«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2010-03-27 | #55, 2010-03-30 | #56, 2010-03-31


«ՎԵՐՋՆԱԿԵՏԸՙ ՈՒՈԹԵՐԹԱՈՒՆ: ՀՈՒԴ ՌԱԲԸՐԻ ՀԱՅԵՐԸ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ

«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ մարտի 11-ին Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (ՀՈՒՀԱԱ) կենտրոնում (Բելմոնտ, Մասաչուսեթս), ՀՈՒՀԱԱ-ի եւ «Ամերիկայի հայկական գրադարան եւ թանգարանի» (ԱՀԳԹ) նախաձեռնությամբ ցուցադրվել է Ռոջեր Հակոբյանի «Վերջնակետըՙ Ուոթերթաուն: Հուդ Ռաբըրի հայերը» նոր վավերագրական ֆիլմը, որը պատմում է Ուոթերթաունի հայ համայնքի կազմավորման գործում կարեւոր դեր խաղացած ռետինե կոշիկ եւ անվադողեր արտադրող գործարանի մասին: Գործարանը բացվել էր 1896-ին եւ անմիջապես գրավել հայ եւ այլ ազգի ներգաղթողների ուշադրությունը, դառնալով նրանց ապրուստի միակ աղբյուրը: Հուդ Ռաբըրը միանալով Գուդրիչին 1929-ին, կարողացել է դիմակայել մեծ ճգնաժամի ծանր տարիները եւ առավել բարգավաճել Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Գործարանը փակվել է 1969-ին: Ի դեպ, այդ գործարանում աշխատել է նաեւ տաղանդավոր հայ նկարիչ Արշիլ Գորկին:

Ըստ թերթի, մրցանակակիր պրոդյուսեր, սցենարիստ եւ մոնտաժող Ռոջեր Հակոբյանը հսկայական աշխատանք է կատարել պատմական լուսանկարներ, փաստաթղթեր եւ քարտեզներ հայտնաբերելով, ինչպես նաեւ նախկին աշխատավորների հետ հարցազրույցներ անցկացնելով: Նրա նախորդ ֆիլմերի թվում են «Փշուրներ Հայոց ցեղասպանության հիշողություններից» (2007 թ.), «Մեր տղաները: Ամերիկահայ վետերանները Բ աշխարհամարտում» (2006 թ.), «Հայ ընտանիքի ճանապարհը» (1999) եւ «Մարաշի հիշողություններ: Հայկական կորսված մի համայնքի ժառանգությունը», որն արժանացել է «Կոմկաստ» շրջանային մրցանակի որպես լավագույն վավերագրական ֆիլմ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4