«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2009-12-15 | #230, 2009-12-16 | #231, 2009-12-17


ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ

«Քաղաքական մշակույթի եւ համաձայնությունների զարգացման «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը Գյումրիում դեկտեմբեր ամսվա սկզբից ձեռնամուխ է եղել «Աղետի գոտու անօթեւանների իրավունքների պաշտպանություն, բնակարանների բաշխման գործընթացի` պայմանագրերի եւ հերթացուցակների հանրային մոնիտորինգ» ծրագրի իրականացմանը: «Բաց հասարակության ինստիտուտի» օժանդակության հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագիրը, ինչպես հրավիրված մամուլի ասուլիսում նշեց վերջինիս ղեկավար Վահան Թումասյանը, հետապնդում է չորս հիմնական նպատակներ. անօթեւանների իրազեկում բնակարանների բաշխման գործընթացի եւ իրենց իրավունքների մասին, անօթեւանների շահերի եւ իրավունքների պաշտպանություն, բնակբաշխման գործընթացի հանրային մոնիտորինգի իրականացում, այդ գործընթացի ուսումնասիրություն եւ դրա կատարելագործմանն ուղղված առաջարկությունների փաթեթի պատրաստում:

Երկրաշարժից հետո բնակարանների բաշխման գործընթացը, ըստ բանախոսի, «երբեք չի կրել համակարգված բնույթ, եւ անհրաժեշտ վերահսկողության բացակայության պատճառով դրանում մշտապես տեղ են գտել օրինախախտումներ»: Գուցե նաեւ այդ պատճառով է, որ միայն Գյումրիում աղետից անօթեւանների հերթացուցակում դեռեւս հաշվառված են մնում 4000 ընտանիքներ: Ծրագրով բոլոր բնակարան ստացողների ցուցակները պարբերաբար հրապարակվելու են տեղական հեռուստատեսություններով, իսկ Գյումրու տնակային ավանների ստեղծված քարտեզը եւ բնակարանների բաշխման մասին առկա ողջ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով տեղադրվել ու են «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի վեբկայքում:

Այս տարի «Գլենդել հիլզ» ընկերության կողմից կառուցվող 1054 բնակարանների բաշխման գործընթացը համապատասխան հանձնաժողովում սկսված է: Այդ նպատակով նոյեմբեր ամսին հանձնաժողովի աշխատանքային խումբը պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու էր հրավիրել հերթացուցակի 1200 անօթեւաններին, սակայն տարբեր պատճառներով նրանցից հանձնաժողով են ներկայացել 726-ը: Ըստ ՀԿ-ի ուսումնասիրության, փաստաթղթեր չներկայացրած անօթեւանների առաջին խմբում այն ընտանիքներն են, ովքեր ամբողջությամբ կամ ընտանիքի տարբեր անդամներ բացակայում են քաղաքից, հանրապետությունից եւ տարբեր պատճառներով չեն կարող լիազորագրեր ուղարկել, ուստի նրանց փաստաթղթերի փաթեթն ամբողջական չէ: Երկրորդ խմբում այն անօթեւաններն են, որոնք երկու կամ ավելի ընտանիքով հաշվառված են նույն հասցեում, այսինքնՙ մեկ բնակարանին հավակնում են մեկից ավելի ընտանիքներ, եւ նրանց միջեւ չի կայանում փոխհամաձայնություն հասանելիք բնակարանի պատկանելության, ըստ այդմ փաստաթղթեր ներկայացնելու առումով: Համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց խուսափում են այն ընտանիքները, ովքեր ներկայումս բնակվում են քաղաքի կենտրոնական մասում գտնվող ժամանակավոր կացարաններում եւ ցանկություն չունեն տեղափոխվելու ծայրամասում կառուցվող բնակարաններ: Կան նաեւ բազմաթիվ անօթեւաններ, որոնց փաստաթղթեր չներկայացնելու պատճառն անիրազեկությունն է:

Ծրագրի պատասխանատուի գնահատմամբ` ՀՀ կառավարությունը, ելնելով աղետի գոտում բնակարանի սպասող անօթեւանների շահերից, պետք է շուտափույթ անդրադառնա այս եւ նման հիմնախնդիրներին ու դրանց լուծման նպատակով կատարի համապատասխան փոփոխություններ բնակարանների բաշխման կարգում:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4