«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2010-02-18 | #29, 2010-02-19 | #30, 2010-02-20


ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻՑ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՆՎԵՐՋ ԱՐՏԱՀՈՍՔԸ

Միայն ե՞ս էի, որ առանց դույզն չափով իսկ զարմանալու արձագանքեցի այն լրատվությանը, թե աֆղանացի մահմեդական զինվորները կռվում են մահմեդական թալիբների դեմ իրենց հրացանների նշանոցի վրա ունենալով կոդավորված մակագրություն Նոր կտակարանի «Ավետարան ըստ Հովհաննու» գրքից:

Բրիտանացի նկարիչ Հոլման Հանտը (1827-1910) կարո՞ղ էր երեւակայել, որ իր «Աշխարհի լույսը» (նույն ինքը Հիսուս Քրիստոսը) կտավը (1854 թ.) առաջնորդելու էր ամերիկացիների եւ աֆղանների հրազենների գնդակները դեպի մահմեդական թալիբների սրտերը: Միգուցե:

Ուրեմն կարելի՞ է ենթադրել, որ մի խումբ կրոնական մոլագարներՙ ԱՄՆ-ում «Տրայջիկոն» տեսակի հրազեններ պատրաստողները հավատացած են, որ այդ մակագրությունները «մաս են կազմում մեր երկրին ծառայելու հավատին»:

Այն ժամանակից ի վեր, երբ սերբերն ու լիբանանցի ֆալանգիստները սկսեցին անցյալ երեք տասնամյակների ընթացքում կոտորել եւ բռնաբարել իրենց մահմեդական թշնամիներինՙ Մարիամ Աստվածածնի նկարը ունենալով իրենց հրացանների կոթերին, նման անհեթեթ բան չէր եղել: Այո՛, ես էի, որ առաջինը նկատեցի 2003 թվին կենտրոնական Բաղդադում կանգնած «M1A1 Աբրամս» տիպի ամերիկյան երկու տանկեր, որոնցից մեկի վրա դրոշմված էր «Խաչակիր 1», իսկ մյուսի վրաՙ «Խաչակիր 2» բառերը: Մի ասեք, որ Պենտագոնում (կամ պաշտպանության նախարարությունում), որտեղ հավանաբար 400 «Տրայջիկոնների» մի նոր խմբաքանակի պատվեր արդեն ունեն, ոչ ոք չի հետաքրքրվել դրանց վրա գրված տարօրինակ «JN8:12» մակագրությամբ:

Զարմանալի չէ, ուրեմն (եւ դա է ցավալին), որ քրիստոնյաները մշտապես հեռանում են Մերձավոր Արեւելքից: Եգիպտոսում 6 ղպտի քրիստոնյաներ (եւ մեկ մահմեդական ոստիկան) սպանվեցին Ծննդյան տոներին, երբ տեղացի մահմեդականները հարձակվեցին նրանց վրա: Ղպտիներն իրենց երկրի 80 միլիոն բնակչության մոտ 10 տոկոսն են կազմում գուցե, բայց նրանք խմբերով Ամերիկա են ուղեւորվում: Ինչո՞ւ: Խնդիրներից մեկը Եգիպտոսում եկեղեցի կառուցելու պաշտոնական թույլտվություն ստանալն է: Եթե նույնիսկ նրանք կարողանում են ձեռք բերել այդ թույլտվությունը, ապա եկեղեցու անմիջական հարեւանությամբ շուտով վեր է խոյանում մի նոր մզկիթ:

Շնորհիվ այդ աստվածավախ Ջորջ Բուշ կրտսերինՙ հետպատերազմական Իրաքում քրիստոնյաներըՙ փախչելով աղանդավորական բռնություններից, այսօր էլ շարունակում են քոչել դեպի արեւմուտք: Որովհետեւ նրանց սպանում են, այրում նրանց տները: Նույնիսկ Իրաքի իսլամական գերագույն խորհրդի առաջնորդ Ամմար Էլ-Հաքիմն է օրերս Բեյրութում հայտնվել Լիբանանի մարոնիթ-կաթոլիկների պատրիարքին ասելու, որ ինքն «ամեն ինչ» անում է Իրաքի իր քրիստոնյա եղբայրների եւ քույրերի համար: Ալժիրում իսլամիստ մոլեռանդներն այրել են Տիզի Ուզում բնակավայրի շենքերից մեկում տեղավորված բողոքականների եկեղեցի-հավաքատեղին:

Իմաստ չունի այստեղ խորանալ ու հանգստյան վերջին վայրը փնտրել այն մեկուկես միլիոն հայ քրիստոնյաների, որոնց թուրքերը կոտորեցին զանգվածաբար 1915-ին, չնայած ոչ Բուշը, ոչ էլ իր հաջորդը ցեղասպանություն չեն կոչում կատարվածըՙ վախենալով մահմեդական Թուրքիայից:

Եթե ես կարդացածս ճիշտ եմ հասկացել, անցյալ շաբաթ լիբանանյան պարբերականներից «ԱնՆահար» թերթում Ջիհադ Զեյն անունով լրագրողը գրում էր, որ մահմեդական աշխարհում կառավարությունները ճնշում են հասարակություններին, որոնք էլ իրենց հերթին ճնշում են փոքրամասնություններին: Զեյնի կարծիքովՙ Մերձավոր Արեւելքում երկրի ղեկավարները հրաժարվել են մեր օրերում միջմշակութային արժեքների պահպանողը լինելու գաղափարից եւ դարձել իրենց քաղաքական համայնքների անվտանգությունն ապահովող անձնավորություններ:

Իմ առաջ քաշած թեզն այն է, որ փոքրամասնություններին այլեւս հաշվի առնող չկա: Բայց դա չպետք է որպես կանոն ընդունել:

Իսրայելի բանակը չէ՞ր, որ 1996-ին Լիբանանի ռմբակոծությունն անվանել էր «ցասման ողկույզներ», մի գործողություն, որն ընդգրկում էր Ղանայի վրա դաժան հարձակումը, որին զոհ գնացին 106 լիբանանցի խաղաղ քաղաքացիներ: Իսկ «ցասման ողկույզներ» անվանումը վերցված էր Աստվածաշնչի երկրորդ Օրինաց գրքից (գլուխ ԼԲ, տուն 25), որտեղ ասվում է «Դուրսեն սուրը ու ներսեն վախը երիտասարդները ու կույս աղջիկները, կաթնակեր տղաքները ու ալհեր ծերերը պիտի ջարդեն» (Գիրք հին ու նոր կտակարանաց: Բեյրութ, Լիբանան, 1945 թ.-Հ. Ծ.) Ընդհանուր առմամբ շատ դիպուկ նկարագրություն այն ամենի, ինչ կատարվել էր Ղանայում: Չմոռանանք նաեւ այն աֆղանցի գյուղացիներին, որոնք զոհ գնացին ՆԱՏՕ-ի «հերոսական» օդային ռմբակոծություններին: Բնավ չեմ զարմանա, երբ լսեմ, որ ՆԱՏՕ-ի ռումբերի վրա նույնպես եղել են DY32:25 մակագրությունները, այսինքնՙ երկրորդ Օրինաց գրքի վերոնշյալ հատվածը:

ՌՈԲԵՐՏ ՖԻՍՔ, Հոդվածը անգլիական, «Ինդիփենդենտ» թերթում լույս է տեսել հունվարի 25-ին, թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4