«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2009-12-10 | #227, 2009-12-11 | #228, 2009-12-12


ՄԻԳՐԱՑԻՈՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԳՈՐԾՈՒՄ Է

Հայաստանից շարունակվող հիմնականում տարերային, չկարգավորվող արտագաղթի պայմաններում միգրացիոն հոսքերի հնարավորինս կանոնակարգումը, միգրանտներին տարբեր գործնական եւ տեղեկատվական աջակցության կազմակերպումը կարեւոր խնդիր է մնում պետական, ՏԻՄ մարմինների ու հասարակական կազմակերպությունների, թերեւս` նաեւ լրատվամիջոցների համար: «Մարդիկ կարիքի մեջ» (People in Need) կազմակերպության հայաստանյան առաքելության Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի մամուլի ասուլիսի հրավերին, սակայն, որը նաեւ երկկողմ համագործակցության հաստատման նպատակ ուներ, միայն առանձին լրատվամիջոցներ էին արձագանքել:

Ինչպես հայտնի է, Եվրոպական հանձնաժողովի եւ Չեխիայի կառավարության ֆինանսավորմամբ գործող հիշյալ կազմակերպությունը 2009 թ. փետրվարից ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հետ համատեղ իրականացնում է «Միգրացիայի եւ ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության» թեմատիկ ծրագրի «Հայաստանի միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» նախագիծը: Երեւանում, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի եւ Լոռու մարզերում իրականացվող ծրագիրը կոչված է ծառայելու Հայաստանի քաղաքացիների անօրինական միգրացիայի կանխմանը, վերադարձողների վերաինտեգրմանը, վիրտուալ հիմնադրամի ստեղծմամբ` արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին նաեւ համապատասխան տեղեկատվության տրամադրմանը:

Ներկայացնելով Շիրակի մարզի ապրիլից գործող միգրացիոն տեղեկատվական կենտրոնի աշխատանքները, այս կառույցի համակարգող Սերգեյ Գաբրիելյանը նախ նշեց, որ իրենք ծրագրի շրջանակներում համագործակցում են պետական եւ ոչ պետական կառույցների, այդ թվում` Գյումրու քաղաքապետարանի, մարզպետարանի, զբաղվածության մարզային կենտրոնի, մարզի 29 հասարակական կազմակերպությունների եւ 7 հավանական գործատուների հետ: Մայիս ամսից կենտրոնում գործում է նաեւ հեռախոսային «թեժ գիծ»: Ապրիլից մինչեւ դեկտեմբեր կենտրոն են դիմել 40 քաղաքացիներ, որոնցից 24-ը եղել են վերադարձածներ, 16-ը` հավանական միգրանտներ: Վերադարձածներից 18-ը եկել են ՌԴ-ից, 6-ըՙ Եվրոպայից: Նրանց ըստ անհրաժեշտության տրամադրվել է իրավաբանական, տնտեսագիտական կամ սոցիալական խորհրդատվություն: Վերադարձածներից 18-ը կենտրոնի միջոցով անցել են գործարարության դասընթացներ, նրանցից 8-ը ներկայացրել են բիզնես ծրագիր, որոնցից էլ 2-ը հաստատվել եւ ֆինանսավորման գործընթացում են:

Կենտրոնում հայրենիք վերադարձածների եւ հավանական միգրանտների համար նախատեսվում է կազմակերպել նաեւ համակարգչային ու հաշվապահական դասընթացներ:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4