«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2010-03-17 | #47, 2010-03-18 | #48, 2010-03-19


ԻՐԱՔԱՀԱՅԵՐԸ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՐՄԱՐՎԵԼ ՀԱՅՐԵՆԻ ԱՐԱՐԱՏՈՒՄ

Արարատի մարզի Դարբնիկ գյուղում են ապրում իրաքյան պատերազմի հետեւանքով վերջերս Հայաստան տեղափոխված 26 իրաքահայ ընտանիքներ: Միավորված ազգերի հայաստանյան գրասենյակը գյուղի նախկին գյուղատնտեսական քոլեջը վերանորոգել է եւ նրանց համար պատրաստել 46 բնակարաններ: «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի փետրվարի 13-ի համարում լրագրող Սիրանուշ Գեւորգյանը գրում է անցյալ տարվանից այնտեղ հաստատված Մարգարյանների ընտանիքի մասին: Նրանք այլեւս պատերազմից եւ ահաբեկչական գործողություններից հեռու են եւ ազատ շունչ կարող են քաշել, սակայն ամեն ինչ չէ, որ նպաստում է նրանց մերվելու հայաստանաբնակ իրենց հայրենակիցների հետ:

Բաղդադում բարգավաճ կյանք վարած ընտանիքը հայտնվել է անբարենպաստ պայմաններ ունեցող մի գյուղում, որտեղ ճանապարհները ասֆալտած չեն, աղբը մարդիկ թափում են ճանապարհի երկայնքին, հասարակական տրանսպորտն էլ անկանոն է աշխատում: «Փրկեք երեխաներին» հասարակական կազմակերպության «մշակութային ադապտացիայի» ծրագրի գլխավոր համակարգող Գոհար Գալստյանի համաձայն, բացի վերոնշյալներից, ընդհանրապես իրաքահայերն ունեն նաեւ լեզվական եւ աշխատանքային դժվարություններ: Նրանց մեծ մասը ոսկերիչներ են կամ ավտոմեխանիկներ եւ գյուղական վայրում չեն կարողանում համապատասխան աշխատանքով վաստակել իրենց ապրուստը:

Դարբնիկը, որն ընդամենը 8 կմ է Երեւանից հեռու, շատ է կտրված մայրաքաղաքից: Ունի մոտ 1,130 բնակիչ, որի 90 տոկոսը փախստականներ են:

Ընդհանուր առմամբ մոտ 1000 իրաքահայ քաղաքացիներ են ապաստան գտել Հայաստանում 2003 թվից ի վեր: Դրանցից մոտ 200-ը տեղափոխվել է ԱՄՆ: Մարգարյանները ամբողջ գերդաստանով էին տեղափոխվել Հայաստանՙ ամուսիններ, երկու որդիներ (Արամն ու Ազատը), հարսներ, դուստրեր եւ թոռներ, ընտանիքի հայրը, չդիմանալով պայմաններին, տեղափոխվելուց ընդամենը 20 օր հետո մահացել է:

Եղբայրները մի կերպ Երեւանում ավտոտեխսպասարկման արհեստանոց են բացել եւ աշխատում են, բայց ուրիշ շատ իրաքահայերի նման հայրենիքում վերջնականապես հաստատվելու որոշում դեռ չեն կարողանում ընդունել:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4