ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2009-12-05 | #16, 2009-12-19 | #1, 2010-02-27


ԱՐՏՈ ՉԱՔՄԱՔՉՅԱՆԻ... ԿԱՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԴԱՏԸ

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ

Փետրվարի 11-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում (Փարիզ) ավարտվեց կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որի բացման արարողությունը տեղի էր ունեցել հունվարի 28-ին: Մեծ վարպետի փարիզյան այս ցուցահանդեսը հիրավի նշանակալից էր ոչ միայն այն պատճառով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարկի տակ առաջին անգամ էր հյուրընկալվում մի հայազգի արվեստագետ, այլ նաեւ այն պատճառով, որ բացառիկ առիթ էր Ֆրանսիայի հանրության համար երկու շաբաթ շարունակ ականատեսը լինելու վարպետի ավելի քան վաթսուն աշխատանքներին:

Ցուցահանդեսը կազմակերպված էր Ֆրանսիայում ՀՀ դեսպանության, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության, ինչպես նաեւ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության Հայակական ծառայությունների բաժնի (Պորտուգալիա), ՀԲԸՄ Եվրոպական գրասենյակի եւ Քվեբեկի Արվեստի եւ գրականության խորհրդի (Կանադա) հովանու ներքո: Բացման հանդիսությանը ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ տիկին Ֆրանսուազ Ռիվիերը, ինչպես նաեւ բազում մտավորականներ, մշակույթի գործիչներ եւ նշանավոր անձինք:


Ճիչ

Իսկ եթե նա ամփոփե՞ր ամբողջ մարդկային փորձը մեկ ճիչով: «Մարդու ճիչն ավելի մեծ հզորություն եւ իմաստ ունի ինձ համար, քան միջուկային զենքը» , - խոստովանում է Արտոն: Ճիչը վարպետի մեկ այլ քանդակի արձագանքն է նաեւ, ինչը նա ժառանգել է Հիրոսիմայինՙ «դուրս քաշելով մարդկային էակին եւ աշխարհին նահատակների ծանրությունից, որը նրանց վրա են դրել կործանարար ուժերը» , նկատում է փիլիսոփա եւ վարպետի ընկեր Ժակ Պուլենը: Գիտական թեզեր են անհրաժեշտ ամփոփելու համար Արտո Չաքմաքչյանի աշխատանքի եւ կյանքի ուղին: Այսպիսով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի սրահում ներկայացված ցուցահանդեսին հանդիպելով Արտո Չաքմաքչյան արվեստագետին եւ մարդունՙ այցելուն կկարողանար, հավանաբար, վերականգնել հարազատ տիեզերքի մարգարտաշարը, որը, սակայն, ցրված էր փախուստի գծերի անվերջության մեջ:

Փորձություններով լի ուղի

Արմատներով արաբկիրցիՙ Արտո Չաքմաքչյանը ծնվել է 1933 թ.: 1948 թ. ընտանիքով հայրենադարձել է Սովետական Հայաստան, որտեղ երիտասարդ Արտոն սկսեց իր առաջին քայլերն անել գեղարվեստական ասպարեզում, մասնավորապես Գեղարվեստի ինստիտուտում, որտեղ ուսանել է գեղանկարչություն եւ քանդակագործություն: 1970-ականները արվեստագետի համար փիլիսոփայությամբ եւ հնամենի հայկական ավանդույթներով հագեցած բուռն ստեղծագործական տարիներ էին: Նրա առաջին նկարները ոգեշնչված են իր փիլիսոփայական մտորումներովՙ ընդհանրապես մարդկային կացության եւ մասնավորապես ավտորիտար վարչակարգի մասին: Ինչպես իր ընկերակիցները, Արտոն ենթարկվում է ճնշումների սովետական իշխանության կողմից, որը հարկադրում է արվեստագետին միօրինակ արահայտչաձեւՙ պարտադրված գեղագիտական սահմանափակումներով եւ ժամանակի գաղափարախոսական նորմերով:

Կոմիտասի ծննդյան հարյուրամյակի տոնակատարություններին Արտոյին արգելում են ցուցադրել կոմպոզիտորին ներկայացնող իր քանդակըՙ աշխարհիկ համազգեստով ներկայացնելու փոխարեն, քահանայի տեսքով (եկեղեցական հագուստով) ներկայացված լինելու պատճառով: «Ես նրանց պատասխանեցի հեգնանքովՙ «Ես դերձակ չեմ, այլ քանդակագործ» , եւ այդտեղից սկսվեցին իմ խնդիրները»: Իրՙ հոգեկան ու ֆիզիկական ներդաշնակությանը հասցված մի շարք հարվածներից ստացած ճեղքվածքից հետո, որը կրկնապատկվեց հարկադրաբար հոգեբուժարանում գտնվելու ժամանակ, Արտոն թողնում է Հայաստանը եւ ընտանիքով մեկնում Կանադա:

1975 թվական. իր ինքնության որոնումը նրան կզրկի Հայաստանում ստեղծագործելուց, սակայն արդեն չափազանց ուշ է. մոլեգին ազատ արվեստագետը հետեւում է իր որոնման ուղունՙ քանդակագործության ասպարեզում դնելով նոր արտահայտչաձեւի հիմքեր: Խաղալով ֆիզիկական օրենքների հետՙ նա ուսումնասիրում եւ գտնում է իր հազարամյա ժողովրդի հոգու կվինտ-էսենցիան: Նա այլեւս ընտրություն չունի: Դիմանկարներն ընկած են. նրան մնում է վերագտնել մարդու արժեքը եւ ճշմարտությունը, ինչը փորձում էին ժխտել: «Մարդկային արժեքը վերագտնելու համար անհրաժեշտ էր, որ ես արմատախիլ անեի նրա կեղծիքը, պոկեի դիմակը: Անհրաժեշտ էր, որ ես փորեի-հանեի նրա ակնակապիճները, ոսկրացնեի նրա մարմինը: Իմ պատկերների ճշմարտացիությունը արտահայտվում է միայն ձեռքերով: Ես պետք է վերադառնայի մարդու էությանը: Ես ստիպված էի բաց թողնել մարնամասները» , ասում է վարպետը: Կործանման ուժերի, խաբուսիկ դիմանկարների շունչը պոկելը լիարժեք աշխատանք է. դա մի ազատություն է, որը մերժում է ինքնազրույցը, հավերժականի հետ երկխոսությանը խոչընդոտող աթեիստական իշխանության կողմից պարտադրված փոխհամաձայնությունը (կոնսենսուսը):

Պարպված ուրվագծեր

Պարպելով կաշին, քերթելով մարմինը բոլոր տեսակ ծանրացնող մորթուցՙ Արտոն իր պատկերներին տալիս է խոսքի շունչ եւ հոգու ճշմարտություն: Իր քանդակներումՙ թե՛ Երկարաձիգ պատկերում, թե՛ Կոմիտաս-Դոն Քիշոտ-ում կամ թե՛ նույնիսկ Նարեկացի-ում, Արտոն հաշտեցնում է իր պատկերները մեր իրականության հետ, այնպես, ինչպես նա ստիպում է մեզ (վերա)գտնել մեր իսկ ներքին աշխարհը: Սակայն, բացի իր ժողովրդի ոգին կերտած կերպարներից, առկա է մարդ էակը. Արտոյի տիեզերքի խորքում մարդ էակն է եւ արարման խորհուրդը: Նա, ով ցավ է պատճառել, կորցրել է իր դեմքը, նա այլեւս դեմք չէ, այլ ձեռք. «Ով բարձրացնում է դեպի երկինք իր երեք վտիտ մատներըՙ կապված հատող մի ձողով: Կարելի է ասելՙ մի Գողգոթա, երեք տանջահար մատներ, որոնք հիշեցնում են մի հին տառապանք: Բայց եթե ուշադիր նայեք, հորիզոնականի վրա երկու անցքեր են, որոնք ծակում-անցնում են միատարրությունը. այդ ձեռքում դուք միանգամից կնկատեք մի դեմք, որը ձեզ նշան է անում» , գրել էր ֆրանսիացի փիլիսոփա եւ աստվածաբան Ստանիսլաս Բրետոնը: Վերջինս արտահայտել էր իր հիացմունքըՙ հայտնաբերելու մի հայացք, որը, թաքնված աշխարհի դիմակի հետեւում, որքան քնքուշ, նույնքան սահմռկեցուցիչ է:

Ստեղծագործել լարվածության մեջ

  «Արվեստի գործն ինքնին հարց է եւ քանի որ նախատեսված իբրեւ որոշակի պատասխան այդ հարցին, արդեն սպառված է եւ դադարում է գեղարվեստական տեսակետից գույութուն ունենալ: Արվեստի գործի իրական արժեքը ներքին ընթեռնելիության հարց է, որը պարտադիր չէ հաստատել բացահայտ կերպով» : Առաջին հայացքից տեսնում ես միայն առանց դիմակ պարպված ուրվագծերՙ ոչ օրգաններ, իրականը չաղճատող անօգուտ նրբագեղություն. կարճահասակ մարմիններ, որոնք պահել են միայն իրենց հոգու շունչը, եւ որը պիտի արարի սերը երկրի վրա: Արտոյի մոտ ստեղծագործումը ամբողջովին իրականանում է լարվածության մեջ: Լինելով ծայրահեղ իրավիճակի բնակիչ ՙ արվեստագետը տանջում է հոգին եւ մարմինը, քանի որ նա քանդակում է դեմքի բացակայությունը ձեռքերով, քանի որ նա նկարում է ներսից քանդակված մի մարմին, որը ներկայացնում է խաչյալ Քրիստոսինՙ դաջված խաչափայտի մեջ: Դա անվստահելի, բեռի ծանրությունից ճզմված մի մարդ է, որին ներկայացնում է արվեստագետըՙ նետելով նրա դիմակը եւ խրելով ձեռքերը հողի մեջ: Դա մի ցնցում է, որտեղ արվեստագետը դարերի միջով քայլող անցորդի նման, կերտում է վերերկրայինի եւ մարդկայինի (ֆիզիկականի) միջեւ մի ուղի, նախքան վերջինս կկարողանա միանալ հոգուն:

Նորավանքի արծիվը

Հաստատված լինելով Կանադայումՙ իրեն որդեգրած հայրենիքում, Արտոն արագ սովորում է տարագրության լեզուն: Զրկված լինելով հայկական հողի վրայով քայլելու հաճույքիցՙ իր եռանդով եւ հավատքով նա վերաստեղծում է մի հոգեւոր հայրենիք, մի հավերժական Հայաստան առանց ներսից քայքայող մակաբույծների: Նախքան տարագրվելը Արտոն, այնուամենայնիվ, բախտ է ունեցել հանդիպելու մեկ այլ Հայաստանիՙ անցնելով Զանգեզուրի գյուղերով եւ լեռներով, որոնելով այն նյութականը, որը պիտի սնուցեր իր ոգեշնչումը: Ինչպես մի Կոմիտաս, նա հավաքում է ազգային ժառանգության թաղված գանձերըՙ ցրված հայկական գյուղերի խուլ անկյուններում: Նման մի գեղարվեստական արշավի ընթացքում Արտոն որոշեց գիշերն անցկացնել Նորավանքի ավերակներում, որտեղ նա ապրեց իր կյանքի ամենամեծ սարսափը: Գիշերը ավերակների վրա իջավ մի վեհազդու արծիվ: «Ես սարսափել էի. այն աստիճան, որ վախը կաթվածահար էր արել վերջույթներս»: Արծիվը արվեստագետի հետ կողք կողքի քնում է Նորավանքի այդ ավերակներում, այսպեսՙ առանց մեկը մյուսի քունը խանգարելու:

Այդ բազմաթիվ գյուղերից Արտոն մի անկապտելի կապ հյուսել է իր ոգեշնչման հիմնական աղբյուրի հետ, որը ոչ մի դիկտատ չի կարողանա կոտրել: Արվեստագետն ապրում է իբրեւ վկա, հույսի եւ դիմադրության կրող, ինչպես իր մեծ բարեկամըՙ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, որին Արտոն սիրում է համարել Կոմիտասի հոգեւոր ժառանգորդ: Լինելով քանդակագործՙ վարպետը անհրաժեշտաբար մշտական հակասության մեջ է իր ստեղծագործության բռնության եւ կենսուրախ բնավորության միջեւ, նուրբ եւ ոգեղեն, ինչպես իր բազմաթիվ հայացքները, որոնք նա նկարում է կյանքի ցուցահանդեսում: Համամարդկային արվեստագետ լինելովՙ Արտոն իր ժողովրդի կարիքն ունիՙ հայկական մշակույթը գեղարվեստական արդիականության մեջ ընդգրկելու համար: Անկասկած, հիշելով, որ իր ժողովուրդը եւս կարիք ունի նրա տաղանդիՙ այդ հզոր ուժի, որը ստիպում է մտածել մեր սեփական վերքերի մասին, եւ, որը, վերջին հաշվով, պիտի մեզ ստիպի լիարժեքորեն գոյատեւել ներկայիս մեր այս բաժանման մեջ:

Փարիզ


Կենսագրական նոթեր

Արտո Չաքմաքչյանը ծնվել է 1933 թ. Կահիրեում (Եգիպտոս), հայկական ընտանիքում: Սկսել է զբաղվել քանդակագործությամբ տասներկու տարեկան հասակում: 1948 թ. նրա ընտանիքը հայրենադարձել է Սովետական Հայաստան: Երեւանի Գեղարվեստի ինստիտուտում նա ուսանել է քանդակագործություն եւ գեղանկարչություն:

1964 թ. Մոսկվայի Խաղաղության Կոմիտեի մրցանակաբաշխությանը արժանացել է առաջին մրցանակի «Հիրոսիմա» քանդակի համար, որը Ճապոնիայում է:

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահը համալրում է իր մշտական հավաքածուն նրա գործերով:

1975 թ. Հայաստանից մեկնում է Կանադա եւ ընտանիքով հաստատվում Մոնրեալում: 1978 թ. սկսած դասավանդում է քանդակագործություն եւ գեղանկարչություն Քվեբեկի համալսարանում (Մոնրեալ):

Մի շարք նրա ստեղծագործություններ տեղադրված են Մոնրեալի, ինչպես նաեւ աշխարհի մի շարք այլ քաղաքների հասարակական վայրերում եւ այդ քաղաքների քաղաքային բնապատկերները համալրող մասն են կազմում:

2004 թ. ստացել է պետականՙ «Մովսես Խորենացի» մեդալըՙ շնորհված Հայաստանի նախագահի կողմից: Արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության 2007-ի մրցանակինՙ «Քայլող մարդը» քանդակի համար: 2009 թ. Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը նրան պարգեւատրել է «Նարեկացի» մեդալով:


Նկար 2. «Կոմիտաս», 2003թ. Կանադայում տպագրված ալբոմից:

Նկար 3. «Երեք մատներ»

Նկար 4. «Ճիչ»ՙ փարիզյան ցուցահանդեսից

Նկար 5. «Հիրոսիմա»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4