«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2010-01-27 | #13, 2010-01-28 | #14, 2010-01-29


ՇՈՈՒՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Շոուն վերջապես ավարտված է: Միջազգային հանրությունն այլեւս չի ընդունում Արձանագրությունները չվավերացնելու Թուրքիայի անվերջանալի պատճառաբանությունները: Հայաստանի պաշտոնյաները, որոնք մինչ այժմ հավատում էին, որ Թուրքիան սահմանը կբացի եւ դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ, սկսում են կասկածել թուրքերի անկեղծությանը եւ մտածում են Արձանագրությունների տապալման հնարավորության մասին:

Սկսվում է մեղադրանքների խաղաշրջանը: Ո՞ւմ մեղքով է տապալվում Արձանագրությունների վավերացումը: Իմ կարծիքով թուրքերին պետք է մեղադրել միջազգային հանրությանը խաբելու համար: Թուրք առաջնորդները երբեք էլ մտադրված չէին իրագործել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հրապարակայնորեն խոստացված ծրագրերը: Նրանք պարզապես մտադիր էին խանգարել նախագահ Օբամայինՙ կատարելու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը եւ միաժամանակ դյուրացնելու Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, քանի որ սահմանի բացումը դրա գլխավոր նախապայմաններից է:

Առանց դրական որեւէ քայլ կատարելու Թուրքիան այն կեղծ տպավորությունը ստեղծեց, թե իբր հաշտվում է Հայաստանի հետ, որպեսզի տարհամոզի նախագահ Օբամային, եւ վերջինս չօգտագործի «ցեղասպանություն» բառը իր ապրիլքսանչորսյան ելույթի ժամանակ: Թուրք ղեկավարներին նաեւ հաջողվեց շահագործել Արձանագրությունները եւ ժողովրդականություն ձեռք բերել աշխարհով մեկ:

Երկար ու դժվարին բանակցությունների ընթացքում Թուրքիան պահանջեց, որ սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման դիմաց, Հայաստանը դուրս գա Ղարաբաղից, ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, եւ միջազգային մի հանձնաժողով ստեղծվի ուսումնասիրելու համար ցեղասպանության փաստերը:

Այն բանից հետո, երբ Ռուսաստանը, Մ. Նահանգները եւ Եվրոպան ուժեղացրին ճնշումները, Հայաստանն ու Թուրքիան մի շարք զիջումների գնացին: Հայաստանը դժկամությամբ համաձայնեց ստեղծել մի անորոշ «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով», որը բացառապես միայն ցեղասպանության հարցը չէր քննարկելու, եւ ընդունել Արձանագրություններում նշված «երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումըՙ սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով», առանց որոշակի հղում կատարելու Կարսի պայմանագրին: Արձանագրությունները նաեւ ներառում էին մի դրույթ, համաձայն որի երկու կողմերը զերծ պետք է մնային ուրիշ երկրների ներքին գործերին միջամտելուց, ինչը նշանակում էր, որ Հայաստանը չէր կարող այլեւս պաշտպանել Արցախին, քանի որ նրա այդ քայլը կարող էր մեկնաբանվել որպես Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու փորձ: Քանի որ հոկտեմբերի 10-ին ստորագրված Արձանագրությունները չէին բավարարում Թուրքիայի բոլոր պահանջները, նրա ղեկավարները սկսեցին սպառնալ, որ չեն վավերացնի Արձանագրությունները կամ չեն բացի Հայաստանի հետ սահմանը, մինչեւ Արցախի հակամարտությունը չկարգավորվի հօգուտ Ադրբեջանի: Այլ խոսքերով, Թուրքիան փորձում էր Արձանագրություններում տեղ գտած որեւէ բացթողում լրացնել վավերացումը «պատանդ» պահելով իր ձեռքումՙ մինչեւ Արցախի իր նախապայմանը չկատարվեր:

Արձանագրությունների վավերացումն է՛լ ավելի բարդացավ, երբ Ադրբեջանը սկսեց սպառնալ իր «ավագ եղբորը»ՙ Թուրքիային, Հայաստանի հետ իր սահմանը բացելու մտադրության համար: Ազերիները ցանկանում էին, որ շրջափակումը շարունակվի, մինչեւ Հայաստանը ստիպված կլիներ ճանաչել Ադրբեջանի իրավասությունը Արցախի վերաբերյալ: Բնական գազի գները ավելացնելու եւ նավթի որոշ քանակություն դեպի Ռուսաստան ուղղորդելու ազերիների սպառնալիքներն է՛լ ավելի զսպվածություն պարտադրեցին թուրք ղեկավարներին, որոնք Ադրբեջանին հաճոյանալու համար Ռուսաստանից, Մ. Նահանգներից եւ Եվրոպայից պահանջեցին, որ Հայաստանի վրա ճնշում բանեցնեն Արցախի հարցում զիջումների գնալու: Թուրքերի այս պահանջը, սակայն, ուշադրության չարժանացավ: Միջազգային հանրությունը գիտակցեց, որ երկու կնճռոտ հարցերին միաժամանակյա լուծում տալու փորձերը ձախողության էին մատնվելու, եւ դրանցից ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը լուծում չէին գտնելու:

Տեսնելով, որ Թուրքիայից եւ Ադրբեջանից դուրս ոչ ոք չի պաշտպանում Արցախի վերաբերյալ իրենց պահանջները, Թուրքիայի ղեկավարները փորձեցին գտնել մեկ ուրիշ հարմար քավության նոխազՙ Հայաստանի Սահմանադրական դատարանը: Չնայած վերջինս հունվարի 12-ին որոշում կայացրեց, որ Արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, նաեւ հրապարակեց մի քանի պարզաբանումներ եւ վերապահումներ, որոնք թույլ չէին տա Թուրքիային կատարել Արձանագրություններում նշված պարտավորությունների ազատ մեկնաբանություններ:

Վարչապետ Էրդողանն ու արտգործնախարար Դավութօղլուն անամոթաբար սպառնացին հրաժարվել Արձանագրություններից, եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը չփոխեր իր որոշումը, մի բան, որ Հայաստանի օրենքներով անկարելի է: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը անմիջապես պաշտպանեց Հայաստանինՙ մերժելով թուրքական կողմի պնդումները, որ Սահմանադրական դատարանի որոշումը հակասում է պայմանագրերի «ոգուն ու տառին»: Իհարկե, պետքարտուղարության բուն նպատակն էր կանխել վավերացման ժամանակ Հայաստանի Ազգային ժողովի կողմից որեւէ վերապահման ավելացումը Արձանագրություններին:

Քանի որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը հայտարարել էր, որ ոչ մի քայլ չի ձեռնարկի, մինչեւ Թուրքիայի խորհրդարանը առաջինը չվավերացնի Արձանագրությունները, գնդակն այժմ գտնվում է Թուրքիայի դաշտում: Առայժմ Արձանագրությունները «փոշոտվում» են Անկարայում 2009-ի հոկտեմբերի 21-ից ի վեր գտնվելով խորհրդարանում: Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներն իրենց համատեղ հայտարարության մեջ անցյալ տարվա օգոստոսին նշել էին, որ Արձանագրությունները կվավերացվեն «խելամիտ ժամկետում»: Հայաստանի պաշտոնյաները վերջերս հիշեցրին Թուրքիային այդ մասին, ավելացնելով, որ Հայաստանը ստիպված կլինի հակադարձ քայլերի դիմել, եթե Թուրքիան չվավերացնի Արձանագրությունները մինչեւ փետրվար կամ մարտ ամենաուշը:

Ներկայումս ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Թուրքիան են ցանկանում հետ կանգնել ըմբոստ դիրքից: Եթե Թուրքիայի ղեկավարությունը հրաժարվի նախապայմաններից (Արցախի եւ Սահմանադրական դատարանի), նա կկանգնի ոչ միայն Ադրբեջանը որպես դաշնակցի, այլեւ հաջորդ տարվա ընտրություններում իր կուսակցության մեծամասնության ապահովումը կորցնելու վտանգի առաջ:

Մյուս կողմից, Հայաստանի ղեկավարությունը ոչ կարող է հրաժարվել Արցախից, ոչ էլ «ուղղել» Սահմանադրական դատարանի որոշումը: Արտաքին ոչ մի ճնշում, ուրեմն, չի կարող ստիպել կողմերին հետդարձ կատարել: Այդ պատճառով էլ, կարծում եմ, Արձանագրությունները փակուղի են մտել եւ չեն կարող «վերակենդանացվել»:

Թուրքիան շատ մոտ էր կանգնած խաբելու Հայաստանին եւ աշխարհինՙ այդ անփառունակ Արձանագրություններով: Բարեբախտաբար, նրա մտադրությունները ձախողվեցին նախքան նա լուրջ եւ տեւական վնաս կհասցներ Հայաստանի ազգային շահերին:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր», Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4