«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2010-02-03 | #18, 2010-02-04 | #19, 2010-02-05


ՀԱՅԵՐԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԻՊՎԱԾ ԵՆ ՍՈՎՈՐԵԼ ՄԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Այս վերնագրի ներքո Վերջիհան Զիֆլիօղլուն գրում է «Հյուրիեթ դեյլի նյուս» թերթում: Հոդվածը արտատպվել է «Արմինյն միրոր սփեքթեյթր» թերթի դեկտեմբերի 26-ի համարում, որտեղից թարգմանաբար եւ հատվածաբար ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

Հայաստանից ժամանած երեխաները Ստամբուլի շենքերից մեկի նկուղային հարկում դասերի են հաճախում եւ մթության մեջ ընթերցում ապօրինի ճանապարհով երկիր ներկրված դասագրքեր: Լոզանի պայմանագրով եւ կրթության հատուկ օրենքի դրույթներով այս երեխաներին արգելված է հաճախել երկրի հայկական փոքրամասնության դպրոցները եւ նույնիսկ Թուրքիա-Հայաստան սահմանի բացման պայմաններում չեն կարողանալու հաճախել այդ դպրոցներըՙ մինչեւ օրենքում փոփոխություններ չկատարվեն:

Միայն այդ դեպքում նրանք իրավունք կունենան օրինական դպրոցներ հաճախելու, քանի որ ներկա դրույթներով երեխան պետք է թուրքական քաղաքացիություն ունենա, որպեսզի օգտվի այդ իրավունքից:

«Հյուրիեթ դեյլի նյուսը» անցյալ երկու շաբաթների ընթացքում մի քանի անգամ այցելեց այդ անօրինական դպրոցներից մեկը, խոստանալով չհրապարակել ոչ դպրոցի գտնվելու վայրը, ոչ էլ երեխաների անունները: Դպրոցում 5-14 տարեկան մոտ 20 երեխաներ կային, որոնց ամենամեծ վախն այն է, որ իրենց գտնվելու վայրը կհայտնաբերվի: Դռան ամեն մի թակոց ցնցում է նրանց: Նրանք մտածում են, որ իշխանությունները շուրջկալել են տարածքը: Սրա նման անօրինական այլ դպրոցներ էլ կան Ստամբուլում:

Այս երեխաները ոչ միայն զրկված են կրթություն ստանալու իրավունքից, այլեւ իրենց ծնողներից, ընտանիքներից: Դպրոցի ուսուցչուհիներից մեկըՙ Լուսինեն ասում է, որ իրենց նպատակն է «երեխաներին սովորեցնել առնվազն գրել ու կարդալ եւ ստեղծել ընկերական մթնոլորտ, քանի որ նրանցից շատերի ընտանիքները գտնվում են Հայաստանում»:

Ըստ թուրքական իշխանություններիՙ երկրում կան 60 հազար հայեր, որոնք անօրինական ճանապարհով աշխատում են այնտեղ: Հայաստանի արտգործնախարարության տվյալներովՙ այդ թիվը 20 հազար է: (Իսկ ըստ ամերիկյան անկախ մի ուսումնասիրությանՙ 12-13 հազար) Չնայած նրանց մեծ մասն ունի բարձրագույն կրթություն, նրանք աշխատում են որպես ծառա կամ շուկաներում, կամ տներում: Տնտեսապես ավելի լավ պայմաններում գտնվողներն առեւտրով են զբաղվումՙ էժան ապրանք գնելով Ստամբուլի շուկաներից եւ դրանք ավելի բարձր գներով վաճառելով իրենց երկրում:

Մեծահասակներից շատերը մի կերպ համակերպվում են այս իրավիճակին, բայց դպրոցական հասակի երեխաները մեծ դժվարությունների են առնչվում:

«Քաղաքագետներն ընկած են իրենց շահերի հետեւից: Մենք, հասարակ մարդիկս ենք տուժում», ասում է Աղավնի անունով Երեւանի պետհամալսարանի տնտեսական ֆակուլտետի մի շրջանավարտ, որն իր ապրուստն է վաստակում տներ մաքրելով: Քննադատելով Հայաստանի մեծահարուստներինՙ նա ավելացնում է. «Դրանք նաեւ ձեր երեխաներն են: Ջիպեր նստած շատ լավ գիտեք ձեզ ցույց տալ Երեւանի փողոցներում, բայց փորձ անգամ չեք անում մտածելու այս երեխաների ճակատագրի, ձեր ապագայի մասին: Մենք ստիպված եղանք թողնել մեր երկիրը ֆինանսական դժվարությունների պատճառով: Մենք ուտելու հաց անգամ չունեինք»:

Մեկ ուրիշ դասատուՙ Արմինեն Գյումրիից, Թուրքիա է եկել 10 տարի առաջ: «Ես դժկամությամբ եկա այստեղ, պարզապես փող վաստակելու եւ ընտանիքիս փող ուղարկելու նպատակով: Տներում որպես սպասուհի եմ աշխատում: Նաեւ կրպակ ունեմ շուկայում», ասում է: Ուրիշների նման նա էլ է իրեն նվիրել երեխաների դաստիարակման գործին: Հայաստանում հոգեբանություն է սովորել եւ շատ է մտահոգված երեխաների ապագայով:

«Նրանք շատ են տառապում: Նրանցից շատերը մեկուսացված կյանք են վարում», ասում է նա:

Երեխաների դասագրքերը Հայաստանից են բերված: 12-ամյա Գարուշի մեծագույն ցանկությունն է Երեւանում իր դպրոցը հաճախել: «Շատ եմ կարոտել իմ ընկերներին: Արդեն 5 տարի այստեղ եմ եւ ուզում եմ վերադառնալ, բայց մայրս ասում է, որ հիմա հնարավոր չէ», նշում է նա: Ութ տարեկան Ծովինարը Գավառից է: Աչքերը արցունքով են լցվում, երբ խոսում է. «Շատ եմ կարոտել հորս, քույրերիս ու եղբայրներիս: Մորս էլ չեմ կարող տեսնել, որովհետեւ շատ պետք է աշխատի փող վաստակելու համար»:

Իսկ Սերժը 6 տարեկան է: «Մեծանամ ես էլ եմ նախագահ դառնալու, ասում է նա, ավելացնելով «Հետեւելու եմ, որ բոլոր երեխաները դպրոց հաճախեն»:

«Դեյլի նյուսը» հոգեւոր առաջնորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կարծիքն ունենալ ցանկացավ, բայց որեւէ մեկնաբանություն չստացավ: Պատրիարքարանում նշեցին, որ Աթեշյանը շատ զբաղված է: Բայց սրբազանը վերջերս հանդիպել էր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ արծարծել երեխաների թեման: ՅՈՒՆԻՍԵՖ-ի թուրքական մասնաճյուղը նույնպես նախընտրեց լուռ մնալ այս խնդրի առնչությամբ: «Դա քաղաքական խնդիր է եւ տեղին չէ, որ մենք մեր կարծիքը բարձրաձայնենք», ասաց նորանշանակ ներկայացուցիչ Սեբնեմ Բալկանը:

Ատամբուլի հայկական համայնքի կալվածքների իրավաբաններից Սեդրակ Դավութհանը այսպես բացատրեց իրավիճակը. «Մասնավոր կրթական հաստատությունների վերաբերյալ օրենքում նշված է, որ միայն Թուրքիայի քաղաքացիները կարող են սովորել փոքրամասնությունների դպրոցներում: Եթե այդ հոդվածը չփոխվի, նույնիսկ սահմանի բացման դեպքում այդ երեխաները չեն կարողանալու սովորել օրինական դպրոցներում»: Ըստ նրաՙ խնդրի արմատները պետք է որոնել Լոզանի պայմանագրում, որտեղ փոքրամասնությունների վերաբերյալ նշվածը կառավարությունը մեկնաբանում է ինչպես իրեն հարմար է: Օսմանյան ժամանակաշրջանում նույնիսկ թուրքերն էին սովորում փոքրամասնություն կազմող համայնքների դպրոցներում, որովհետեւ ուսուցումը դրանցում շատ բարձր մակարդակի վրա էր:

Ներկայումս 18 հայկական փոքրամասնական դպրոցներ կան Ստամբուլում:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4