«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2009-12-10 | #227, 2009-12-11 | #228, 2009-12-12


ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Ֆրեզնոյից ծանր լուր հասավ Երեւան: Օրերս, դեռ ութսունը չբոլորած կյանքին հրաժեշտ է տվել անվանի գեղանկարիչ Աշոտ Մելքոնյանը: Նա 1977-ին արժանացել էր Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման եւ հանդիսանում էր 1960-ականների սերնդի տաղանդավոր ներկայացուցիչներից մեկը: Իր անհատական ցուցահանդեսները ջերմ հաջողություն էին ունեցել եվրոպական մի շարք քաղաքներում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում: Համամիութենական մոսկովյան նկարահանդեսում Ա.Մելքոնյանի «Ընտանիք» պատկերը արժանացել է հատուկ մրցանակի:

«Ազգը» առիթ պիտի ունենա Աշոտ Մելքոնյանի արվեստին նվիրված առանձին հոդված տպագրել: Ցավակցելով վրձնի զգայուն վարպետի կորստին, ստորեւ ներկայացնում են նրա գեղանկարչությունը գնահատող մի շարք հայտնի արվեստագետների խոսքեր.

«Մեծ ուրախություն էր իմ համար, երբ Լենինականում ապրելիս ծանոթացա հողի ծնունդ, ազնվական, ցեղական դրոշմով ուշագրավ, տաղանդավոր նկարիչներ Օնիկ Մինասյանին եւ Աշոտ Մելքոնյանին: Նրանք ինձ համար գտնված հարստություն էին: Շատ ուրախ եղա նաեւ, որ մասնակցեցի Էջմիածնի ճեմարանի Կոմիտասին նվիրված գմբեթի նկարազարդմանը, որի մտահղացման հեղինակը Աշոտ Մելքոնյանն էր: Նա գալիս էր ոչ թե ուրիշ տեղից, այլ ինքն իրենից: Նա պատկեր հղանալու հիանալի «կոմպոզիտոր էր»... Մենք, իրեն ճանաչողներս, իր նկարչությունը սիրողներս, զինք չէինք կարող մոռանալ»: «ինճըխ կեղնի, որ Պոլոզ Աշոտը մոռացվի...»:

Հակոբ Հակոբյան

«Ընտանիք» նկարում հերոսների հոգեկան վիճակը նկարչին մղում է պատկերային, իսկ երբեմն այլաբանական` տեսողական սահմանից այն կողմ անցնող զգացողությունների ու համադրումների ողջ շրջանակ: Իր ինքնատիպությամբ բացառիկ է Աշոտ Մելքոնյանի տեղը հայ արդի նկարչության մեջ»:

Դմիտրի Սարաբյանով, արվեստաբան, Մոսկվա

«Մարդասիրություն, նրբին բանաստեղծական աշխարհընկալում, ժամանակի սուր զգացողություն եւ նկարչական «մեղեդային» լեզվի ինքնատիպություն - այս ամենը Աշոտ Մելքոնյանի ստեղծագործության բնորոշ հատկանիշներն են»:

Մարիամ Այվազյան, արվեստաբանության դոկտոր

«Աշոտ Մելքոնյանի կտավները ուժ են ստանում գունային բարեհնչողության ու ազնիվ գծանկարի նրբին ներդաշնակման շնորհիվ: Մայրության թեման, վերածնության զգացումով տոգորված, առանձնահատուկ լուծում է ստացել նրա կտավներում, որոնց շնորհիվ է հայ կնոջ համար սրբազան` հայրենի օջախի պահպանման գաղափարը»:

Բորիս Զուրաբով, արվեստաբան, Մոսկվա

«...Լույսը մեղմ ստվերներին ձուլվելով արծաթ «զգեստ» է հագնում ու միջավայրին տալիս անրջային, երազային խորհուրդ: Արվեստի հմայքը գաղտնի է, ինչպես սերը: Անկեղծությունը իրական ապրումի գրավականն է: Արարման մեջ հասնել կենդանի ապրումի, նշանակում է հասնել ինքնության բացահայտման, իր տեսակի, եզակիության հաստատման: Այդպես ճանաչել ու սիրել ենք գեղանկարիչ Աշոտ Մելքոնյանին:

Շահեն Խաչատրյան


Նկար 1. Ընտանիք. 1967


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4