«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2010-02-16 | #27, 2010-02-17 | #28, 2010-02-18


ՏԱՍԸ ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԻՆՉՈՒ ԹՈՒՐՔԵՐԸ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼՈՒ ԻՐԵՆՑ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ավելի վաղ գրած իմ հոդվածներում ցույց էի տվել Թուրքիայի խաբուսիկ մոտեցումները Արձանագրությունների շուրջը բանակցություններ վարելու եւ հետագայում դրանք ստորագրելու գործում:

Հայաստանին եւ միջազգային հանրությանը խաբելուց բացի, թուրք ղեկավարները փորձեցին ապակողմնորոշել նաեւ իրենց ամենամոտիկ դաշնակից համարվող Ադրբեջանին եւ թուրքական հանրությանը Արձանագրություններից ակնկալվող հնարավոր ձեռքբերումների հարցում: Թեեւ Արձանագրությունները հստակորեն Թուրքիային ի նպաստ էին, այդ երկրի առաջնորդները փորձեցին ավելին ձեռք բերել, որպեսզի կարողանային հակազդել ներքին եւ արտաքին առարկություններին ու քննադատություններին:

Ինչպես եւ սպասվում էր, Էրդողանի կառավարությունը իրապես խնդիրներ ունեցավ Ադրբեջանի հետ, երբ նախագահ Իլհամ Ալիեւը բարձրաձայն բողոքեցՙ ասելով, որ Հայաստանի հետ սահմանը բացելով Թուրքիան լքում է իր «փոքրիկ եղբորը» եւ դրանով իսկ զրկում Հայաստանինՙ զիջումների գնալու Ղարաբաղը վերադարձնելու հարցում:

Ադրբեջանի պաշտոնյաները, չբավարարվելով Թուրքիայի վստահեցումներից, հակադարձեցինՙ եռակի բարձրացնելով Թուրքիա արտահանվող նավթի գինը, հանրային վայրերից ցած իջեցնելով թուրքական դրոշները, արգելելով թուրքական կինոնկարների եւ երգերի հեռարձակումները ազերի եթերով եւ փակելով Բաքվում թուրքական ֆինանսավորմամբ բացված մզկիթները:

Միաժամանակ ընդդիմադիր ուժերը Թուրքիայում, օգտվելով վարչապետ Էրդողանի խորհրդարանական մեծամասնությանը ջախջախելու ընձեռված հնարավորությունից, անմիջապես մեղադրեցին նրան Թուրքիայի ազգային շահերը ոտնահարելու եւ իրենց ազերի եղբայրների փոխարեն հավիտենական թշնամիներիՙ հայերի հետ մերձենալու մեջ:

Նման մեղադրանքներին դիմակայելու համար թուրք առաջնորդները ստիպված եղան մի շարք չհիմնավորված պահանջներ ներկայացնել եւ չափազանցնել Արձանագրություններից սպասվող ձեռքբերումները ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար: Նրանք հավաստիացրին ազերիներին, որ ճնշում կբանեցնեն Հայաստանի վրա, որպեսզի վերջինս Արցախը վերադարձնի Ադրբեջանին նախքան Թուրքիայի խորհրդարանը կվավերացներ Արձանագրությունները եւ կկանոնակարգեր հարաբերությունները Հայաստանի հետ: Ավելին, թուրք պաշտոնյաները վստահեցրին իրենց հասարակությանը, որ Արձանագրությունները վերջ կդնեն հայկական կողմիՙ ցեղասպանության «պնդումներին» եւ տարածքային «պահանջներին»:

Թուրք եւ ազերի հասարակությունը չխաբվեց Անկարայի այս սխալ մեկնաբանություններից: Ստորեւ 10 գլխավոր պատճառներ, թե ինչու թուրքական խորհրդարանը կարող է մերժել Արձանագրությունների վավերացումը:

1. Հակառակ Գյուլի, Էրդողանի եւ Դավութօղլուի հաճախակի կրկնված հայտարարություններին, որ Արցախի հակամարտության լուծումը նախապայման է Արձանագրությունների վավերացմանը, Մ. Նահանգները, Ռուսաստանը եւ Եվրոմիությունը, ինչպես նաեւ Հայաստանը, բազմիցս մատնանշել են, որ Արձանագրություններում նման պայման գոյություն չունի: Ավելին, նրանք հստակ նշել են, որ այդ երկու հարցերը իրար հետ չպետք է կապել: Հայաստանը հետեւողականորեն հրաժարվել է Արձանագրությունները կապել Արցախի հարցին:

2. Ճշմարտությանը չի համապատասխանում թուրքերի այն պնդումը, թե Արձանագրությունները վերջ կդնեն երրորդ երկրների կողմից ցեղասպանության ճանաչմանն ուղղված Հայաստանի ջանքերին: Ճիշտ չէ նաեւ, որ Արձանագրությունները կոչ են անում ստեղծել մի մեխանիզմՙ ուսումնասիրելու Հայոց ցեղասպանությունը: Իրականում Արձանագրությունները նոր թափ են հաղորդել Հայաստանի ջանքերին, որոնք այժմ ուղղված են Մեծ Բրիտանիայի, Բուլղարիայի, Իսրայելի եւ Շվեդիայի խորհրդարանների կողմից ցեղասպանության ճանաչման գործընթացին: Մյուս կողմից, Մ. Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնախումբը ծրագրել է մարտի 4-ին քվեարկության դնել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը: Սենատում նույնպես առկա է նման մի բանաձեւ:

3. Հակառակ թուրքական հավաստիացումներին, «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնախումբը» զբաղվելու է ոչ թե ցեղասպանության փաստը վերանայելով, այլ ծառայելու է որպես հարթակՙ Թուրքիայից համապատասխան փոխհատուցում ստանալու համար:

4. Թուրքիայի պնդումները, թե Արձանագրությունները վերջ կդնեն հայերի տարածքային պահանջներին, ճիշտ չեն, քանի որ նման բան նշված չէ այնտեղ: Բացի դրանից, նախագահ Սարգսյանն իր անցյալ շաբաթվա ելույթում առաջին անգամ նշեց Նախիջեւանի հայկական տարածաշրջանի հայաթափման մասին, երբ խորհրդային իշխանություններն Ադրբեջանին զիջեցին դա:

5. Հայաստանն ու մեծ տերությունները մերժել են ընդունել Թուրքիայի պահանջներն այն մասին, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը վերանայի եւ «ուղղի» իր հունվարի 12-ի որոշումը: Դատարանը պնդեց, որ ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը չեն կարող դադարեցվել, իսկ Արցախի կարգավիճակը չի կարող բանակցությունների նյութ դառնալ, քանի որ Արձանագրությունները վերաբերում են Թուրքիային եւ Հայաստանին միայն:

6. Թուրք առաջնորդները պատճառ չունեն բողոքելու Հայաստանի Սահմանադրական դատարանի ներածականի դեմ, քանի որ դա հիմնված է Հայաստանի անկախության հռչակագրի 11-րդ հոդվածի վրա, որը գոյություն ունի 1990-ից ի վեր: Թուրք առաջնորդները տեղյակ էին այս փաստին նախքան 2009-ին Արձանագրությունները ստորագրելը:

7. Թուրք պաշտոնյաները կեղծել են նաեւ այն հարցում, որ Արձանագրությունները ճանաչում են 1921-ի Կարսի պայմանագիրը, որը պարտադրված էր Խորհրդային Հայաստանին: Արձանագրություններում նման ակնարկություն չկա: Ավելին, Սահմանադրական դատարանը որոշեց, որ ուժի մեջ են միայն Հայաստանի Հանրապետության վավերացրած պայմանագրերը:

8. Փոխանակ Արձանագրությունները ստորագրելով «հարեւանների հետ զրոյական խնդիրներ» ունենալու նպատակին հասնելու, Թուրքիայի կառավարությունը լուրջ խզում է առաջացրել հարեւան Ադրբեջանի հետ, մի երկիր, որտեղ նա նախկինում խնդիրներ չուներ:

9. Հատկանշական է, որ թուրք պաշտոնյաները չեն առարկել Հայաստանի այն պահանջին, որ առաջինը Թուրքիան պետք է վավերացնի Արձանագրությունները: Սա Թուրքիայի համար ստորացուցիչ մի պարտավորություն է, որն իր մեջ արդարացիորեն պարփակում է հայերի անվստահությունը Թուրքիայի նկատմամբ:

10. Թուրք առաջնորդները չեն արձագանքել նաեւ Հայաստանի այն սպառնալիքին, որ մինչեւ մարտի վերջը Թուրքիայի չվավերացնելու դեպքում Հայաստանը չեղյալ կհայտարարի Արձանագրությունները: Սա նույնպես ստորացուցիչ մի պարտավորություն է նեոօսմանյան մեծությամբ հոխորտացող Թուքիայի համար:

Վերոնշյալ 10 կետերը վստահության լուրջ բացակայություն են նախանշում Թուրքիայի կառավարության եւ իր ժողովրդի, ինչպես նաեւ միջազգային հանրության միջեւ: Անկարան փորձել է խաբել բոլորին, Թուրքիայի ներսում թե դրսում, թյուր տպավորություն ստեղծելով, որ իբր ցանկանում է կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի հետ: Թուրք պաշտոնյաներն իրենք իրենց պետք է մեղադրեն նման իրավիճակում հայտնվելու մեջ: Նրանք հույս ունեին, որ խաբեությամբ կկարողանային ավելի մեծ զիջումներ ձեռք բերել Հայաստանից: Դա նրանց չհաջողվեց: Նրանք ընկել են իրենց իսկ փորած փոսի մեջ, որտեղից ոչ ոք չի ցանկանում նրանց դուրս բերել:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր», Թարգմանեց Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4