«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2009-12-05 | #224, 2009-12-08 | #225, 2009-12-09


ԻՎ ԹԵՌՆՈՆԻ ԵՎ ԺԱՆ-ԿԼՈԴ ՔԵԲԱԲՋՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ

Փարիզի HC EDITIONS հրատարակչությունում լույս է տեսել «LArmռnie dAntan» («Անցյալի Հայաստանը») գիրք-ալբոմը, որը հիմնված է հին փոստային բացիկների եւ լուսանկարների վրա: Խնամքով կազմված ու ձեւավորված 130 էջանոց գիրքը նույն հեղինակների ավելի վաղ հրատարակած «Armռnie 1900» աշխատության նորացված եւ հարստացված տարբերակն է, նշում է Փարիզի «Աշխարհ» թերթը:

Նոր հրատարակությունը բաժանված է չորս մեծ գլուխների. «Պատմական Հայաստանի խորքում», «Հայերի ներկայությունն Արեւմտյան Անատոլիայում», «Կովկասյան Հայաստանը» եւ «Ցեղասպանության նախադրյալները»: Յուրաքանչյուր գլուխ պատկերազարդված է սեւ-սպիտակ կամ դարչնագույն լուսանկարներով եւ փոստային բացիկներով, որոնցում ներկայացված են հիշատակվող քաղաքների ու գավառների երեւելի անձինք, բնապատկերներ, հայկական հաստատություններ:

«Հին փոստային բացիկների, ակնթարթային լուսանկարչության արվեստի շնորհիվ աշխատությունն առանց որեւէ գունազարդման ներկայացնում է այդ մարդկանց կյանքը, երկրի տնտեսությունը ըստ նահանգների, ինչպես նաեւ մոռացված բնապատկերներըՙ ընդհուպ կոտորածները... Պատկերազարդման մոտ 400 հին փոստային բացիկները Հայ Սփյուռքի հետազոտության կենտրոնը ժողովել է մասնավոր հավաքածուներից», մանրամասնում է գրքի հրատարակիչը:

Տվյալ գիրքը կարող է պիտանի լինել յուրաքանչյուր հայորդու, որպեսզի նա ավելի լավ հասկանա եւ պատկերացնի իր ծնողների եւ պապերի կյանքը նրանց ծննդավայրեր այդ մեծ ու փոքր քաղաքներում:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4