ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2010-02-27 | #2, 2010-03-13 | #3, 2010-03-27


ՎԱՎԱ ՍԱՐԳԻՍ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Մոռացված, կամ գրեթե մոռացված անուն, միայն հանրագիտարանային ներկայություն (Օննիկ Ավետիսյան «Peintres et sculpteurs Arme՛nien», Կարո Քյուրքման «Armenian Paintres in the Ottoman Empire»): Մինչդեռ հայ կին նկարիչների ոչ այնքան փոքր փաղանգի մեջ նա ունի, պե՛տք է ունենա, իր ուրույն տեղը ոչ միայն եւ ոչ այնքան որպես ստեղծագործող արվեստագետ, այլեւ որպես արվեստի մթնոլորտ թելադրող, նույնիսկՙ ներշնչանքի աղբյուր: Նա եղել է ոչ միայն իր ամուսնուՙ նշանավոր նկարիչ եւ համաշխարհային քաղաքակրթության երախտավոր Սարգիս Խաչատուրյանի, այլեւ ֆրանսիական մեծ իմպրեսիոնիստներից ոմանց բնորդուհին: Նկարել սկսել է բավական ուշ, ցուցադրվելՙ էլ ավելի ուշ: Ամերիկացի արվեստաբան Սիդնի Ջենիսն է եղել «դրդողը»: Նյույորքյան գեղանկարչական մի ցուցահանդեսում, հմայված Վավայի դիտողականությունից, Ջենիսը նախ զարմանք է հայտնել, որ նա չի նկարում, ապա թելադրել իսկույն վրձին վերցնել ձեռքը: Դրդմանը հաջորդել է ամուսնու քաջալերանքըՙ նկարչական առաջին դասերի հետ: Եվ... առաջին ցուցահանդեսը 1946-ինՙ Նյու Յորքի British-Armenian Art Center-ում: Իհարկե, դա այն ցուցասրահը չէր, որտեղից կարելի էր մեծ հռչակ ձեռք բերել, այնուամենայնիվ արվեստի քննադատների ուշադրությունից չի վրիպում նորընծա նկարչուհու մեղմանուշ, մտերմիկ գույները: Երեք տարի հետո, արդեն համբավավոր Feragil պատկերասրահում տված նրա երկրորդ ցուցահանդեսն արձանագրում է մեծ հաջողություն: Նյույորքյան թերթերը գովեստի խոսքեր են շռայլում նրան: «Նյու Յորք թայմս», «Նյու Յորք Հերալդ Թրիբյուն», «Նյու Յորք Սան» հեղինակավոր թերթերի եւ «Արտ Դայջեսթ» հանդեսի արվեստի քննադատների ուշադրությունը գրավում է Վավա Սարգիսի արեւելյան գույների ջերմությունը եւ ներքին մաքրամաքուր տրամադրությունը, թեեւ կատարման ոճը չի գոհացնում ոմանց, սակայն անկեղծությունը առինքնում է բոլորին: Հետպատերազմյան ժամանակաշրջանի Նյու Յորքը, որը դարձել էր եվրոպական երկրներից այնտեղ ապաստան գտած բազմամբոխ նկարիչների սարսափապատումի կամ ոչնչապաշտության ցուցադրավայրը, Վավա Սարգիսի նկարների, նրա կանանց ու ծաղիկների քնքշությունն ու մաքրությունը ոգեկան ապաստան ու խաղաղություն էին պարգեւում մարդկանց:

1949 թ. մարտի 22-ի համարում նրա ստեղծագործությունների մասին գրել է «Նյու Յորք Հերալդ Թրիբյունը». «Վավա Սարգիսի գեղանկարներում ի հայտ են գալիս նրբինություն եւ անբացատրելի բանաստեղծականություն: Նրա ստեղծագործությունն իր բնույթով թեեւ հավակնոտ չէ, բայց գերազանցապես կանացի է: Այն ասես մտահղացված լինի յուրօրինակ թախծագորով անկաշկանդության մեջ. նրա ծաղիկներն ունեն հարուստ երանգավորում, պառկած ֆիգուրները զգայական հմայք են արտահայտում, մինչդեռ այլուր զգացվում է քնքուշ կարոտ» : (Այս եւ հետագա մեջբերումների թարգմանությունըՙ «Ազգ» -ի ֆրանսագետ աշխատակից Պետրոս Քեշիշյանինն են, Օ. Ավետիսյանի հանրագիտարանից):

Իսկ 1949 թ. մարտի 25-ին «Նյու Յորք Սանի» քննադատն արձանագրել է. «Վավա Սարգիսի ստեղծագործությունը բնութագրելու համար չկա ավելի լավ խոսք, քան Ֆրեդերիկ Փրայսի «անշոշափելի ծաղկեփունջ» արտահայտությունը: Իրոք, նրա կտավներից ամեն մեկի վրա գտնում ենք պարտեզի բոլոր գույները եւ ամբողջ հմայքը: Գեղանկարչության խիստ կանոններից ու եղանակներից ազատագրված այդ կտավները, սակայն, հաճախ հասնում են պոեզիայի բարձունքներին» :

Հաջորդում են նոր ցուցահանդեսներ Ֆրեզնոյում, Դետրոյթում, Լոս Անջելեսում: Մեկ տարի հետո, 1950-ի հոկտեմբերին, իրականանում է սիրեցյալ ու սիրեցյալների քաղաքումՙ Փարիզում ցուցադրվելու նրա երազանքը: Doucet պատկերասրահում ցուցադրվում եւ վաճառվում են նրա գործերը: Փարիզյան մամուլը արձագանքում է զուսպ եւ գիտակից գնահատանքներով: «Լը Մոնդ»- «Վավա Սարգիսի մասին հանգիստ կարելի է ասել, որ նրա գեղանկարչությունն անուշաբույր է եւ անիրականին հպվում է նուրբ եւ զգայուն վրձնով»: «Լը Մատեն» - «Վավա Սարգիսի ոճը, լինելով նրա գույներից նվազ համոզիչ, բանաստեղծի ոճ է»: «Օպերա»- «Իրականության այդ տեղափոխությունը երանգավորվում է միայն զգայունակությամբ եւ մեղմ զուգադիպությունների հակմամբ» :

Հաջորդ ցուցահանդեսները Վավան կազմակերպում է սփյուռքահայ նկարչության այն ժամանակվա գլխավոր կենտրոն Կահիրեում եւ Ալեքսանդրիայում (1951), հաջորդաբար ADAM եւ Aladin պատկերասրահներում: Նույն տարվա ապրիլ ամսին արդեն Բեյրութում էՙ Fakhreddine պատկերասրահում, մեկ տարի հետոՙ Ստամբուլում: Նրա գործերը գնվում են հաճույքով: Գնորդների մեջ են Կահիրեի Արդի արվեստի թանգարանը, հայոց առաջնորդարանը, Ալեքսանդրիայի քաղաքապետարանը, Անթիլիասի կաթողիկոսարանը, Պոլսո հայոց պատրիարքարանը: Հայկական եւ արաբական թերթերը, այդ թվումՙ ֆրանսերեն եւ անգլերեն, դրվատալից սյունակներ են նվիրում նրան:

Նրա ստեղծագործությունների մասին թերեւս ամենաբնութագրական վկայությունը պատկանում է հայ կերպարվեստի մեծ երախտավորներիցՙ եգիպտահայ նկարիչ Օննիկ Ավետիսյանին, որն իր վերոնշյալՙ «Հայ նկարիչներ եւ քանդակագործներ» ֆրանսերեն հանրագիտարանում (1959, Կահիրե, «Հայ մշակույթի բարեկամներ» հրատ.) գրում է. «Վավա Սարգիսի հայացքը տեղաշարժվում է կանանց եւ ծաղիկների մի զարմանալի աշխարհում: Նա ծնվել է Տրապիզոնում (Թուրքիա), ու թեեւ շատ ճանապարհորդել եւ երկար տարիներ ապրել է Եվրոպայում եւ Ամերիկայում, կարողացել է պահպանել իր ազգային խառնվածքը. դրանով են պայմանավորված նրա նկարների արեւելյան ֆոնը, վառ եւ հարուստ գույները, որտեղ մուգ կապույտն ու դյութիչ կապույտը սքանչելիորեն ներդաշնակվում են սպիտակի, մոխրագույնի եւ հազվագյուտ տոնայնության վարդագույնի հետ:

  Վավա Սարգիսի ստեղծագործությունների մեկնակետը զուտ պատանեկան անմեղության դիրքորոշումն է, որը չի խաթարվել կենսափորձից. ահա թե ինչու դրանք հմայիչ են եւ անմիջական, երբեմնՙ նույնիսկ շփոթեցնող» :

Իսկ հայ կերպարվեստի պատմության մեկ այլ երախտավորՙ Կարո Քյուրքմանն իր վերոնշյալՙ «Հայ նկարիչներ Օսմանյան կայսրության մեջ, 1600-1923» (Մաթուսալեմ հրատարակչություններ, Ստամբուլ, 2004 ապրիլի) անգլերեն երկհատոր կոթողային ալբոմ-հանրագիտարանում տեղեկացնում է, որ Վավան իր հաջորդՙ խմբային եւ անհատական ցուցահանդեսները տվել է Հայաստանումՙ 1964, 1971 եւ 1975 թվականներին, եւ նրա ամենահայտնի գործերն են «Կարոտ», «Դիմակահանդես», «Ինքնադիմանկար», «Պարսկուհին», «Նորմանդացի աղջիկը», «Արարատ» եւ «Սանահին» կտավները: Միայն թե Քյուրքմանը Վավայի երեւանյան ցուցահանդեսների ցանկում նշում է նաեւ 1927 թվականը, ինչը հետաքրքրական լինելով հանդերձ, ենթակա է ստուգման: Նաեւ, Քյուրքմանը չգիտի Վավա Սարգիսի մահվան թվականը, այլ բավարարվում է նշելով, որ նա մինչեւ կյանքի վերջը ապրել է Նյու Յորքում: Նույն հեղինակը չի նշում նաեւ Վավա Սարգիսի 1975-ի բեյրության ցուցահանդեսը, որին ներկա եմ գտնվել եւ ընթացքում հարցազրույց եմ անցկացրել նրա հետ:

Այո, Վավային տեսել եմ 1975-ին, Բեյրութում, նոր սկսված ներլիբանանյան պատերազմի իրարահաջորդ «ռաունդներից» մեկի միջակայքում, ՌԱԿ «Շուշանիկ» կանանց ակումբի կազմակերպած ցուցահանդեսում: Այդ օրերին, արյունալի յուրաքանչյուր «ռաունդից» հետո մարդիկ ինքնահամոզում էին, որ վերջին «ռաունդը» վերջինն է լինելու եւ ձգտում էին, մի ներքին մղումով, վերստեղծել-վերապրել նախապատերազմյան Լիբանանի ոսկեդարըՙ ցուցահանդեսներ, համերգներ, թատերական եւ այլ ձեռնարկներ: Վավան եկել էր, եթե չեմ սխալվում, Երեւանից: Համենայն դեպս, ցուցահանդեսին ներկա էր նաեւ Սփյուռքի կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանը: Ցուցահանդեսի բացմանը շուշանիկցիները տվեցին հրաշալի ընդունելություն, որը նրբաճաշակ դարձնելու գաղտնիքին միայն իրենք էին տիրապետում: Ուսուցիչս, հետագայում նաեւ խմբագրապետսՙ Գերսամ Ահարոնյանը հրահանգեց հարցազրույց ունենալ նկարչուհու հետ, «Զարթօնքի» համար: Բարեկազմ, նրբաձիգ կեցվածքով Վավան կանգնել էր սրահի մեջտեղում, գլխին սեւ գույնի գլխարկ, որից իջնող քողը ծածկում էր դեմքը: Գիտեի, որ ութսունին մոտ էր արդեն, բայց ծեր բառը կապ չուներ նրա հետ, ոչ թե երիտասարդ երեւալու ջանքեր էր թափել, այլ, հիմա եմ ենթադրում, գիտեր ծերանալ արժանապատվորեն, բնական, ամբողջովին պահելով կանացի հմայքը, դրան հավելելով խորհրդավորությունը:

Մոտեցա, հաղորդեցի ընկեր Գերսամի հանձնարարությունը: Առանձնացանք կից սենյակում: Եսՙ սկսնակ լրագրող, առաջին անգամ էի զրուցելու արվեստագետի հետ: Ճնշող չէր նրա ներկայությունը, բայց ես շփոթված էի: Խաժ աչքերի զննող հայա՞ցքն էր, պիրկ շրթունքի անկյուններում անբացատրելի ժպի՞տը, կիսադեմը ծածկող սեւ քո՞ղը, երկար ձեռնոցնե՞րը, չգիտեմ: Գիտեմ միայն, որ բարձրաշխարհիկ տիկինը հրճվում էր շփոթմունքիս վրա: Այնուամենայնիվ, հարցերիս պատասխանում էր պատրաստակամորեն, հակառակ դրանց նայիվությանը, մանավանդ երբ իմացավ, որ կրթությունս Երեւանում եմ ստացել:

Հիմա չեմ հիշում ինչ հարցրի, ինչ պատասխանեց: (Չունեմ «Զարթօնքում» լույս տեսած այդ նյութը): Ինչ որ մնաց մեջս, հիշողությանս մեջ, քիչ առաջ տեսածս նկարներիՙ ծաղիկներից, կանանցից, եկեղեցիների սիլուետներից ստացած տպավորություններիս կրկնությունն էր ինքը: Կարծես ինքը լիներ իր նկարների բնորդուհին: Իրենից հետո ես այլեւս չհանդիպեցի ուրիշ արվեստագետի, որն այնքան նման լինել իր նկարներին:


Նկար 1. Վավանՙ երիտասարդ հասակում:

Նկար 2. «Արարատ»

Նկար 3. «Ծաղիկներ»

Նկար 4. «Հայուհին»

Նկար 5. Ուշ շրջանի իր ցուցահանդեսներից մեկում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4