«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2009-12-05 | #224, 2009-12-08 | #225, 2009-12-09


ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱԿԸ ԿՆՇՎԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՄԲ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի կունենա «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը: Բացման խոսքով հանդես կգա Մատենադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը: «50 տարի առաջ, Մատենդարանի հոյակերտ շենքի կառուցումից 2 տարի անց, 1959 թվականին ստեղծվեց «Մատենադարան» գիտահետազոտական կենտրոնը: Եվ ահա, 50 տարի անց, կառուցվում է մի նոր շենքՙ Մատենադարանի գիտական խոշոր մասնաշենք-համալիրը, որն իր ներքին տարածքներով մոտ 3 անգամ գերազանցելու է հիմնական շենքին: Հիրավի, դարակազմիկ երկու իրադարձություն, դարակազմիկ ոչ միայն հայ գիտության եւ մշակույթի, այլեւ հայ կյանքի համար ընդհանրապես, քանի որ նրան են ուղղված բյուր սերունդների հայացքները, նա դարձել է մեր անցյալի եւ ապագայի միահյուսման, մեր լինելիության եւ հավերժության խորհրդանիշն ու առհավատչյան», իր խոսքում կնշի Հրաչյա Թամրազյանը: Այնուհետեւ կհնչեն հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը եւ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության խոսքը:

«Հայ մշակույթի եզակի շտեմարանը ստեղծվել է ոչ միայն մեր մատենագիրների ու գրիչների, այլեւ համայն հայության, բազում սերունդների ջանքերով, որոնք պատմության ահեղ շրջադարձերի ու արհավիրքների ընթացքում փրկագործել ու աչքի լույսի պես պահպանել են մեր ձեռագիր մատյանները: Մատենդարանը ստեղծվել է նաեւ բյուրավոր բարեգործների ու բարերարների ջանքերով, որոնք նվիրաբերել են հազարավոր ձեռագրեր: Ուրեմն, թող հարատեւեն ու զորանան մեր նախնյաց հոգեւոր ավանդները, որ լուսեղեն շղթա են սերունդների միջեւ, ու թող մեր սրբություն սրբոցըՙ Մաշտոցի անվան Մատենադարանը, հայոց արարչագործ ոգու, հավաքականության ու հոգեւոր ներուժի մեծագույն վկան, սերունդների հոգեւոր կապի եւ հավերժության պատգամախոսը դառնա դարերի հոլովույթումՙ ծառայելով մեր համազգային իղձերի ու նպատակների իրագործմանը», կասվի նախագահի ուղերձում:

Հոբելյանական հանդիսության գեղարվեստական մասը կբացվի ռեժիսոր Արա Շիրինյանիՙ Մատենադարանի 50-ամյակին նվիրված ֆիլմով: Երեւանի մնջախաղի պետական թատրոնը կցուցադրի Դերենիկ Դեմիրճյանի «Գիրք ծաղկանց» վիպակի հիման վրա բեմադրված նույնանուն ներկայացումըՙ թատրոնի գեղարվեստական ղեկավար ժիրայր Դադասյանի բեմադրությամբ: Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկից հատվածներ կհնչեն մեծանուն դերասաններ Սոս Սարգսյանի եւ Ինոկենտի Սմոկտունովսկու ընթերցմամբՙ ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի «Մատենադարան» ֆիլմաշարից հատվածի ցուցադրման ժամանակ: Հոբելյանական հանդիսության ավարտին ելույթ կունենա Հայաստանի կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյան), կատարելով Ալֆրեդ Շնիտկեի երգչախմբային կոնցերտը ըստ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի: Նարեկացու երկի մասին Շնիտկեն ասել է. «Մատյան ողբերգության» պոեմի յուրաքանչյուր բառ եւ միտք այնքան հզոր ու աստվածային է, որ պարտիտուրի ամեն մի նոտա կամ ակորդ գրվել է միայն այդ բառերի թելադրանքով եւ այդ հանճարեղ մտքերի ազդեցությամբ»:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4