«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2010-03-04 | #39, 2010-03-05 | #40, 2010-03-06


ԿԱՅՔԸՙ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Քսանչորս տարի անց, տաղանդավոր դերասաններ Նորա Արմանին եւ Ժիրայր Փափազյանը «Կայք Արարատի մոտ» հայտնի բեմադրությունը հունվաի 18-ին ներկայացրել են Նյու Յորքի «Ջո՛զ Փաբում», մեկ անգամ եւս վերակենդանացնելով հայկական ոգին ու մշակութային արժեքները: Բեմադրությունը, ըստ Ֆլորենս Ավագյանի («Արմինյըն միրոր սփեքթեյթրի» փետրվարի 8-ի համարում), լավագույն օրինակը կարող է ծառայել այն իրականությանը, թե, իրոք, հնարավոր է նվազագույն դեկորացիաներով առավելագույն արդյունք երաշխավորել: Անշուշտ, եթե կա ասելիք: «Կայքի» դեպքում ասելիքը առկա է: Կոմիտասի եւ Սայաթ-Նովայի երաժշտությամբ համեմված 65 րոպե տեւողությամբ այս անզուգական ներկայացումը բացվում է Պարույր Սեւակի «բարեւով» եւ այնուհետեւ տարբեր սերունդների բանաստեղծությունների մանրակրկիտ ընտրությամբ (Քուչակ, Սիամանթո, Թեքեյան եւ այլք) հյուսվում է հայոց պատմությունըՙ սկզբից մինչեւ մեր օրերը:

Ներկայացումն առաջին անգամ 1986-ին Էդինբուրգի միջազգային «Ֆրինչ» փառատոնի ժամանակ է հանրության դատին հանձնվել: «Սքոթման» թերթում Հաուըրդ Փըրդին գրել է, որ այդ ժամանակ դա «էպիկական մի պիես է, որի ընթացքում հայերը լուսավորելով իրենց իսկ հայրենիքը, լուսավորում են նաեւ ամբողջ մարդկությունը»: Մինչեւ օրս ավելի քան 600 անգամ է բեմականացվել աշխարհի չորս մայրցամաքներում, եւ արժանացել բազմաթիվ մրցանակների:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4