«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2010-03-25 | #53, 2010-03-26 | #54, 2010-03-27


ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ՌԻՆԳՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԱՄԵՆ ԻՆՉԻ»

Գերմանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Աբրահամ-Դիրել մրցամարտն է, որ կայանալու է Դետրոյթում մարտի 28-ին եւ ուղիղ եթեր է հեռարձակվելու գերմանական ARD-ով: Հայաստանում այն ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել «Շանթի» եթերում, առավոտյան ժամը 6-ին:

Գերմանիայում Աբրահամն ամենաճանաչված հայն է, ում համակրում են նաեւ նրանք, ովքեր բռնցքամարտի մեծ երկրպագու չեն: Այս սերը Արթուրը նվաճել է առաջին հերթին իր պրոֆեսիոնալիզմով, բայց նաեւՙ լրատվամիջոցների ուժը կարեւորելով. վերջիններս «հետապնդում» են նրան, ինքն էլ գիտիՙ ժպտադեմ, խելամիտ պատասխանները ակնդիրների, ընթերցողների սիրտը տանող ամենակարճ ուղին են, ու ահաՙ հանրային հետաքրքրությունն աճում է, հեղինակությունըՙ նույնպես: «Ինձ համար կարեւոր է, որ մարդիկ իմանան, թե որտեղից են արմատներս: Ոչ մի դեպքում չպիտի մոռանալ հայրենիքը: Վեցնյակի գերմրցաշարից հետո մտադիր եմ ընտանիք կազմել, 3 տղա եւ մեկ աղջիկ ունենալ: Բռնցքամարտով կզբաղվեն միայն տղաները: Ոչ մի դեպքում չեմ ուզում, որ դուստրս մարտական որեւէ մարզաձեւով զբաղվի: Կապտած քթով, աչքով աղջիկ տանը չեմ ուզում տեսնել», ասել է Արթուրը:

Նրա առաջիկա հաղթանակին սպասող լրատվամիջոցներն իրազեկում են, թե Արթուր Աբրահամը Դետրոյթում իրեն լավ է զգում, կատարելագործում է անգլերենը: Թեպետ Գերմանիայից հեռու, բայց նրա երկրպագուները փոքրաթիվ չեն լինելու, քանի որ Դետրոյթում շուրջ 20 000 հայ է ապրում: Հայ համայնքն արդեն կազմակերպել է, մրցամարտին ներկա են լինելու Դետրոյթի ոչ միայն ոսկերիչները, այլեւ մտավորականներն ու հոգեւորականներն անգամ, Լոս Անջելեսից էլ մեծաթիվ հայեր են ժամանելու: Լրատվամիջոցները նաեւ հաղորդում են, թե Աբրահամի մենեջեր Զաուերլանդը բողոքել էր, որ մրցամարտի մրցավարներից երկուսը Դիրելի հայրենի Միչիգանից են, իսկ երրորդն այն մեքսիկացին է, որ Ֆրոչի հետ մրցամարտում միավորներ էր «նվիրել» Դիրելին: Մրցավարական նոր կազմը հիմա երկու կողմին էլ բավարարում է:

Աբրահամը վեցյակի գերմրցաշարի առաջատարն է. «Դեռ հիմք չկա մտածելու հնարավոր կիսաեզրափակիչի մասին: Նպատակամղված պատրաստվել եմ այս մրցամարտին, հաղթահարել եմ ժամային տարբերությունները եւ ուզում եմ լավ մրցամարտ ցուցադրել»: Քաշային կարգը փոխելը դրական ազդեցություն է թողել, մի քանի կգ նիհարելն այլեւս լուրջ խնդիր չի հարուցում:

«Աբրահամն ուժեղ հարվածների է տիրապետում, բայց իսկական բռնցքամարտը խնդիր է նրա համար: Նրա նմաններին միլիոն անգամ եմ տեսել», «Դետրոյթ ֆրի փրեսին» կարծիք է հայտնել Դիրելը: Նա իր մրցակցի մասին նույնքան կիրթ չէր արտահայտվել նաեւ «Բիլդի» հետ զրույցում. «Աբրահամը շատ կարճ ձեռքեր ունի, ես նրան առաջինը պարտության կմատնեմ: 20 000 երկրպագու ինձ կմղեն մարտի, իմ 30 հոգանոց ընտանիքն էլ ինձ հետ է լինելու, իսկ միլիոնավոր հեռուստաակնդիրներ հենց ինձ են հաղթանակ մաղթելու: Որովհետեւ ես կայծակնային արագություն ունեմ, պարում եմ ինչպես Մուհամմեդ Ալին, անընդհատ փոխում եմ տեղս, այդպես Աբրահամին կշփոթեցնեմ», մեկնաբանել է Դիրելը, իսկ նշանածի կողմը շրջվելով, հավելել. «Ապրիլի 24-ին մեր պսակի զանգերն են ղողանջելու, իմ նվերը Աբրահամի գլուխն է լինելու»: Matrix մականունով հայտնի բռնցքամարտիկի մարզիչը նրա պապն էՙ Լեոն Լոսընը: Հայրը լքել է ընտանիքը, իսկ պապը ոչ միայն տիրություն է արել, այլեւ փողոցային կռիվների հանդեպ հետաքրքրություն ունեցող տղայի մեջ սեր արթնացրել բռնցքամարտի հանդեպ: Ի նշան երախտագիտության, Դիրելը պապի պատկերն է դաջել տվել իր ուսին:

«26-ամյա Դիրելը վեցյակի ֆավորիտներից մեկն է, 1,88 սմ հասակ ունեցող ամերիկացին արագ ոտքեր ու բռունցքներ ունի, իսկ Աբրահամի հոբբին շախմատն է, նա վերլուծում է խաղը, հետո դանդաղ ներքաշվում դրա մեջ», գրում է «Զյուդդոչե ցայթունգը»: Ամերիկացի վերլուծաբանները կարծում են, թե մրցամարտը 2 ավարտ կարող է ունենալՙ կամ 10 սմ-ով կարճահասակ Աբրահամը կգետնի Դիրելին, կամ վերջինս կհաղթի միավորների առավելությամբ:

Դետրոյթում ավանդույթ կաՙ հակառակորդի վրա թանաքաձուկ են շպրտում, բայց կոտրած ծնոտով հաղթանակի բերկրանքը վայելած Աբրահամին դա հունից չի հանի: Հարավային Աֆրիկայում հատուկ այս մրցամարտի համար նախշազարդած թիկնոցն Աբրահամը մրցամարտից հետո, ինչպես միշտ, աճուրդի է դնելուՙ ի նպաստ որբ երեխաների:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4