«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2010-03-10 | #42, 2010-03-11 | #43, 2010-03-12


ՀԱՅ-ՀՐԵԱԿԱՆ ՕՆ-ԼԱՅՆ ԿՈԱԼԻՑԻԱ ԸՆԴԴԵՄ ԺԽՏՈՂՆԵՐԻ

2007 թվին, երբ Մասաչուսեթսի բնակիչներն իմացան, որ «Հակազրպարտչական լիգան» (ՀԶԼ) ժխտում էր հայերի ցեղասպանության փաստը եւ թուրքական կառավարության օգտին քարոզչությամբ էր զբաղվում խոչընդոտելու մարդկության դեմ գործադրված այս ոճրագործության կոնգրեսական ճանաչումը, տասնչորս համայնքներ, Ուոթերթաունի առաջնորդությամբ, դուրս եկան ՀԶԼ-ի «Ատելության համար տեղ չկա» ծրագրիցՙ որպես բողոքի նշան: Իրենց համապատասխան կազմակերպություններում ընդգրկված բազմաթիվ հրեաներ ցնցված էին այն փաստից, որ ՀԶԼ-ն եւ մի քանի այլ կազմակերպություններ ժխտում էին մեկ ուրիշ ազգի դեմ գործադրված ցեղասպանությունը: Այդ ժամանակ էլ Լեքսինգտոնի «Թեմփլ Այզայա» եւ Բոստոնի «Թեմփլ Իսրայել» խմբակցության անդամները որոշեցին բոստոնաբնակ հայերի հետ համագործակցելով ստեղծել «Հայերի ցեղասպանությունը ճանաչելու կոալիցիան», որը խուսափելու էր «երկակի ստանդարտներից» եւ Հայոց եղեռնի փաստը չէր պայմանավորելու քաղաքականությամբ:

Այժմ, մարտի 4-ի առնչությամբ կոալիցիան, ըստ մամուլի հաղորդագրության, որը համատեղ հրապարակել են Լեքսինգտոնի հայազգի բնակիչ Լաուրա Պողոսյանն ու «Թեմփլ Այզայայի (Իսահակի)» ռաբբի Հովարդ Յաֆֆեն (կոալիցիայի համահիմնախնդիրները), «Օն-լայն խնդրագիր» են նախաձեռնել, որը հետամուտ է լինելու ցեղասպանության ճանաչման գործընթացին: «Որպես քաղաքացիներ մենք պետք է երաշխավորենք, որ համամարդկային իրավունքներն ու պատմական ճշմարտությունները դառնան հիմքը Ամերիկայի արտաքին քաղաքականության: Մեր գործելակերպով են մարդիկ բնութագրելու մեզ: Եթե ուրիշներից պահանջում ենք, որ հարգեն մարդու իրավունքները, մենք եւս պարտավոր են դա անել եւ այդ հարցում պետք է հետեւողական լինենք», ասված է հաղորդագրության մեջ, որը կոչ է անում ակտիվորեն այցելել «http://www.change.org/actiond/view/tell congress to recognize the armenian genocide» կայքը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4