«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2009-11-04 | #201, 2009-11-05 | #202, 2009-11-06


ՆՈՐ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ` «ԺԱՆ ԵՎ ԱԼԲԵՐ ՊՈՂՈՍՅԱՆՆԵՐ» ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻՆ

Գյումրու Ժան եւ Ալբեր Պողոսյանների արվեստի դպրոցը մոտ մեկ ամիս առաջ որպես անհատույց օգնություն ստացել է թվով 24 տարբեր երաժշտական գործիքներ: Դրանց թվում են 11 ջութակ, էլեկտրոնային դաշնամուր, ալտ, թավջութակ, կլառնետ, շեփոր, ֆլեյտա, սաքսոֆոն, ծնծղաներ, կիթառ եւ այլն:

Նվիրատուներն են միջազգային «Ռոտարի» կազմակերպությունը, Ֆրանսիայի Ժերարմեր քաղաքի ու Գյումրու նույնանուն ակումբները, ինչպես նաեւ ֆրանսիական Մեց քաղաքի կոնսերվատորիան: Գնված գործիքները, որոնք «Յամահա», «Քրեմոնա», «Զիլջյան» եւ այլ հայտնի ֆիրմաների արտադրանք են, ընտրել են նշված երաժշտանոցի մասնագետները` ռեկտոր Ջանիկո Դնիի ղեկավարությամբ: Վերջինս անցյալ տարվա դեկտեմբերին այցելելով Գյումրի եւ ծանոթանալով արվեստի կրթօջախին, նկատել էր, որ չնայած շենքային բավարար պայմանների, բարձրորակ մանկավարժական կադրերի առկայությանը, այստեղ երաժշտական գործիքների խիստ կարիք կա: Կողմերի համագործակցությամբ ձեռք բերված ու նվիրաբերված երաժշտական գործիքների ընդհանուր արժեքը մոտ 30 հազար ԱՄՆ դոլար է:

Նոյեմբերի 5-ին այս առթիվ արվեստի դպրոցի դահլիճում համեստ հանդիսություն ու շնորհալի սաների փոքրիկ համերգ էր կազմակերպվել: Հանդիսությանը ելույթ ունեցողներից ֆրանսիացի գրող-հրապարակախոս, Գյումրու «Ռոտարի» ակումբի պատվավոր անդամ Ժան Պիեռ Բադոնելը նշեց, թե երբ իրենց մոտ հարցը քննարկվում էր, մասնակիցների մի մասը հակված էին այս ակցիան Աֆրիկայում կատարելու, սակայն իրեն հաջողվեց համոզել, որ Գյումրիում կատարվի: Անշուշտ, շնորհակալության զգացումը հատուկ է մեզ: Բայց երանելին այն օրը կլիներ, երբ նման ընտրության կարիք այլեւս չլիներ, իսկ մեզ մոտ որպես բարեկամ եկողներին հայավարի միայն ընդունեինք, պատվեինք ու ճամփեինք:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4