«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2009-12-25 | #238, 2009-12-26 | #239, 2009-12-29


ՆՈՒՅՆԻՍԿ ՄԱՀՆ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆՈՒՄ

1944 թվականին Ալբեր Քամյուն գրել է «Նամակներ գերմանացի բարեկամիս» էսսեն: Լինելով ֆրանսիական դիմադրության շարժման անդամ, Քամյուն «նամակներ»-ից մեկում պատմում է մի դեպք, թե ինչպես էր ֆաշիստական պատժիչ զորախմբի անդամ քահանան «ի վերին Երուսաղեմ» ճանապարհում ֆրանսիացի ազատամարտիկներին: Ցնցողն այն է, որ գերմանացի քահանան փախուստի դիմած ֆրանսիացի կամավորականին հետ բերելու համար ծեծում է բեռնամեքենայի խցիկը` ստիպելով, որ ֆաշիստական պատժիչ ջոկատի հրամանատար սպան կանգնեցնի շարասյունը եւ ...

Այս դեպքը նկարագրելով, Քամյուն դիմում է իր գերմանացի բարեկամին. «Հաղթելու համար դուք զորակոչել եք անգամ աստծուն, բայց, միեւնույնն է, դուք պարտված եք»: Երեւի թե մեծ մտածողն ուզեցել է ասել. «Դուք պարտված եք, որովհետեւ զորակոչել եք անգամ աստծուն»:

Այսինքն` կան սրբություններ, որ զորակոչի ենթակա չեն: Չի կարելի զորակոչել մարդկային սոսկական խիղճը:

Քամյուի «Նամակներ»-ը հիշեցի` ադրբեջանական մամուլում կարդալով, որ մահացել է Ազադ Շարիֆովը:

Հանգուցյալի «առավելությունները» թվարկելու կարիք չկա:

Նրան եւ իր գործը թող գնահատի ադրբեջանական հանրությունը:

Արտառոցն այն է, որ ադրբեջանական մամուլը հարկ է համարել հատուկ շեշտել, որ «ժամանակին Ազադ Շարիֆովին հեռակա մահվան էր դատապարտել ԱՍԱԼԱ-ն»:

Ի՞նչ կապ ունի Ազադ Շարիֆովը ԱՍԱԼԱ-ի հետ:

Պարզվում է` հանգուցյալի գրչին է պատկանում «Հայկական տեռորիզմ» գիրքը, որի համար էլ, իբր, ԱՍԱԼԱ-ն նրան մահվան էր դատապարտել:

Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանում շատ կուզենային, որ Ազադ Շարիֆովը, որը խորհրդային տարիներին «Ազերինֆորմ» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն է աշխատել, մեռներ ոչ թե ստամոքսի խոցի արյունահոսությունից, այլ... սպանվեր: Այն էլ` հայ վրիժառուի գնդակից: Հատկապես` ոչ Բաքվում, բայց ճակատագիրն այնպես է տնօրինել, որ պաշտոնաթողությունից հետո կատարյալ մոռացության մատնված մարդը կյանքի 79-րդ տարում մահկանացուն կնքել է սեփական բնակարանում` հարազատների աչքի առաջ:

Ինչ վերաբերում է Շարիֆովի «լրագրողական գոհարներին», ապա դրանք հայությանը հայտնի են վաղուց եւ որեւէ զգացողություն, բացի խղճահարությունից, նրա հոգում չեն արթնացնում:

Սրբություններ կան, որ քաղաքական կոնյունկտուրայի չպիտի ծառայեցվեն: Այդ թվում` մահը: Նույնիսկ` Ազադ Շարիֆովի մահը, որից, հավատացնում եմ, հայ ժողովուրդն իրեն ոչ վատ է զգում, ոչ էլ առանձնապես լավ:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4