«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2010-01-23 | #11, 2010-01-26 | #12, 2010-01-27


ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է

Բելգիայում մեծ ջանքեր հայկական դպրոցն ամուր պահելու

Բելգիայի հայ համայնքն ունի տասնամյակների պատմություն: Պատմական տարբեր իրադարձությունների հետեւանքով տարեցտարի աճել է հայերի արտագաղթը: Հուժկու առաջին ալիքը, որը հայերին մղեց Եվրոպա, չարաբաստիկ ցեղասպանությունն էր: Օսմանյան կայսրությունից մազապուրծ հայերը ժամանակի պարտադրանքով հանգրվանեցին Եվրոպայի տարբեր հատվածներում: Այսպես հայ սփյուռքի հիմնական կորիզը դարձան Արեւմտյան Հայաստանից ու Կիլիկիայից բռնագաղթված առաջին հայերը, որոնք հետագայում համալրվեցին նաեւ լիբանանահայերով, սիրիահայերով, պարսկահայերով, իսկ վերջին 10-15 տարիներինՙ հայաստանահայերով:

Պաշտոնական տվյալներովՙ այժմ երեսուն հազար հայեր են բնակվում Բելգիայում: Թվաքանակն օրեցօր ավելանում է: Այստեղ գործում են հայկական տարբեր կազմակերպություններ, բայց չգիտես ինչու առկա են անհասկանալի տարանջատումներ նոր եւ հին սփյուռքի միջեւ: Տիրում է անբացատրելի ներքին լարվածություն, հակասություն, նաեւ անվստահություն, որն առավել ընդգծուն է հատկապես հայկական եկեղեցում կամ, ասենք, նոր եւ հին «հայ տների» կողմից կազմակերպվող միջոցառումների ընթացքոմ: Բելգիայում գործում են հին եւ նոր սփյուռք կամ այսպես կոչված «թուրքահայերի» եւ «հայաստանահայերի» «հայ տներ»: Յուրաքանչյուրն իր հերթին միջոցառումները կազմակերպում է նեղ շրջանակներում, հատուկ հրավիրատոմսերով միայն: Ինչը յուրովի պատնեշ է ստեղծում առավել մոտից ծանոթանալու, շփման եզրեր ստեղծելու, հարաբերություններ զարգացնելու առումով: Կարելի է ասելՙ ստեղծված է որոշակի վերնախավ, որն էլ ընտրում է իր միջավայրը: Հայերի մեծամասնությունը հիասթափված նմանօրինակ անտարբեր, արհամարհական վերաբերմունքից, նախընտրում են շփվել օտար ազգերի հետ, ազատ ժամանակը տնօրինել օտարների միջավայրում, եւ հայ երեխաներն ավելի շուտ ընդօրինակում են օտարների սովորույթներն ու ավանդույթներըՙ աստիճանաբար հետ մղելով հայկականը:

Բազմաթիվ հայ ընտանիքներում երեխաները չեն կարողանում հստակ հայերեն խոսել, իսկ գրել-կարդալ ընդհանրապես չգիտեն, բացարձակ ծանոթ չեն հայոց պատմությանն ու գրականությանը: Օտար ազգերին ձուլվելու վտանգն օրեցօր առավել անմիջական է դառնում:

Թերեւս հիմքում այս խնդիրն էր նաեւ, որ հայտնի ադամանդագործ Արսլանյանների ընտանիքի աջակցությամբ Բելգիայի Մեխելեն քաղաքում կազմակերպվել էր հայկական երեկո, որը կարելի էր որակել միասնության եւ համերաշխության երեկո: Ներկա էին բազմաքանակ հայեր, իսկ ամենակարեւորըՙ չկար խտրականություն, թե ով որ երկրից է ժամանել, չկար նաեւ անձի պատկանելության խնդիր, տոմսերը հասանելի էին բոլորին: Պարոն Արսլանյանի այսօրինակ նախաձեռնությունը գուցե նախասկիզբն էր պատռելու այսպես կոչված պատնեշ-վարագույրը, որը տարիներ ի վեր առկա է նոր եւ հին սփյուռքի միջեւ: Երեկոյի պատվավոր հյուրն էր Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը:

Միջոցառման նպատակն էր նաեւ ամփոփել Բելգիայում գործող «Համազգային հայ կրթական եւ մշակութային միության» աշխատանքը: Հիշեցնենք, որ միությունը հիմնադրվել է Բեյրութում 1920-ինՙ Նիկոլ Աղբալյանի, Լեւոն Շանթի եւ Համո Օհանջանյանի ջանքերով:

Բելգիական մասնաճյուղը ներկայացնում է Արմեն Արսլանյանը : Միության վարչությունը կազմված է յոթ անդամներից, որոշումներն ընդունվում են անդամների միասնական համաձայնությամբ միայն: Հիմնական ծրագիրը կրթական եւ մշակութային խնդիրներն են: Ներկայումս միությունը Արսլանյանների եւ «հին հայ տան» աջակցությամբ հովանավորում է Անտվերպենի եւ Մեխելենի շաբաթօրյա դպրոցներն ու պարի խմբակը :

Անտվերպենի, որը մեծությամբ Բելգիայի երկրորդ քաղաքն է, Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի պատասխանատու Մարգարիտ Խաչատրյանի բացման խոսքը կոչ էր նաեւ հայ ընտանիքներին: Նա նշեց, որ սփյուռքի առաջնային խնդիրը հայապահապանությունն է: Առանց հայ մշակույթի, հայոց պատմության եւ գրականության, երգ ու պարի մեր սերունդը չի կարող հայեցի դաստիարակվել եւ ինքնությունը պահպանել: Երեխաները կարող են ստանալ լավագույն կրթություն, հասնել մեծ բարձունքների, դառնալ գիտնականներ, բժիշկներ, արվեստագետներ, բայց չունենալով հայի ոգին, հայեցի դաստիարակությունըՙ չեն կարող հայ մնալ: Թերեւս այս էր հիմնախնդիրը, որ միության վերաբացումն անհրաժեշտություն էր, ընդգծեց «Համազգային» միության անդամը, տեղեկացնելով, որ դպրոցները նախկինում եւս գործել են, սակայն անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով երեխաների թվաքանակն աստիճանաբար կրճատվել է: Հայկական դպրոցները երկրորդ պլան էին մղվում: Ուստի անհրաժեշտ էր թարմություն: Կազմվեցին նոր ծրագրեր: Հայաստանի կառավարության աջակցությամբ 220 կգ դասագրքեր բերվեցին Բելգիա, որի տեղափոխումը ֆինանսավորվեց Արսլանյանների ջանքերով: Հայոց լեզվից եւ գրականությունից բացի դպրոցներում մտցվեցին նաեւ հայոց պատմության դասեր: Մեխելենում ստեղծվեց հայկական պարի խմբակ: Կազմակերպվեց եռօրյա արշավ, որը երեխաներին նոր լիցք հաղորդեց, դպրոցի նկատմամբ դարձյալ հետաքրքրություն առաջացավ, աշակերտների թվաքանակը մեծացավ: Ծնողների ֆինանսական ներդրումը զուտ խորհրդանշական է, վճարվում է ամսական 10 եվրո, իսկ մնացյալ ծախսերը կատարվում են միության եւ «հին հայ տան» հովանավորությամբ:

Միջոցառման գլխավոր հերոսները դպրոցի սաներն էին: Բեմահարթակի վրագույրը բացեցին Անտվերպենի Նիկոլ Աղբալյանի դպրոցականները, որոնք բեմադրեցին Րաֆֆու «Սամվել» վեպից դրվագներ: Բեմադրությանը զուգահեռ ամփոփ ներկայացվեց թե հայ ժողովուրդը պատմական ինչպիսի թոհուբոհերով է անցել, բայց պահպանել է լեզուն, հավատքն ու կամքը: Ներկայացման ընտրությունը պատահական չէր, այլ ուներ խորհուրդ, հայրենասիրություն սերմանել սերունդներին եւ պատմական տեղեկություններով հայի անցած տանջալի ճանապարհը հիշեցնել նաեւ հանդիսատեսին:

Բեմադրական աշխույժ ծրագրով հանդես եկան նաեւ Մեխելեն քաղաքի Լեւոն Շանթի անվան դպրոցի սաները: Հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ, երգեր, հումոր: Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին Լ. Շանթի անվան դպրոցի մանկվավարժ Շուշանիկ Մովսիսյանի հիշատակը, որի ներդրումը երեխաների հայեցի դաստիարակման գործում մեծ է եղել: Շ. Մովսիսյանի որդինՙ Սամվել Սարգսյանը , որը նաեւ «Համազգային հայ կրթական եւ մշակութային միության» անդամներից է եւ դպրոցի պատասխանատուն, իր պարտքն ու «սուրբ գործը» համարեց շարունակել մայրիկի հիմնադրած ավանդութը, տեղեկացնելով, որ միության կողմից արվում է հնարավորինը, որ առաջիկայում Բրյուսելում եւս գործի մեկ դպրոց: Միջոցառմանը նոր լիցք ու աշխուժություն հաղորդեց նաեւ Մեխելեն քաղաքի Արթուր Նիկողոսյանի ղեկավարած հայկական պարի խումբը:

Թնդում էր հայկական զուռնան, իսկ դահլիճի պատերից դուրս խորովածի բուրմունքը խառնվել էր ցրտաշունչ ձմռանը, եւ անտարբեր չէր թողնում նույնիսկ անծանոթին: Հատուկ հրավերով Հայաստանից մասնակցում էր նաեւ հումորիստ Գեւորգ Դոդոխյանը, որը երեկոն համեմեց Գյումրվա կատակներով:

Կեսգիշերինՙ ուղիղ ժամը 12-ին, հնչեցին զանգերը, բարձրացվեցին շամպայնի գավաթներըՙ եւ հայերը շնորհավորեցին Նոր տարին: Զնգում էր անդադար հայկական երաժշտությունը, երգն ու պարը: Պարում էին հայերը, մոռանալով օտարության զգացումը, հայրենիքի հեռավորությունն ու կարոտը: Մթնոլորտն այնքան անմիջական եւ տրամադրող էր, որ հիշեցնում էր մեծ գրող Վիլյամ Սարոյանի խոսքերը. «Աշխարհում եթե երկու հայ հանդիպեն, դարձյալ նոր Հայաստան կկառուցեն» :

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բելգիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4