«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2009-09-24 | #172, 2009-09-25 | #173, 2009-09-26


ԿԵՏԻԿՅԱՆԻ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Այս անգամ Ժան Պիեռ Դառուզենը եւ Արիան Ասկարիդը խաղում են երկրորդական դերերՙ ի նպաստ Սիմոն Աբգարյանի եւ Ռոբենսոն Ստեւնենի բերած մի խումբ երիտասարդների: Փարիզի փողոցները փոխարինում են Մարսելի փողոցներին, մայրաքաղաքի 11-րդ շրջանը նմանեցված է Էստաքին, իսկ բեմադրիչ Ռոբեր Կետիկյանը մի կողմ է թողել ինտիմ բնույթի ստեղծագործությունը` պատմական լայն կտավ կերտելու նպատակով:

«Հանցանքի բանակը» գերմանուհու եւ կոմունիստ հայի զավակ Կետիկյանի թերեւս առավել անձնական ֆիլմերից մեկն է: Նա նման է իր լիամետրաժ ֆիլմի հերոս, բանաստեղծ եւ բանվոր Միսաք Մանուշյանին, որը Ֆրանսիայում հակաֆաշիստական դիմադրության շարժման ղեկավարներից մեկն էր, նշանավոր Ազատ հրաձիգների եւ պարտիզանական խմբերի անդամ: Ներգաղթյան բանվորություն էր անում, բայց 1943 թվականին ընկավ ֆաշիստական ոստիկանության ձեռքը եւ գնդակահարվեց իր 22 զինակից ընկերներիՙ նշանավոր «Կարմիր ազդագիր» խմբի անդամների հետ:

Մանուշյանը վաղ հասակում որբացել էր (հայրը Թուրքիայում զոհվել էր Հայոց ցեղասպանության ժամանակ, իսկ հետո մայրը սովամահ էր եղել), եւ ոչնչից չէր զգացվում, թե նա մի օր ձեռքը զենք կվերցնի: 1925-ին Ֆրանսիայում ափ իջնելուց հետո Մանուշյանն աշխատել էր որպես ատաղձագործ, «Սիտրոեն» գործարանի սեւագործ բանվոր: 1934-ին հարել էր Կոմունիստական կուսակցությանը: Միաժամանակ Սորբոնում մասնակցել էր դասընթացների, հայերեն թարգմանել Բոդլերի եւ Վեռլենի ստեղծագործությունները, զբաղվել գրական հանդեսներով, գրել բանաստեղծություններ:

Մանուշյանը թեեւ դեմ էր արյունահեղությանը, բայց այնքան էր սիրում Ֆրանսիան եւ ազատությունը, որ համաձայնեց ղեկավարել Դիմադրության շարժման խմբերից մեկը: Խմբում կային հունգարացիներ, հայեր, իտալացիներ, լեհեր, ռումինացիներ, իսպանացի տարագիրներ, բայց մեծամասնություն էին կազմում հրեաները եւ բանվորները: Շատերը 20 տարեկան էլ չկային, բայց անսասան խիզախությամբ ելել էին մարտի եւ ոչնչացնում էին թշնամիներին, կազմակերպում նենգադուլներ, պատրաստ էին մեռնելու այն երկրի համար, որն իրենցը չէր, բայց ընդունել էր իրենց:

Ոստիկանությունը եւ գերմանացի զավթիչները Մանուշյանի խումբն անվանում էին «Հանցանքի բանակ»: Վերջինիս մասին պատմելու համար Կետիկյանն ավելի մեծ կարեւորություն է տալիս դիմադրության շարժման մասնակիցների կյանքին, քան գործողություններին: Եվ հենց դրանում է ֆիլմի ուժը: Բեմադրիչը վերակենդանացնում է այդ ժամանակաշրջանի Փարիզի ժողովրդական թաղամասերը, հիշեցնում է Հոլոքոսթից շուտով բնաջնջվելիք հրեական թաղամասերում տիրած համերաշխությունը: Նա պեղում է մարդկային հոգու ծալքերը` գտնելով թե ամենագեղեցիկ, եւ թե ամենանողկալի ու ստոր բաները:

Մի կողմում Միսաք Մանուշյանն է (նրա կերպարն անթերի մարմնավորում է Սիմոն Աբգարյանը), որը տհաճությամբ վերհիշում է իր կատարած առաջին մահափորձը, գիտակցելով, որ մեկընդմիշտ հատել է մարտիկներին մյուս մարդկանցից բաժանող սահմանագիծը: Մյուս կողմում պարտիզանական ցանցը թշնամուն մատնած Մոնիկա Ստեռնն է, ցանց, որի անդամներից մեկն իր սիրեցյալն է: Մոնիկան ուրախանում է այն նվերներով, որոնք ստացել է զավթիչների հետ գործակցող եւ իրեն մտքափոխ արած ոստիկանության կոմիսարից:

Կետիկյանի ֆիլմն առհասարակ խորհրդածություն է ազատության, հավասարության եւ եղբայրության երկիր Ֆրանսիայի մասին, որը դեռ երեկ որպես փարոս էր ընկալվում աշխարհի բոլոր «անիծյալների» կողմից:

Ըստ ֆրանսիական «La Tribune» -ի թարգ. ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4