«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2009-11-26 | #217, 2009-11-27 | #218, 2009-11-28


ԱՐԹՆԱՑՄԱՆ ԿՈՉ

Միսաք Մանուշյանի կերպարով

Ռոբերտ Գեդիկյանի «Ոճրագործների բանակ» ֆիլմին անդրադարձել էինք ամիսներ առաջ` մեր կինոէջում թարգմանաբար ներկայացնելով ֆրանսիական մամուլում, մասնավորապես «Լա տրիբունում» տպագրված «Գեդիկյանի դիմադրությունը» հրապարակումը («Ազգ» 26.09.2009): Հոդվածագիրը Կետիկյանի նոր ֆիլմը բնութագրել էր որպես նրա ամենաանձնական ֆիլմը, նմանության զուգահեռներ տանելով ռեժիսորի եւ ֆիլմի հերոսիՙ բանաստեղծ եւ բանվոր Միսաք Մանուշյանի միջեւ, ըստ ամենայնի, նկատի առնելով գերմանուհու եւ կոմունիստ հայի զավակ Կետիկյանի կենսագրությունը:

Մանուշյանը Ֆրանսիայում հակաֆաշիստական դիմադրության շարժման ղեկավարներից էր, ազատ հրաձիգների եւ պարտիզանական խմբերի անդամ, ներգաղթյան բանվորություն էր անում, սակայն 1943-ին ընկավ ֆաշիստական ոստիկանության ձեռքը եւ գնդակահարվեց զինակից 22 ընկերների հետ: Նրանք «Կարմիր ազդագիր» խմբի անդամներ էին, որոնց ոստիկանությունը եւ գերմանացի զավթիչները կոչում էին «Ոճրագործների բանակ»:

Ռեժիսոր Գեդիկյանի համար դիմադրության շարժման մասնակիցների գործողություններից ավելի կարեւորվում են նրանց կյանքը, ապրումները, հոգեվիճակը: Ֆրանսիացի կինոհանդիսատեսը հենց դա է համարել ֆիլմի գլխավոր արժանիքը: «Բեմադրիչը վերակենդանացնում է այդ ժամանակաշրջանի Փարիզի ժողովրդական թաղամասերը, հիշեցնում է Հոլոքոսթից շուտով բնաջնջվելիք հրեական թաղամասերում տիրած համերաշխությունը: Նա պեղում է մարդկային հոգու ծալքերը` գտնելով թե՛ ամենագեղեցիկը, թե՛ ամենանողկալի եւ ստոր բաները: Կետիկյանի ֆիլմն առհասարակ խորհրդածություն է ազատության, հավասարության եւ եղբայրության երկիր Ֆրանսիայի մասին, որը դեռ երեկ որպես փարոս էր ընկալվում աշխարհի բոլոր «անիծյալների» կողմից», գրել էր «Լա տրիբունը»:

Ֆրանսահայ ռեժիսորի նոր աշխատանքը Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի նոյեմբերի 29-ին,«Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմի պրեմիերան կկայանա իր իսկ մասնակցությամբ, իսկ մինչ այդ ֆիլմի մասին նա խոսել է երեկ` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Իմ ֆիլմերի հիմքում միշտ հերոսական անհատականությունների, ուժեղ կամքի եւ ոգու տեր հեղափոխականների պատմություններ են, մարդիկ, ովքեր չեն վախենում իրենց համար անընդունելի երեւույթների դեմ բողոք արտահայտելուց»:

«Հավանաբար գիտեք, որ իմ մայրը գերմանացի է, եւ այս պատմությունը կարեւոր է ոչ միայն Մանուշյանի հայ լինելու հանգամանքով, այլեւ այն առումով, որ նրա պայքարը ուղղված չէր գերմանացի հասարակ ժողովրդի դեմ: Գնդակահարությունից առաջ կնոջը գրած նամակում Մանուշյանն իր խոսքն ավարտել է ասելով, որ բնավ ատելություն չունի գերմանացիների հանդեպ»:

«Հիմա շատ դժվար է գտնել ժողովուրդների այն բարեկամությունը, որ եղել է նախկինում: Ես զգում եմ, որ պատմության այդ դրվագը Ֆրանսիայում սկսում են մոռանալ, հետեւաբար ժամանակ առ ժամանակ պետք է անդրադառնալ դրան: Այս ֆիլմը երիտասարդներին ուղղված արթնացման կոչ է»:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել էր սեպտեմբերին` Կաննի միջազգային փառատոնում: Հենց այդ ժամանակ էլ ֆիլմը ցուցադրվել էր Ֆրանսիայի կինոթատրոններում, գրավելով ավելի քան 400 հազար կինոհանդիսատեսի:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4