«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2009-12-11 | #228, 2009-12-12 | #229, 2009-12-15


«ԶԳՈՐԾՍ ՁԵՌԱՑ ՄԵՐՈՑ ՈՒՂԻՂ ԱՐԱ Ի ՄԵԶ, ՏԵՐ...»

Նշվեց Շիրակի թեմի առաջնորդի պաշտոնավարման 10 տարին

1999 թվականի դեկտեմբերին, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, Շիրակի թեմի առաջնորդական տեղապահ նշանակվեց 36-ամյա Տեր Միքայել ծայր. վարդ. Աջապահյանը , ով 2001 թ. ձեռնադրվեց եպիսկոպոս եւ հաստատվեց որպես թեմակալ առաջնորդ: Սրբազան հոր առաջնորդական արդեն լրացած 10-ամյա գործունեության գնահատումն էր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի լի դահլիճում տեղի ունեցած հանդիսությունը, որին մասնակցում էին Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրեր, տարբեր թեմերի առաջնորդներ, Շիրակի մարզային իշխանության եւ համայնքների, Գյումրու հասարակայնության, մտավորականության ներկայացուցիչներ, հյուրեր մայրաքաղաքից եւ հանրապետության այլ վայրերից:

Հանդիսությունը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Սրբազան հոր կենսագրության եւ անցած հոգեւոր ուղու ուշագրավ էջերը ներկայացրեց Արթուր սարկ. Ղազարյանը : Տեր Միքայել եպս. Աջապահյանը պատկանում է պատմական նշանավոր այն տոհմին, որի ներկայացուցիչները 135 տարի զբաղեցրել են Կիլիկիո կաթողիկոսական գահը Սիսում (10 կաթողիկոս եւ բազմաթիվ այլ աստիճանի հոգեւորականներ)` լինելով պահապանները Սբ Գրիգոր Լուսավորչի Աջի... 1915 թվականին, Մեծ աղետի ժամանակ, Աջապահյանների ընտանիքը եւս եղեռնազարկ է եղել: Աքսորի ճանապարհին անապատում, չդիմանալով անմարդկային տանջանքներին, տատը մահացել է, իսկ պապին հաջողվել է երկու մանկահասակ տղաների հետ փրկվել եւ սկզբում հիմնավորվել Դամասկոսում, ապա Բեյրութում: 1946-ին նրանք ներգաղթել են Հայաստան` Գյումրի: Այստեղ հայրը` Արտաշես Աջապահյանն ամուսնացել է իր պես եղեռնապուրծ Իսկուհու հետ, ունեցել երկու որդի, որոնցից մեկն ինքն է եղել, ավազանի անունով` Գեւորգ: Եվ արդեն պատանի հասակում հորից իմանալով իրենց ազգանվան ծագման մասին, ինքը հասկացել է, որ պարտավոր է շարունակել տոհմական ավանդույթը, ուստի դպրոցն ավարտելուց հետո դիմել եւ ընդունվել է Սբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարան: 1988-ին ձեռնադրվել է աբեղա եւ ստացել Միքայել անունը` ի հիշատակ 1909 թ. Ադանայի ջարդերի ժամանակ նահատակված Միքայել ծ. վրդ. Աջապահյանի: Հոգեւոր ծառայության ավելի քան երկտասնամյա ուղու ընթացքում նա տարբեր տարիների եղել է, մասնավորապես, Ամենայն հայոց կաթողիկոսի անձնական քարտուղար, Գեւորգյան ճեմարանի դասախոս, փոխտեսուչ, հովվական պարտականություն է կատարել Եղեգնաձորի Սուրբ Խաչ վանքում, այնուհետեւ` Արցախի Գանձասարի վանքում, աստվածաբանական կրթությունը շարունակել է Հռոմում, աշխատել Հայ առաքելական եկեղեցու միջեկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար, 1999 թ. ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հանձնաժողովի անդամ:

Միքայել սրբազանի օրոք թեմում աննախադեպ թափ է ստացել եկեղեցաշինությունը. այժմ թեմի գործող եկեղեցիների թիվն անցնում է 30-ից, դրանցից ավելի քան կեսում ամեն կիրակի սբ պատարագ է մատուցվում: Այսօր թեմը ունի 19 քահանա, 4 սարկավագ, դպրաց դաս, քահանաները հոգեւոր սպասավորություն են իրականացնում մարզի տարբեր շրջաններում, ամեն համայնք ունի գեթ իր այցելու հոգեւոր հովիվը: Պարբերական ու կանոնավոր բնույթ ունեն իր` սրբազան հոր այցելությունները մարզի 119 համայնքներ, որոնցից 105-ում նա արդեն հասցրել է նաեւ անձամբ կիրակնօրյա պատարագ մատուցել, իր հովվական խոսք ու պատգամը հղել ժողովրդին:

Առաջնորդ հաստատվելու առաջին իսկ ամսից հիմնադրվել եւ անխափան լույս է տեսնում թեմի «Սբ Յոթվերք» ամսաթերթը, «Ցայգ» հեռուստատեսության եթերով կանոնավոր հեռարձակվում է «Եղիցի լույս» հաղորդաշարը, որի ընթացքում առաջնորդն ուղիղ եթերով զրուցում է իր հոտի հետ: Թեմի սոցիալական եւ մշակութային բաժինները, զարգանալով եւ ընդարձակվելով, անցյալ տարի վերածվեցին Հայաստանում այսօր իր տեսակի մեջ միակ եւ արդեն եռանդուն գործող, սիրված օջախ դարձած սոցիալ-կրթական կենտրոնի, որի համար հիմնովին նորոգվեց ու կահավորվեց աղբանոցի վերածված նախկին բաղնիքի շենքը: Գյումրու Սպայի տան նախկին շենքի ընթացող հիմնանորոգումից հետո այստեղ շարք կմտնի Հայորդյաց տունը, իսկ Արփի լճի ափամերձ գոտում, Եղնաջուր գյուղում ամեն ամառ գործում է «Վերադարձ դեպի բնություն» մանկական ճամբարը: Նոր հիմքերի վրա է դրվել դպրանոցի գործունեությունը, վերջինս կարճ ժամանակահատվածում համալրվել է ավելի քան 30 շիրակցի ուսանողներով, որոնցից 10-ն արդեն իբրեւ քահանա ծառայում են Շիրակի եւ այլ թեմերում: Հառիճավանքի համալիրում ընթացող նորոգության ավարտից հետո Շիրակի դպրանոցը, որը ժամանակավոր տեղափոխվել է Սեւան, կվերահաստատվի այստեղ...

Առաջնորդ սրբազանի պաշտոնավարման 10-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպս. Չուլջյանը հրապարակեց այդ առթիվ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը: Սրբազան հորը ողջունեցին եւ նրա մասին գնահատանքի ջերմ խոսքեր ասացին Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը, նույն թեմի նախկին, ամենաերկարամյա առաջնորդ Նարեկ եպս. Շաքարյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սերգո Հայրապետյանը, ուրիշներ: Նվերներ հանձնվեցին, իսկ Լոռու մարզի «Մաշտոց» կրթամշակութային հիմնադրամը սրբազանին պարգեւատրեց «Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին» մեդալով:

Իր բազմահասցե շնորհակալական խոսքում գոհություն հայտնելով առ Աստված` իրեն մեր ժողովրդին ծառայելու արժանի համարելու, «հազար տարվա կիլիկեցի լինելուց հետո 46 տարվա գյումրեցի» լինելու հնարավորության համար, Միքայել եպս. Աջապահյանը մասնավորապես նշեց, թե եկեղեցաշինությունը (լայն իմաստով) իր համար պետականաշինության մասն է կազմում: Որովհետեւ առանց հոգու չկա մարմին, եւ եթե աշխարհիկ իշխանությունները կերտում են երկրի, մարզի մարմինը, ապա հոգեւորականները պետք է հոգան հոգու խնդիրը:

«Ես պարզապես արեցի այն, ինչ որ պարտավոր էի անել... եւ ոչինչ ավելին չկարողացանք անել: Որովհետեւ, որ չափում եմ` ինչ պետք է արվի դեռ, արվածը դրա համեմատ չնչին է թվում», ասաց սրբազան հայրը: Եվ վկայակոչելով Նավասարդ սրբազանի խոսքը, նշեց, թե երբ դուք բոլորդ ձեր առօրյա զբաղումներով եք զբաղված, իմացեք, որ եկեղեցվո խորանի առջեւ ինչ-որ մի հոգեւորական ժամապահի պես կանգնած` աղոթում է ձեր բոլորի համար:

ՀԱՄԼԵՏ ՄՈՍԻՆՅԱՆ, ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4