«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2010-01-21 | #9, 2010-01-22 | #10, 2010-01-23


«ԱՎԱՏԱՐԸ» ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ավատարը որեւէ աստվածության երկնքից երկիր իջնելն ու վերամարմնավորվելն է, երկրային կերպարանք ստանալը, որ հիմնականում կապվում է հինդուական փիլիսոփայության մեջ Վիշնու աստվածության վերամարմնավորման հետ: Փոխաբերական իմաստով որեւէ նոր միջավայրում հարմարվելն է, ինքն իրեն վերագտնելը:

«Ջեյմս Կեմերոնի այս նոր գլուխգործոցը միաժամանակ ե՛ւ շատ խորն է, ե՛ւ բավականին պարզունակ», բրիտանական «Գարդիան» թերթում (հունվարի 12-ի համարում) գրում է սյունակագիր եւ 2 գրքերի («Համաձայնության դարը» եւ «Գերված պետությունը: Բրիտանիայի գերեվարումը կորպորատիվների կողմից») հեղինակ Ջորջ Մոնբիոն : «Խորն է, որովհետեւ այլ մշակույթի հետ շփումը ներկայացված է գիտակից եւ ճշգրիտ ձեւով», բացատրում է նա, նշելով, որ տվյալ դեպքում եվրոպացիների եւ ամերիկացի բնիկների` հնդկացիների մասին է խոսքը, իսկ «պարզունակ է, որովհետեւ ամերիկյան ավանդական «happy end»-ին հավատարիմ մնալու ցանկությունը նյութը դարձրել է բավականին «սենտիմենտալ»:

Որքան էլ ֆիլմը «աղմկարար» ու «դաժան» իրադարձություններով ողողված լինի, միեւնույն է, հատկապես մեծահասակ հանդիսատեսի համար ֆիլմը հստակ եւ շատ կարեւոր ասելիք ունիՙ սպառելուց եւ ոչնչացնելուց բացի մենք պարտավոր ենք նաեւ ինչ որ բան վերադարձնել բնությանը, փոխհատուցել ու պահպանել այն, այդպես պահպանելով նաեւ այնտեղ ապրող մարդկությանը: Ահաբեկչության դեմ ահաբեկչությունը կարող է միայն համատարած ավերածություն առաջացնել: «Նյու Յորք թայմսի» դեկտեմբերի 26-ի համարում Ադամ Քոհենը գովասանքի խոսքեր ասելով ֆիլմի մասին, նշում է, որ այն ճշմարտացիորեն բացահայտում է «տոտալիտար եւ ցեղասպանամետ ռեժիմին» հատուկ սկզբունքներն ու կիրառած մեթոդները: «Բայց ֆիլմը հյուսում է մի պատմություն, որը ոչ ոք չի ուզում լսել, որովհետեւ մարտահրավեր է այն ապրելակերպին, որ մենք ընտրել ենք մեզ համար», գրում է Ջորջ Մոնբիոն եւ այնուհետեւ բերում է մի քանի հետաքրքրական եւ մինչեւ այժմ շատերին անծանոթ տվյալներ ամերիկացի գիտնական Դեյվիդ Ստաննարդի «Ամերիկյան ցեղասպանությունը» գրքից` հրատարակված 1992-ին Օքսֆորդի համալսարանի հրատարակչատան կողմից: Ահա մի քանի օրինակներ. «1492-ին մոտ 100 մլն բնիկներ էին ապրում Ամերիկաներում: Մինչեւ 19-րդ դարի վերջը ոչնչացվել էին գրեթե բոլորը: Ոմանք մահացել էին հիվանդությունների հետեւանքով, սակայն զանգվածային բնաջնջումը կազմակերպված բնույթ էր կրել»:

«Երբ իսպանացիները Ամերիկա հասան, ի հակադրություն պատերազմից հալումաշ եղած ու սովի մատնված եվրոպացի բնակչության, նրանք գտան (ացտեկներից եւ ինկաներից բացի) առողջ, խաղաղ ու ժողովրդավար մի հասարակություն, որը նաեւ շատ հյուրասեր էր: Բայց դա չմեղմեց ամեն ինչ քանդելու եւ բոլորին սպանելու նրանց մոլուցքը: Սպանդը սկսվեց Կոլոմբոսի ժամանակաշրջանից, երբ նրան ընկերացողները ամենավայրագ ձեւով ոչնչացրին Հիսպանիոլայի (այժմյան Հաիթի եւ Դոմինիկյան Հանրապետություն) բնակիչներին: Նրա զինվորները մանուկներին պոկում էին իրենց մայրերից եւ գլուխները ջարդում էին ժայռերին հարվածելով: Նրանք իրենց շներին կերակրում էին երեխաներով: Հնդկացիներին նրանք կամ կախում էին, կամ այրում ողջ-ողջ: Մինչեւ 1535թ. Հիսպանիոլայի 8 մլն բնակչությունը ամբողջովին բնաջնջվել էր: «Կոնկիստադորները» (զավթիչները) իրենց այս «քաղաքակիրթ» առաքելությունը այնուհետեւ շարունակեցին Կենտրոնական եւ Հարավային Ամերիկաներում: Երբ չէին կարողանում գտնել «թաքնված» առասպելական գանձերը, բնիկներին տանջում էին, խեղդում, անդամահատում, կախում կամ այրում էին: Նրանց ժամանումից մեկ դար անց, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկաների բնիկների 95 տոկոսն արդեն բնաջնջվել էր»:

«18-րդ դարում Կալիֆոռնիայում իսպանացիները հետեւողականորեն առաջ տարան նույն քաղաքականությունը: Սերրա անունով Ֆրանցիսկան մի հոգեւորական առաքելական «հավաքավայրեր» էր հիմնել, որոնք իրականում «համակենտրոնացման ճամբարներ» էին, որտեղ շահագործվում էր ստրուկների աշխատանքը: Բնիկները նույնիսկ մեկ հինգերորդ չափով նվազ սնունդ էին ստանում, քան սեւամորթ աֆրո-ամերիկացիները: «Հետո եկան բրիտանացիները, եւ նրանց ցեղասպանական արարքները հավանության արժանացան ամենաբարձր մակարդակներում` նախագահներ Վաշինգտոնի եւ Ջեֆերսոնի կողմից: Այսօր այդ բոլոր սպանությունների մեղավորները եւ նրանց հավանություն տվողները դարձել են ազգային կամ կրոնական հերոսներ»: Սա ընդամենը մի փոքր մասն է Մոնբիոնի հոդվածում նշված տեղեկությունների: Բայց մեր ժամանակներին հասնելով կարելի է ավելացնել նախեւառաջ հայերի 1915 թվի ցեղասպանությունը, այնուհետեւ հրեաների Հոլոքոսթը, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները եւ, անշուշտ, «Նեոկոնների» մոլուցքային հարձակումները Իրաքի վրա, իսկ դրանից շատ առաջ նաեւ Վիետնամի եւ Աֆղանստանի վրա: Զուգահեռներ կարելի է անցկացնել ժամանակակից շատ իրադարձությունների հետ, եւ հենց դրանով է ֆիլմն արժեւորվում:

Ժամանակն է զարթնելու եւ վերջ տալու այդ վայրագություններին: Սա է ֆիլմի պատգամը:

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4