«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2009-12-11 | #228, 2009-12-12 | #229, 2009-12-15


ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾ ԵՆՔ ՀԻՇԵՑՆԵԼ

Թուրքիայի վարչապետի վաշինգտոնյան այցը, անկախ դրա իրական արդյունքներից, որ, հավանաբար, հայտնի կդառնան ավելի ուշ, նույն տպավորությունն է թողել Բաքվում, ինչ ԽՄԿԿ քաղբյուրոյի` 1988 թվականի փետրվարի 21-ի որոշումը կամ «թանկագին Միխայիլ Սերգեեւիչի» հայտնի «Դիմումը», եւ Ադրբեջանի «քաղաքագիտական» ու «վերլուծաբանական» հանրությունը ներկայումս ջանք չի խնայում «սեղմ ժամկետներում» համոզելու սեփական հանրությանը, որ Լեռնային Ղարաբաղի հարցի «հանգուցալուծումը շատ մոտ է»:

Այդ ամենը ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ, իսկ մենք պարտավոր ենք հարեւան ժողովրդին, իր իսկ անհարմար կացությունը իրեն հասկացնելու մարդկային պարզ մղումից դրդված, հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման բանալին երբեւէ չի գտնվել, այժմ առավել եւս չի գտնվում ոչ Վաշինգտոնում, ոչ Մոսկվայում, ոչ էլ Անկարայում:

Անցած ամբողջ ժամանակը պիտի ադրբեջանական հանրության համար բացահայտած լիներ մի պարզ ճշմարտություն. եթե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի ընդունում որեւէ լուծում, ապա ով էլ հանդես գա իբրեւ «երաշխավոր», ամեն ինչ դատապարտված է:

Անցել են այն ժամանակները, երբ ժողովուրդների բախտը հնարավոր էր որոշել գաղտնի համաձայնություններով: Այդ փորձը նույնպես կիրառվել է, բայց վերջնարդյունքում Թուրքիային չի հաջողվել ամբողջ Արեւելյան Անդրկովկասը հռչակել «երկրորդ թուրքական պետություն»: Նույնիսկ` երբ օգտագործվել է Անատոլիայում «խորհրդային սոցիալիստական հանրապետություն» ստեղծելու խայծը:

Ներկա աշխարհակարգը կառուցվում է հանդուրժողականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման, ուժի կիրառումը բացառելու սկզբունքների հիման վրա: Եվ հուսալ, թե «աշխարհի հզորները» Լեռնային Ղարաբաղը սկուտեղի վրա մատուցելու են Ադրբեջանին, առնվազն միամտություն է:

Սկիզբ առած եւ թափ հավաքող ադրբեջանական քարոզչությունը, հավանաբար, այդ երկրի բյուջեից կամ համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամից ահռելի գումարներ է խժռում: Հակված լինելով հասկանալու, որ Ադրբեջանն ունի հրատապ լուծման ենթակա այլ խնդիրներ, ուզում ենք ափսոսալ, որ այդքան թանկ միջոցները վատնվում են:

Ի վերջո. որպեսզի ադրբեջանական հանրությունը գայթակղություն չունենա մտածելու, թե իշխանությունները գոնե «ազգային նշանակության» հարցում իրեն չեն խաբում, պարտավորված ենք ասել.

ա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախ, ինքնիշխան պետություն է.

բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը պատրաստակամ է մինչեւ վերջ պաշտպանելու իր անկախությունն ու ինքնիշխանությունը` իր համար ընդունելի եւ արդեն իսկ հռչակված սահմաններում` ունենալով անվտանգության ազգային համակարգ.

գ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը գտնում է, որ ԼՂՀ անկախությունը չի սահմանափակում Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ չի մասնատում վերջինիս տարածքային ամբողջականությունը.

դ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջը քննարկել ադրբեջանական հանրության համար իրական հետաքրքրություն ներկայացնող հարցերի ողջ համալիրը:

Մենք գտնում ենք, որ ներկա պահին ադրբեջանական կողմն ունի եւս մեկ հնարավորությունՙ հասնելու խաղաղության: Եվ եթե այն չօգտագործվի, ապա հետեւանքների համար պատասխանատվությունը կծանրանա Ադրբեջանի իշխանությունների վրա, որոնք հետեւողականորեն բռնաճնշում են իրենց ժողովրդի կամքի ազատ արտահայտությունը:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4