«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2009-12-17 | #232, 2009-12-18 | #233, 2009-12-19


ԻՍՊԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ ԿԻՐԻԼ ՌՈԶԼՈԳՈՎԻ «ԿՈՒԼՏ ԿԻՆՈՅՈՎ»

Կինոգետ Կիրիլ Ռոզլոգովի «Կուլտ կինո» հեղինակային հաղորդումը դեկտեմբերի 23-26-ը կնվիրվի իսպանական կինոյին: Դեկտեմբերի 23-ին 23.50 կցուցադրվի ռեժիսոր Ինես Պարիսի «Միգելը եւ Ուիլյամը» գեղարվեստական ֆիլմը, որում պատկերված է տարբեր մշակույթների բախումըՙ իսպանացիների հայացքով: Ֆիլմում հանդիպում են Սերվանտեսն ու Շեքսպիրը, երեւակայական հանդիպում, որ երբեւէ տեղի չի ունեցել, սակայն կարող էր լինել երկուսի կենդանության օրոք, երբ Սերվանտեսն արդեն ալեհեր էր, իսկ Շեքսպիրը բոլորովին երիտասարդ: Դեկտեմբերի 24-ին 23.50 կցուցադրվի ռեժիսոր Մանուել Արագոնի «Դոն Կիխոտ իշխանը» ֆիլմը, որը համարվում է Սերվանտեսի ստեղծագործության ամենահաջողված էկրանավորումըՙ խիստ դասական ոճով: Շքեղ հանդերձանքը եւ ձեւավորումն այդ ժամանակաշրջանն արտացոլում են ամենայն արտահայտչականությամբ: Դեկտեմբերի 25-ին 23.50 կցուցադրվի ռեժիսոր Մանուել Իբորի «Հիմարիկը» ֆիլմը : Իր ֆիլմի մասին ռեժիսորն ասել է. « Լոպե դե Վեգան իր պիեսի ամեն մի էջում խոսում է սիրո ու միմիայն սիրո մասին: Սերը միշտ եղել է այն զգացմունքը, որ մարդուն դարձրել է ավելի համարձակ, խիզախ եւ երջանիկ եւ ապրելու բուռն ցանկություն է առաջացրել: Այս ֆիլմը նկարահանելով ցանկացել եմ ցույց տալ, թե ինչպես է սերը կերպարանափոխում մարդունՙ նրա կյանքը դարձնելով ուրախ, ջերմ ու քնքուշ: XVII դարի մռայլ իրականության փոխարեն ցանկացել եմ ցույց տալ թեթեւ, գունեղ ու լավատեսությամբ լի Իսպանիան»: 26 դեկտենբերի 22.20 - Մարկոս Կարնեվալեի «Էլսան եւ Ֆրեդը» մելոդրամայի հերոսներըՙ հրաշալի դերակատարների միջոցով փորձում են համոզել, որ 70 տարեկանից հետո կյանքը միայն սկսվում է:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4