«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2009-09-23 | #171, 2009-09-24 | #172, 2009-09-25


ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Ցեղասպանության ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի: Երկրների միջեւ տարածքային տարաձայնություններն էլ անժամանցելի են, եւ երկու դեպքում էլ Հայաստանն ու հայերը հայցվորի իրենց դերերում են մնումՙ սպասելով դատարանում իրենց հարցի քննարկման օրվան:

Իսպանիան ուղիղ 500 տարի սպասեց, որ ներողություն խնդրի հրեաներիցՙ 1492-ին երկրից նրանց վտարելու համար: Իսպանիայի Խուան Կառլոս թագավորը 1992-ին ի վերջո ընդունեց հրեաներին դաժանորեն վերաբերվելու իր երկրի մեղքը եւ հրապարակայնորեն ներողություն խնդրեց նրանցից:

Նրանից առաջ Գերմանիայի կանցլեր Վիլի Բրանդը Իսրայել էր գնացել, ծնկի եկել Յադ Վաշեմ սրբավայրում եւ մոտ կես դար անց իր կառավարության եւ ժողովրդի անունից ներողություն խնդրել ողջակիզումն իրականացնելու համար:

Հայերը մոտ մեկ դար սպասում են հատուցման օրվան: Բայց թուրքերն այնպիսի կատարյալ ձեւով են իրականացրել Ցեղասպանությունը, որ հայերը մինչեւ օրս ի վիճակի չեն եղել ուշքի գալ եւ հայց ներկայացնել Թուրքիայի դեմ: Ընդհակառակը, ոճրագործներն են դարձել միջազգային օրենքի եւ իրավունքի տերն ու տիրակալը եւ տարածքային պահանջներ ներկայացրել Հայաստանին: Թուրքիան, որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, սպառնում է Հայաստանին ղարաբաղյան հարցը Անվտանգության խորհրդի օրակարգում մտցնելու իր ցանկությամբ:

Թուրքիայի ղեկավարությամբ եւ օգնությամբ, եւ մի շարք մահմեդական երկրների համագործակցությամբ, Ադրբեջանն, իր հերթին, կարողացավ չպարտավորեցնող որոշում անցկացնել տալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, որով «վերահաստատում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» եւ պահանջում, որ «հայկական ուժերը անմիջապես հետ քաշվեն բոլոր գրավյալ տարածքներից»:

Չնայած այս որոշումը զորություն չունի եւ չի կարող կիրառվել, որպես ազդու քարոզչության գործիք ծառայում է ազերիներին եւ թուրքերին համառորեն պնդելու, որ միջազգային օրենքն ու իրավունքը իրենց կողմն են: Դա նաեւ ցույց է տալիս, թե ինչքան մեկուսացված եւ անօգնական կարող է դառնալ Հայաստանը, երբ ճակատագրական պայմանների մեջ է գտնվում նա:

Թուրքերն ու ազերիները շարունակ պահանջում են, որ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում «գրաված տարածքները» վերադարձվեն իրենց անորոշ եւ շրջելի խոստումների դիմաց:

Թուրքիայում Քենան Էվրենի արյունալի իշխանության օրերին, ի պատասխան հայկական տարածքային պահանջների, բռնակալը պատասխանել էր, որ տարածքները չեն տրվում, այլ արյունով են վերցվում: Մենք հիմա նույն իրավիճակում ենք, մենք այդ տարածքներին ենք տիրացել արյուն թափելով, եւ ոչ մի ղարաբաղցի այդ հարցում չի ցանկանա փոխզիջումների գնալ:

Հակառակ որ գործնական արժեք կարող է չունենալ, ժամանակն է շրջելու իրավիճակը եւ հարցնելու Թուրքիային, թե ե՞րբ է պատրաստվում վերադարձնել պատմական հայկական տարածքները իր օրինական տերերին:

Ներկա «պահանջներ-հակապահանջներ» իրադրության լույսի ներքո երեւի ճիշտ կլինի Հայաստանի համար թուրքերին անորոշ վիճակում թողնել այն հարցում, թե Երեւանը շարունակելո՞ւ է, թե՞ թողնելու Կարսի պայմանագրով կորսված տարածքների վերադարձը:

Վերջերս չափազանց հետաքրքրական մի դեպք տեղի ունեցավ Հարավային Ամերիկայում, Բարիլոչեում (Արգենտինա) անցկացվող գագաթաժողովի (NASAR) շրջանակներում: Բոլիվիայի եւ Չիլիի նախագահներըՙ Էվո Մորալեսն ու Միշել Բաշելեն հանդիպեցին գագաթաժողովից դուրսՙ քննարկելու կամ կարգավորելու տարածքային մի տարաձայնություն, որ 125 տարվա վաղեմություն ունի: Բոլիվիան Չիլիից դեռեւս պահանջում է իրեն վերադարձնել 1879-84 թվականների պատերազմի ժամանակ կորցրած այն նրբանցքը, որ երկիրը Խաղաղականին է կապում:

Նրանք, ովքեր կարծում են, որ պատմական Հայաստանի տարածքները ընդմիշտ կորած են, պետք է գոտեպնդվեն այն իրականությամբ, որ ժողովուրդները երբեք իրենց հույսը չեն կորցնում կարգավորելու իրենց պատմական իրավունքները, նույնիսկ 125 տարի անց:

Չնայած ժամանակի առումով որոշ նմանություններ կան հայկական եւ բոլիվիական պահանջատիրությունների միջեւ, այդ նմանությունները, սակայն, վերջանում են այնտեղ, երբ հաշվի ենք առնում, որ Չիլին այդ տարածքները նվաճել է հավասարների միջեւ մղված պատերազմի օրերին եւ ոչ թե Ցեղասպանություն է գործել թուրքերի նման:

Այսօր վերոնշյալ երկու երկրներում (Բոլիվիայում եւ Չիլիում) ժողովրդավարությունն է իշխում, եւ նրանք կարող են անցյալի դաշնությունները քննարկել իրար հետ ազատորեն, հատկապես երբ իրար կարիքն ունեն: Բոլիվիան ունի գազի երկրորդ ամենամեծ պաշարները Հարավային Ամերիկայում, իսկ Չիլին կարիքն ունի էներգիայի այդ աղբյուրների:

Այդ պատճառով էլ որոշ համաձայնության եկել են 2 կողմերը, թեեւ դեռ ոչ վերջնական: Պերուն, որի տարածքով պետք է անցնի այդ նրբանցքը, խանգարում է: Մինչ Բոլիվիան վերաշխուժացնում է իր պահանջները Ատակամա նրբանցքի նկատմամբ, Պերուն պնդում է, որ 1929-ին ստորագրված մի պայմանագրով ինքն էլ պետք է մասնակից դառնա երկու կողմերի միջեւ կնքված որեւէ համաձայնության:

Իրավիճակը որոշ առումով նման է Կարսի պայմանագրին, որը Թուրքիային է ճանաչում որպես Նախիջեւանի երաշխավորի, նշելով, որ Բաքուն չի կարող Նախիջեւանը զիջել մի երրորդ կողմի, ասենք, Հայաստանին, առանց Անկարայի համաձայնության:

Վերոնշյալ դեպքում Չիլին առաջարկում է անսահմանափակ, բայց ոչ գերիշխանական առափնյա հասանելիություն բոլիվյան գազի դիմաց, ինչ-որ նմանեցվում է երկար վիճարկումների տեղիք տված Իսլա Սուարեզ Իլհա դը Գուախարամիրիմ կղզու (Ռիո Մամորեյի վրա) պատմությանը, որը 1958-ից գտնվում է բոլիվյան վարչակազմի, բայց ոչ գերիշխանության ներքո:

Հայաստանի դեպքում, դժբախտաբար, տարածքային պահանջը չի պաշտպանված բնական ռեսուրսների առկայությամբ, որոնց կարիքն, ասենք, կզգան աշխարհի այլ երկրներ:

Արդարությունը մեր կողմն է: Մնում է հավաքագրել միջազգային զորակցություն եւ հնչեղություն տալ դրան, որպեսզի մեր իրավունքներն արդարացի լուծումներ ստանան:

Ինչպես վերոնշյալ դեպքերն են հուշում, մեր պահանջները երբեք չեն սպառվում, նույնիսկ այն ժամանակ, երբ մեր տոկունությունն է երբեմն տեղի տալիս:

Անգլերենից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, «Արմինյն միրոր սփեքթեյթր»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4