«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2010-03-20 | #50, 2010-03-23 | #51, 2010-03-24


ՎԵՐՍՏԵՂԾՎԵԼ Է «ԼԼԿՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄՐ ՖԻԼՄԸ

Ցուցադրումը մարտի 24-ին Գլենդեյլ գրադարանում

Հովանավորությամբ Գլենդեյլի Հանրային գրադարանի, Արարատ-Էսքիճյան թանգարանի եւ Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (ՀՈւՀԱԱ), չորեքշաբթի օրը մարտի 24-ին երեկոյան ժամը 7.30-ին Գլենդեյլի կենտրոնական գրադարանում տեղի է ունենալու «Լլկված Հայաստան» համր ֆիլմի նորացված տարբերակի ցուցադրումը, որին ուղեկցելու են ֆիլմարվեստի պատմաբան Էնթընի Սլայդի մեկնաբանությունները, տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված մամուլի հաղորդագրությունը:

Վետերան ֆիլմարտադրող Օսկար Ապֆելի ռեժիսուրությամբ նկարահանված ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է 1919 թվականին եւ արժանանալով մեծ ուշադրության, նպաստել է այդ ժամանակ գործող «Օժանդակություն Մերձավոր Արեւելքին» կազմակերպության նախաձեռնած հանգանակությունների հավաքմանը: Ֆիլմը հիմնած է 1918-ին առաջին անգամ անգլերեն լեզվով լույս տեսած հայկական եղեռնից մազապուրծ փրկված Ավրորա Մարտիկանյանի «Լլկված Հայաստան» կամ «Հոգիների աճուրդը» վերնագրված հուշերի վրա: Անհավատալի է, բայց փաստ, որ Մ. Նահանգներ հասնելուց ընդամենը մի քանի ամիս անց Մարտիկանյանը շաբաթական 15 դոլար հոնորարով դեր է ստանձնել այդ ֆիլմում եւ վերստին ապրել ցեղասպանության սարսափելի տեսարանները:

Ֆիլմը դրանից հետո երկար ժամանակ մոռացության է մատնվել, մինչեւ որ 1997-ին ֆիլմարվեստի պատմաբան Էնթընի Սլայդը, ով ավելի քան 70 գրքերի հեղինակ է, հրատարակել է «Լլկված Հայաստանը եւ Օրորա (Ավրորա) Մարտիկանյանի պատմությունը» խորագրով ուսումնասիրությունը, որտեղ ներկայացրել է նաեւ հայուհու գրած հուշագրության բնագիրը եւ դրա հիման վրա ստեղծված ֆիլմի պատմությունը: Այդ երեւույթը առիթ է դարձել, որ «Հայոց ցեղասպանության աղբյուրագիտության կենտրոնի» աշխատակից Ռիչարդ Քլոյանը երեւան հանի համր ֆիլմի բնօրինակը եւ դրանից պատրաստի 24 րոպեանոց նոր տարբերակը, որին նա ավելացրել է պատմական համապատասխան առաջաբան, ենթավերնագրեր, եւ երաժշտություն: Նա ներկա է գտնվելու ֆիլմի ցուցադրմանը: Երեկոյի ընթացքում վաճառվելու են ֆիլմի DVD տեսագրությունները:

Հավելյալ տեղեկությունների համար այցելել «Egrigorian@ci.glendale.ca.us», «hq@naasr.org» կամ «ararat-eskijian-museum @netzero.net» կայքերը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4