«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2010-03-06 | #41, 2010-03-10 | #42, 2010-03-11


ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱԼ, ՈՐ ՕՐԻՆԱԳԻԾԸ ՏԱՊԱԼՎԻ

Վատ էր, որ նախագահ Օբաման եւ պետքարտուղար Քլինթոնը դրժեցին իրենց ընտրարշավի խոստումները Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Անցյալ շաբաթ նրանք էլ ավելի նվազեցրին իրենց ժողովրդականությունը, երբ Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ ինքն ու նախագահ Օբաման դեմ են, որ Հայկական ցեղասպանության օրինագիծը մտնի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգ: Լրագրողների այն հարցին, թե ինչու այդ հարցում նրանք փոխել են իրենց դիրքորոշումը, տիկին Քլինթոնն անամոթաբար ասաց. «Դե, հանգամանքներն են զգալիորեն փոխվել: Չենք կարծում, որ Կոնգրեսի որեւէ քայլ նպատակահարմար է (այս րոպեին)»: Նա ավելացրեց, որ վարչակազմը չի կարծում, որ լիագումար նիստը «կքվեարկի կամ պետք է քվեարկի» այդ օրինագծի օգտին:

Ինչպե՞ս կարող էին 95 տարի առաջ կատարված ցեղասպանության փաստերը փոփոխվել մեկ օրից մյուսը: Իրականում ոչինչ էլ չի փոխվել, բացի պետքարտուղար Քլինթոնի բարոյական կեցվածքից, եթե հավատանք, որ նա երբեւէ ունեցել է նման կեցվածք:

Ամոթալի է, որ Օբամայի վարչակազմը տեղի է տալիս սպառնալիքներին մի երրորդ երկրի, որն ԱՄՆ-ի կարիքն ավելի շատ ունի, քան ԱՄՆ-ըՙ նրա: Ինչպես Հայ դատի ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասաց անցյալ շաբաթ. «Թուրքիան Մ. Նահանգների Կոնգրեսում իրեն ի նպաստ քվե կամ վետո չի ստանալու»: Ոչ էլ ԱՄՆ նախագահը կամ պետքարտուղարը, քանի որ օրինագիծը պարտավորեցնող չէ:

Սպիտակ տան խոսնակներից մեկն անցյալ շաբաթ հայտարարեց, որ հանձնաժողովի քվեարկության նախօրեին Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որից հետո տիկին Քլինթոնը զգուշացրել է հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին, որ «կոնգրեսականի հետագա քայլերը կարող են խոչընդոտել հարաբերությունների կարգավորմանը» Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ: Տարօրինակ է տեսնել, թե տիկին Քլինթոնն ինչպես է ինքն իրեն գլխավոր դատավոր նշանակելՙ որոշելու, թե ինչն է համապատասխանում Հայաստանի շահերին, ինչըՙ ոչ, հաշվի չառնելով ամերիկահայերի եւ Հայաստանի առաջնորդների բազմիցս արտահայտված կեցվածքը, որ կողմ են ցեղասպանության բանաձեւի ընդունմանը: Այո, նա իրեն դրել է հայերի շահը հայերից լավ իմանալու հիմար կացության մեջ: Ամիսներ շարունակ պնդելուց հետո, որ հայ-թուրքական արձանագրությունները նախապայմաններ չեն պարունակում եւ ոչ մի ուրիշ հարցի չեն առնչվում, Քլինթոնն այժմ հաստատում է, որ արձանագրությունները ճանապարհ են հարթում ստեղծելու մի ենթահանձնախումբ, որը կզբաղվի Հայոց ցեղասպանության փաստերի ուսումնասիրությամբ: «Չեմ կարծում, որ որեւէ այլ երկրի գործն է որոշել, թե ինչպես երկու երկրները կլուծեն իրենց հարցերը», ասաց նա: Սա հաստատում է արձանագրություններին ընդդիմացող հայերի վատթարագույն վախը: Հստակ երեւում է, որ պետքարտուղարն իրոք հավատում է, որ արձանագրությունների վավերացումը կասեցնելու է երրորդ երկրների կողմից Հայոց ցեղասպանության հարցի քննարկումները: Սա նաեւ թուրքական կողմի դիրքորոշումն էրՙ ի հեճուկս հայերի մեծամասնության: Հետաքրքրական է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նման հայտարարությամբ հանդես եկավ անցյալ շաբաթ, զարմանք արտահայտելով որ հայերի ցեղասպանության հարցը դարձյալ Կոնգրեսի օրակարգում է: Ի սկզբանե թուրք ղեկավարների մտադրությունը եղել է կասեցնել Հայոց ցեղասպանության հարցի քննարկումները երրորդ երկրներում, քանի դեռ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը չի ավարտվել:

Պատահական չէր, որ գրեթե բոլոր կոնգրեսականները, որոնք դեմ արտահայտվեցին բանաձեւի ընդունմանը, մեջբերեցին միեւնույն անհամոզիչ պատրվակը, որ չեն ցանկանում խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Հակառակ իրենց հռետորական քաղցր խոսքերին, նրանք իրականում Հայաստանի շահերի դեմ էին գնում: Արձանագրությունները տապալված են շնորհիվ այն բանի, որ Թուրքիան մերժում է վավերացնել դրանք:

Ամերիկահայերն այս տարի նախագահ Օբամայի հետ չեն կարող հաշիվները մաքրել, քանի որ նոյեմբերին նախագահական ընտրություններ չեն ակնկալվում, բայց բանաձեւին դեմ արտահայտված 22 կոնգրեսականներից 18-ի վերընտրությունը կայանալու է այս տարի, եւ ամերիկահայերն ամեն ջանք պետք է գործադրեն, որ նրանք չվերընտրվեն: Ահա նրանք. Ռաս Կառնահան, Ջերալդ Կոնոլլի, Մայքլ Մքմահոն, Մայք Ռոս, Բրեդ Միլլեր, Դեյվիդ Սքոթ, Գրեգորի Միքս, Լեանա Ռոս-Լետինեն, Ռոն Պոլ, Ջեֆ Ֆլեյք, Մայք Պենս, Ջո Ուիլսոն, Կոնի Մեք, Ջեֆ Ֆորտենբերի, Մայքլ Մքկոլ, Թեդ Փո, Բոբ Ինգլիս եւ Դեն Բըրտըն: Բիլ Դելահանտն ու Ջոն Տանները թոշակի են անցնում, Գրեշամ Բարետը նահանգապետի պաշտոնի համար է պայքարելու, իսկ Ջոն Բուզմանըՙ սենատոր դառնալու: Վերջին երկուսին պետք է դեմ քվեարկել:

Ամերիկահայերը դեմ պետք է քվեարկեն նաեւ Սթիվ Կոհենի, Էդ Ուիթֆիլդի եւ Քեյ Գրեյնջրի վերընտրություններին, քանի որ նրանք արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին համատեղ նամակ էին հղելՙ պահանջելով դեմ քվեարկել ցեղասպանության բանաձեւին: Նրանք բոլորն էլ Կոնգրեսի թուրքական հակվածություն ունեցող խմբակցության անդամներ են:

Հաջորդ մեղավորներն ամերիկյան օդային տարածքների եւ պաշտպանության ընկերություններն ենՙ «Լոքհիդը», «Բոինգը», «Ռեյթեոնը», «Յունայթեդ թեքնոլոջիզը» եւ «Նորթրոպ Գրամմանը»: Նրանք էլ համատեղ նամակով դիմել էին հանձնաժողովի նախագահին պահանջելով չանցկացնել բանաձեւը, որպեսզի վտանգի չենթարկվի իրենց ապրանքների վաճառքը Թուրքիային: Ամերիկահայերը պետք է այս ընկերությունների գրասենյակների առաջ ցույցեր կազմակերպեն:

Բոլոր կոնգրեսականներն ու ընկերությունները, որոնք դեմ էին մարտի 4-ին բանաձեւի անցկացմանը, պետք է վարձահատույց լինեն իրենց անբարոյական կեցվածքի համար: Անտարբեր մնալով մենք միայն կխրախուսենք նրանց հետագա քայլերը: Եթե նրանցից առնվազն մեկը նոյեմբերին չվերընտրվի, մյուսները կհասկանան, որ դեմ քվեարկելը կարող է վերջ դնել իրենց քաղաքական գործունեությանը: Այդ դեպքում նրանք լավ կմտածեն նախքան քվեարկելը:

Ինչ վերաբերում է նախագահ Օբամային եւ պետքարտուղար Քլինթոնին, ամերիկահայերը չպետք է թույլ տան, որ նրանք իրենց կամքը թելադրեն Կոնգրեսին: Հաշվի առնելով, որ ամերիկացիներից շատերն են դժգոհ եւ հուսախաբ չգործադրված նախագահական խոստումներից, ամբողջ երկրով մեկ ընտրված պետական պաշտոնյաները մտահոգված են իրենց վերընտրության խնդրով: Ուստի սա ճիշտ ժամանակն է նրանցից կոնկրետ քայլեր պահանջելու եւ պատժելու բոլոր նրանց, ովքեր չեն համագործակցելու: Օրինագծի ճակատագիրը ամերիկահայերի ձեռքերում է: Եթե լավ աշխատեն, կկարողանան ապահովել կոնգրեսականների պաշտպանությունը:

Միեւնույն ժամանակ ամերիկահայերը չպետք է մոռանան իրենց երախտագիտությունը հայտնելու հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին եւ մյուս 22 կոնգրեսականներին, ովքեր կողմ քվեարկեցին բանաձեւին մարտի 4-ին: Նրանք են. «Գարի Աքերմանը, Էնի Ֆալեոմավիգան, Դոնալդ Փեյնը, Բրեդ Շերմանը, Էլիոտ Էնգելը, Դայան Ուաթսոնը, Ալբիո Սայրեսը, Ջին Գրինը, Լին Վուլսին, Բարբարա Լին, Շելի Բերքլին, Ջոզեֆ Կրոուլին, Ջիմ Կոստան, Քիթ Էլիսոնը, Գաբրիել Ջիֆորդսը, Քրիստոֆեր Սմիթը, Գաս Բիլրակիսը, Դանա Ռորաբախերը, Դոնալդ Մանզուլոն, Էդուարդ Ռոյսը, Էլթոն Գալեգլին եւ Ռոն Քլայնը: Ամերիկահայերը պետք է աջակցեն նրանց վերընտրությանը:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր», Թարգմ. (որոշ հապավումներով) Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4