«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2009-09-30 | #176, 2009-10-01 | #177, 2009-10-02


ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Սեպտեմբերի 18-21-ը, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Կենտրոնական վարչական ժողովի անդամ Դր. Երվանդ Զորյանը եւ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանն այցելեցին Մոսկվա` հանդիպելու տեղի հայ համայնքի եւ հայ ուսանողների հետ, եւ նրանց ներկայացնելու Միության կրթական եւ երիտասարդական ծրագրերը, մասնավորապես Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ)` ՀԲԸՄ կրթական նորագույն նախաձեռնությունը:

ՀԲԸՄ ՀՎՀ-ն պաշտոնապես մեկնարկեց սույն թվականի հունիսին եւ իր արժանի տեղը գրավեց ՀԲԸՄ բազմաբնույթ երիտասարդական եւ կրթական ծրագրերի շարքում, որոնք Միությունը տասնամյակներ ի վեր իրականացնում է աշխարհի հայաշատ վայրերում: Դրանցից են Միության ամառային փորձառության ծրագրերը, սկաուտական ճամբարները, տարբեր երկրներում գործող Երիտասարդ Արհեստավարժների խմբերը եւ այլն:

ՀԲԸՄ ներկայացուցիչները Մոսկվայի հայ երիտասարդության հետ երկու հանդիպումների ընթացքում մանրամասնորեն ներկայացրին վիրտուալ համալսարանը: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, իսկ երկրորդը` Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական կենտրոնում: Երկու հանդիպումներին էլ ներկա էին Մոսկվայի պետական համալսարանի ուսանողներ, համայնքի ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական միության անդամներ, հայորդյաց տան սաներ եւ ուսուցիչներ, բազմաթիվ հյուրեր: Երվանդ Զորյանն ու Աշոտ Ղազարյանը ներկայացրին ՀԲԸՄ գործունեությունը` շեշտը դնելով հատկապես երիտասարդական ու կրթական ծրագրերի վրա: Որպես ՀՎՀ-ի հիմնադիր-նախագահ, Դր. Զորյանը ներկայացրեց համալսարանը, նրա գործունեությունն ու նպատակները:

Վիրտուալ Համալսարանի մոսկվաբնակ երկու ուսանողներ` Թաթուլ Աջամյանն ու Վարդան Մարաշլյանը, որոնք ներկա էին հանդիպումներին, խոսեցին իրենց ուսումնական առաջին փորձառության մասին` արտահայտելով իրենց հիացմունքն ու խանդավառությունը, ինչպես նաեւ ընդգծելով համալսարանի դրական ներգործությունը:

Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, ով նույնպես ներկա էր Երիտասարդական Կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանը, իր փակման խոսքում ասաց, «Ավելի քան 100 տարի ՀԲԸՄ-ն, Հայ առաքելական եկեղեցու հետ միասին, նվիրաբար իրականացնում է հայ ժողովրդի ինքնության եւ հավատքի պահպանման առաքելությունը»:

Մոսկվա կատարած այցելության ընթացքում ՀԲԸՄ ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան նաեւ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի եւ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի հետ, ովքեր իրենց պատրաստակամությունը հայտնեցին աջակցելու ՀԲԸ Միության Ռուսաստանում իրականացվելիք ծրագրերին: Սրբազան առաջնորդի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին Մոսկվայում նոր կառուցվող հայկական եկեղեցին:

Այս այցելությունը բացահայտեց նոր եւ հզոր ներուժ ՀԲԸ Միության կողմից առաջարկվող նոր կրթական մեթոդները կիրառելու տեսանկյունից, եւ եւս մեկ անգամ վերահաստատեց նման ծրագրերի անհրաժեշտությունը սփյուռքահայության շրջանում: Ռուսաստանի հայ երիտասարդությունը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց Միության ծրագրերի հանդեպ, որոնք վստահաբար իրենց ազդեցությունը պիտի ունենան աշխարհի մեծագույն հայկական համայնքներից մեկում հայ ազգային ինքնության եւ ժառանգության պահպանման գործում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4