվել ու բարերարի օգնությամբ հանգրվան է գտել Մաշտոցյան Մատենադարանում:

«ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկի» գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը բարեգործություններ շատ է արել, բայց, ինչպես ինքն է ասում, ձեռագիր նվիրաբերելը բոլորովին այլ զգացում է պարգեւում` խորհրդավոր եւ անբացատրելի: «Շատ հուզիչ պահ է ինձ համար: Կցանկանայի, որ այս օրինակը վարակիչ լիներ մեր գործընկերների համար, եւ ձեռագրերի հավաքման դարերի ավանդույթը շարունակվեր: Ձեռագրերը գին չունեն, որովհետեւ հոգեւոր արժեքներ են, բայց երբ առանձին անհատներ ցանկանում են վաճառել իրենց տոհմական մասունքները, ուրեմն պետք է նրանցից գնել ու հանձնել Մատենադարանին», շաբաթ օրը` ձեռագրի նվիրատվության ժամանակ ասաց պարոն Գիշյանը:

Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը մեծարանքի եւ երախտագիտության խոսքեր հղեց բարերարին: Նա բարերարին հանձնեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» շքանշանն ու «Հայկական մանրանկարչություն» նորատիպ ալբոմը:

«ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկի» գլխավոր գործադիր տնօրենը խոստացավ, որ այս նվիրատվությանը կհաջորդեն նորերը եւ Մատենադարանի հետ կապն էլ ավելի ամուր կլինի:

Ի դեպ, բարերարների շնորհիվ վերջին երկու տարիներին ձեռք են բերվել մոտ 80 ձեռագիր, կաթողիկոսական կոնդակներ, հնատիպ գրքեր: Վերջին շրջանում ավելացել են Մատենադարանին առաջարկվող ձեռագրերը, դրանց մեջ կան բավականին արժեքավորները, որոնք, անկասկած, բարերարների շնորհիվ առաջիկայում կդառնան Մատենադարանի սեփականությունը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4