«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2010-03-11 | #43, 2010-03-12 | #44, 2010-03-13


ԱՀՄԵԴ ԱԼԹԱՆ. «ԵԹԵ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆՔ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՒՐԵՄՆ ԱՐԺԱՆԻ ԵՆՔ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ»

Կանադայի «Զորյան» ինստիտուտը տարածել է թուրք հայտնի հրապարակախոս, «Թարաֆ» թերթի թղթակիցներից Ահմեդ Ալթանի մարտի 6-ի «Ցեղասպանություն» հոդվածը: Ստորեւ թարգմանաբարՙ հատվածներ այդ հոդվածից:


Բոլորը շունչը պահած հավաքված էին հեռուստացույցների առաջ, կարծես ֆուտբոլային խաղ դիտեին: Ի՞նչ է տեղի ունենում: Մ. Նահանգների Կոնգրեսի հանձնաժողովներից մեկը քվեարկության է դրել հայերի ցեղասպանության ճանաչման բանաձեւը: Քարոզչական աշխատանքների հետեւանքով մենք կորցնում ենք «խաղը» 23-22 հաշվով, եւ ամբողջ դժոխքը փուլ է գալիս մեր գլխին: Մենք մեզ նվաստացած ենք զգում...

Բայց ամբողջ Թուրքիան նվաստացած է զգում ոչ թե այն բանի համար, որ այդ հանձնաժողովը ընդունեց բանաձեւը մեկ ձայնի առավելությամբ, այլ որովհետեւ ինքը չի կարողանում լույս սփռել իր իսկ պատմության վրա եւ թույլ է տալիս, որ ուրիշները զբաղվեն այդ հարցով: Թուրքիան նվաստացած է զգում, որովհետեւ վախենում է իր անցյալից եւ խելագարի նման կծկվում էՙ ճշմարտությունը թաքցնելու նպատակով:

Ինչո՞ւ պիտի «հայերի ցեղասպանության» հարցը քննության առարկա դառնա ամերիկյան, ֆրանսիական կամ շվեյցարական խորհրդարաններում եւ ոչ թե թուրքականում:

Ինչո՞ւ մենք չենք կարող քննարկել մի հարց, որը մեզ համար այնքան կենսական նշանակություն ունի, որ մեկ ձայնի տարբերությունը մեզ նվաստացնում է:

Եթե չենք կարող քննարկել, ուրեմն արժանի ենք նվաստացման: Եթե լուռ ես մնում քեզ համար կարեւոր մի հարցի վերաբերյալ, ուրեմն արժանի ես նվաստացման: Եթե փորձես լռեցնել ուրիշներին, առավել եւս արժանի ես նվաստացման: Ամբողջ աշխարհն է այդքան մեծ թվով (մի թիվ, որ ի վիճակի չենք նույնիսկ ճշգրտորեն հաշվելու) հայերի սպանությունները որակում «ցեղասպանություն»:

Ցեղասպանությունն իրավական եզր է: Եվ յունիոնիստների (երիտթուրքեր) գործած կոտորածները լիովին համապատասխանում են այդ եզրի սահմանումներին: Թուրքերի եւ հայերի համար «ցեղասպանություն» բառը մտասեւեռուն գաղափար է դարձել, որն անընդհատ հետապնդում է նրանց: Թուրքերն ասում են, որ «երբեք չի եղել», իսկ հայերն էլ բոլոր այդպես մտածողներին «ստախոսներ» են անվանում: Երկու կողմերն էլ միլիոնավոր դոլարներ են ծախսում, որպեսզի աշխարհին համոզեն, որ իրենց տեսակետն է ճիշտը:

Մենք պնդում ենք, որ «հայերը հարձակվեցին մեզ վրա, այդ պատճառով էլ մենք սպանեցինք նրանց»: Լավ, բայց այդ «հարձակվող» հայկական հրոսակախմբերը արեւելյան սահմանի վրա էին գործում: Ի՞նչ հանցանք էին գործել հարյուր հազարավոր մյուս հայերը, որոնք ապրում էին Անատոլիայի այլ վայրերում: Բացի հայ լինելուց, ի՞նչ մեղք էին գործել նրանք: Կարելի՞ է մեկին պատժել սոսկ իր էթնիկական պատկանելության պատճառով:

Ինչպե՞ս կարելի է որակել նման արարքը, եթե ոչ սպանություն: Եվ ճիշտն ասած, միեւնույն էթնիկական խմբավորմանը պատկանող հարյուր հազարավորների սպանությունն իրոք կարելի է որակել «ցեղասպանություն»: Յունիոնիստները նողկալի ոճիրներ գործեցին: Հայերին պատճառած նրանց դաժանությունները երեւակայությունից վեր են: Ինչո՞ւ ենք փորձում պաշտպանել մարդասպաններին: Ինչո՞ւ ենք կծկվումՙ ճշմարտությունը թաքցնելու նպատակով:

Բոլոր հասարակությունների պատմություններն էլ թաթախված են արյան եւ ոճիրների մեջ: Չենք կարող չեղյալ հայտարարել այն, ինչ եղել է: Բայց կարող ենք խիզախորեն դիմակայել ճշմարտությանը եւ քննարկել իրականությունը: Կարող ենք վերջ տալ աշխարհը լռեցնելու մեր փորձերին: Եվ իհարկե, կարող ենք հարցեր առաջադրել:

Եվ առաջին հարցը կլինի հետեւյալը.

«Ինչպե՞ս է, որ մեր պատմության գրքերում մենք երբեք չենք կարդում հարյուր հազարավորների մահվան մասին»: Եթե 95 տարի առաջ կատարված իրականությանը չես կարող դիմակայել, ուրեմն արժանի ես նվաստացման, որովհետեւ ոչ ոք չի համարձակվի նվաստացնել ուժեղին, որը չի վախենում ճշմարտությունից:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4