«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2009-12-10 | #227, 2009-12-11 | #228, 2009-12-12


«ՌՈՒՍԱԿԱՆ ԿԻՆՈԿՈՄԵԴԻԱՆԵՐԸ ԴԻՏԵԼԻՍ ՈՒԶՈՒՄ ԵՍ ՄԻԱՅՆ ԱՐՏԱՍՎԵԼ»

Գրող, դրամատուրգ Յուրի Արաբովի սցենարով նկարահանված «Հրաշք» ֆիլմը վերջերս ցուցադրվել է Ռուսաստանի կինոէկրաններին: Այդ առիթով ռուսական լրատվամիջոցներում, մասնավորապես «Իզվեստիայում» տպագրվել է Արաբովի հետ հարցազրույց, որտեղ նա խոսել է ոչ միայն նոր ֆիլմի, այլեւ ռուսական կինոաշխարհում կատարվող փոփոխությունների մասին:

- Ձեր ֆիլմում հրաշքն ավելի շատ նման է խիստ պատժի: Ձեր պատկերացմամբ, ի՞նչ է հրաշքը:

- Ինձ հետ հրաշք տեղի ունեցավ բառացիորեն մեկ ամիս առաջ: Առաջին անգամ մեկնել էի Իսրայել` Հայֆայի կինոփառատոնում ներկայացնելու իմ սցենարով նկարահանված երկու ֆիլմ: Ցուցադրությունից առաջ հանկարծ թարգմանչուհին ինձ ասաց. «Մեր հեռախոսները զանգերից պայթում են, ինչ-որ մեկը ձեզ է փնտրում: Ահա, նա կանգնած է այնտեղ»: Միջահասակ տղամարդ էր, արտաքինից դատելով` վաթսունին մոտ, բայց հետո իմացա, որ 78 տարեկան էր: Ինձ հարցրեց.«Յուրա, դու ինձ չե՞ս հիշում, ես Ալիկն եմ, քո տատիկի եւ մորաքրոջ հետ 10 տարի փշալարերի ետեւում ենք եղել»: Պատմեց, որ թաթարների եւ Ղրիմի հույների հետ 1944-ին արտաքսվել էր Յալթայից: Այն ժամանակ 13 տարեկան էր: Նրա պատմածը ոչ մի գրքում չեք կարդա, ոչ մի ֆիլմում չեք տեսնի: Եվ ես միանգամից հասկացա, թե հանուն ինչի էի մեկնել Հայֆա: Ռեժիսոր Ալեքսանդր Պրոշկինի հետ ստեղծած «Հրաշք» ֆիլմում փորձել ենք ցույց տալ մարդուն բնորոշ հատկանիշներից մեկը` հրաշքներին չհավատալը նույնիսկ այն դեպքում, երբ հրաշքը տեղի է ունենում հենց նրա աչքերի առջեւ:

- Ձեր նոր սցենարը կոչվում է «Կլավդիա Շիֆե՞ր»:

- Այո, սցենարը գավառական քաղաքում բնակվող մի աղջկա մասին է, որն արդեն մտածում է ոչ թե ամուսին կամ մշտական սիրեկան ունենալու, այլ դիպվածով որեւէ մեկից հղիանալու մասին: Բայց պարզվում է` տղամարդ չկա, իսկ եղածները բոլորովին այլ հետաքրքրություններ ունեն: Իմ հերոսուհին ամբողջ ժամանակ խոսում է Կլաուդիա Շիֆերի հետ, որի նկարը փակցված է իր տան պատին, եւ որն իր համար կանացիության եւ մայրության տիպար է: Թեման, ինչպես ասում են, ժողովրդագրական է ու բավականին տխուր, չնայած կատակերգություն է: Ռուսաստանում հիմա բոլոր կատակերգությունները դիտելիս ուզում ես միայն արտասվել: Արդեն մոտ 30 տարի աշխատում եմ կինոյում, սակայն միայն վերջին 8 տարիներին եմ զգացել, որ հոգուս մեջ կուտակվածը կարող եմ ուրիշներին պատմել առանց բացասական արձագանքներից վախենալու: Հավանաբար, խոսել կարողանալը եւ ասելու կարողությունը միանգամայն տարբեր բաներ են:

- Ալեքսանդր Սակուրովը երկարատեւ ընդմիջումից հետո ձեր սցենարով նկարահանում է «Ֆաուստ» ֆիլմը: Ինչո՞ւ որոշ ժամանակով ընդհատվեց ձեր համատեղ աշխատանքը:

- Նախ կարծում եմ, որ երկար տարիներ միասին աշխատող մարդիկ հոգնում են իրարից: Բացի այդ, Սակուրովն ունի իր ստեղծագործական ծրագրերը, իր աշխարհը: Երկար ժամանակ օգնում էի նրան իր գաղափարները գրական մակարդակի հասցնելու եւ երբ հասա դրան, սկսեցի զբաղվել իմ աշխարհով եւ այն թեմաներով, որոնք Ալեքսանդրին այնքան էլ հոգեմոտ չէին: Ամեն դեպքում, ես այդպես եմ կարծում: Սկսեցի փնտրել այլ հնարավորություններ եւ ինձ թվում է, որ իմ վերջին ֆիլմերը` «Յուրայի օրը, «Հրաշք», «Մեկ ու կես սենյակ, կամ սենտիմենտալ ճամփորդություն հայրենիքում», որոշ բաներ ասում են իմ անհատականության մասին:

- «Յուրայի օրը» ֆիլմում փոքրիկ քաղաքում օդում չքանում է մի երիտասարդ, որն ասել էր, թե հայրենիքը տհաճություն է պատճառում իրեն: Այդ «չքացումը» նրա պատի՞ժն էր:

- Այդ ամբողջ պատմությունը ծնվել է վախից, որ մտերիմ մարդիկ, որոնց կարելի է մատների վրա հաշվել, հանկարծ անհետանում են մեր կյանքից: Ես այդ վախն ունեցել եմ մանկուց. սարսափում էի, որ մայրս կգնա խանութ ու կանհետանա: Դրանից հետո սեփական վախս վերացնում էի եվրասիական տարածքներում, որոնց, պաթետիկ ոճով ասած, տվել եմ իմ ամբողջ կյանքը: Երբ սկսեցի խորանալ ֆիլմի սյուժեի մեջ, հասկացա, որ գլխավոր հերոսը մայրն է, քանի որ մայրական զգացմունքը կնոջ մեջ ծնվում է այն ժամանակ, երբ նա կորցնում է զավակին ու սկսում է նրան փնտրել ուրիշ մարդկանց մեջ` այդպես դառնալով բոլոր լքված երեխաների մայրը: Կարծում եմ, կարիք չկա բացատրելու, թե ինչ է դա:

- Մեկ տարի առաջ խոսում էին, որ տնտեսական ճգնաժամը կինոյում կարող է զտիչ դեր ունենալ ու վերացնել բոլոր անհեթեթությունները, բայց առ այսօր տեղի է ունենում հակառակ երեւույթը:

- Զտող ճգնաժամը գեղեցիկ պատրանք է: Գիտեմ, թե Սակուրովն իր միջազգային ճանաչումով ինչպես էր «Ֆաուստը» ձեռքին 2 տարի դես ու դեն ընկնում` բայց չէր կարողանում գործը գլուխ բերել: Հիմա Պրոշկին - ավագն է շրջում իմ սցենարով, բայց չի կարողանում նկարահանումները սկսել: Կարծում եմ, մեր կինեմատոգրաֆի բարեփոխումները պետք է ուղղված լինեն ռուսական «փառատոնային» ֆիլմերի վարձույթի ապահովմանը: Պետք չէ մեր կինոէկրանները լցնել ամերիկացիներով, չիպս ուտելով եւ կոկա խմելով նրանց կարելի է դիտել մեկ ուրիշ անգամ: Պետք է բյուջեից գումար հատկացնել այն մարդկանց, ովքեր պատրաստ են ցուցադրել ռուսական «փառատոնային» ֆիլմերը: Ի դեպ, վերջին տարիներին ունեցել ենք վենետիկյան 3 պրեմիերա` Անդրեյ Զվյագինցեւի, Նիկիտա Միխալկովի եւ Գերման - կրտսերի ֆիլմերի: «Օսկարի» արժանացավ Ալեքսանդր Պետրովը, որի նկարահանած ամեն մի կադրը համարվում է արվեստի գործ: Մեկ մրցանակ ունեցանք Կաննում եւ բազում մրցանակներ ավելի փոքր փառատոներում:

Վերջին տարիներին ով պատահի գումար ստացավ եւ ֆիլմ նկարահանեց, բայց 100 ֆիլմից միայն 10 են հետաքրքրություն ներկայացնում: Դա պարզ թվաբանական հաշվարկ է, եւ բոլոր երկրներում գիտեն, որ գլուխգործոց ստեղծելու համար պետք է արտադրել մեծաքանակ աղբ: Ռուսաստանում այդպես ունեցանք տաղանդավոր ռեժիսորների նոր սերունդ` Զվյագինցեվ, Սերեբրեննիկով, Խլեբնիկով, Պոպոգրեբսկի, Սադիլովա, Պրոշկին կրտսեր: Գուցե իմ կարծիքը մի քիչ նայիվ է, բայց, ըստ իս, վերջին 7 տարիներին մեր ֆիլմերը լավագույնն են Եվրոպայում: Կամ լավերի շարքում են: Այդպիսի ֆիլմեր ռուս հանդիսատեսը երբեւէ չէր տեսել: Հիմա որտե՞ղ պիտի երեւան այդ ռեժիսորները, երբ նրանց պատել է «զտող ճգնաժամը»:

- Հավանաբար լսել եք, որ պրոդյուսերներն ու ռեժիսորները դժգոհում են նոր սցենարի հեղինակներ չունենալուց: Որպես ՎԳԻԿ-ի դասախոս ի՞նչ եք կարծում, ի՞նչ է պատահել այդ մասնագիտությանը:

- Պատահել է նույնը, ինչ մյուս մասնագիտությունների, օրինակ, պրոդյուսերականի հետ: Մենք մեծ խնդիր ունենք պատվիրատուների հետ, հատկապես նրանց կուլտուրական մակարդակի հետ: Պրոդյուսերների մեծ մասն առաջնորդվում է միամիտ գաղափարներով, թե ժողովուրդն ապուշ է: Իսկ երբ սցենարիստը քաջություն է ունենում հայտարարելու, որ ինքը խիստ կասկածում է, թե դահլիճում նստածները կատարյալ ապուշներ են, նրան հանում են մեջտեղից: Ես կարող եմ թվարկել սցենարիստների անուններ, ովքեր չնայած իրենց երիտասարդ տարիքին արդեն բավականին կարող ուժեր են` Ռադիոնով, Սոբոլեւ, Գրինշտեյն, Ռոդիմին: 1960-1970թթ. կինոյում աշխատում էին մարդիկ, ովքեր կրում էին պատերազմի վիշտը: Այդ տարիների զրկանքներն ու տառապանքները նրանք պատկերեցին իրենց ֆիլմերում, բանաստեղծություններում, արձակում, իսկ երբ եկավ նոր սերունդը` անհոգ եւ անվիշտ, պարզվեց, որ ասելիք չունի ու բացի մեծ փողերից, կինոյում ուրիշ բան չի ուզում:

Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ


Նկար 1. Կադր «Հրաշք» ֆիլմից


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4