«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2010-04-03 | #60, 2010-04-06 | #61, 2010-04-07


ԲՐԻՏԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԶԵԿՈՒՑԱԳԻՐԸ

Բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատում մարտի 29-ին տեղի ունեցած մեկժամյա քննարկումների ժամանակ 1915-1917 թվերի հայերի ցեղասպանության ճանաչման կողմ են արտահայտվել բանաձեւը նախաձեռնող բարոնուհի Քոքսը, լորդ Էյվբերին, լորդ Հիլթոնը եւ բարոնուհի Ռոուլինգսը, չնայած վերջինս չի օգտագործել «ցեղասպանություն» եզրը: Լորդ Էյվբերին, «Կապույտ գրքի» վավերականությունը պաշտպանելով, կառավարության ներկայացուցիչ բարոնուհի Քինոքին խնդրել է «բաց քննարկումներ կազմակերպել բրիտանացի եւ թուրք խորհրդարանականների միջեւ 1915-17-ի դեպքերի շուրջը»: Լորդ Հիլթոնն էլ պահանջել է Թուրքիայից ճանաչել ցեղասպանությունը:

Բանաձեւի դեմ են արտահայտվել լորդ Քիլկլունին, որն ընդամենը քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ սովորական հակամարտութան է վերագրել տեղի ունեցածը, լորդ Ուեյվըրլին, որը փորձում է ազերիների անունից բրիտանա-լեռնայինղարաբաղյան խորհրդարանական խմբակցություն ստեղծել, եւ լորդ Ուալասը, որը նշել է, որ Թուրքիայի ներկայիս կառավարությունը վատերից նվազագույնն է, որն ընկել է երկու քարիՙ Ադրբեջանի եւ Հայաստանի արանքը: Դեմ արտահայտվողները բոլորն էլ պատճառաբանել են, որ ներկայիս արձանագրությունների տեսքով երկու երկրները հաշտության եզրեր են փնտրում եւ չպետք է մի երրորդ երկիր միջամտի այդ գործընթացին:

Բարոնուհի Քինոքը, անդրադառնալով Էրդողանիՙ հայերին վտարելու մասին կատարած արտահայտություններին, նշել է, որ «հայերին երկրից արտաքսելու անմիջական ծրագիր չկա եւ որ Թուրքիայի կառավարությունը ինքը պետք է որոշի միգրացիային առնչվող հարցերըՙ համապատասխան միջազգային իր պարտավորություններին»: Իսկ Եվրոմիությանը Թուրքիային անդամակցելու հարցի վերաբերյալ նա շեշտել է, որ «այդ հարցը (ցեղասպանությունը, որը նա չի հիշատակել) անդամակցությանը խոչընդոտող նախապայման չէ», բայց Թուրքիան «պետք է բարիդրացիական հարաբերություններ պաշտպանի տարածաշրջանի իր հարեւանների, այդ թվում նաեւ Հայաստանի հետ»:

Բարոնուհի Ռոուլինգսին պատասխանելով, նա շարադրել է բրիտանական կառավարության դիրքորոշումը, ասելով, որ «քաղաքականապես Մեծ Բրիտանիայի կառավարությունը երկու կողմերից պահանջում է շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ միջոցներ գտնել տարակարծությունները հարթելու համար»:

Լրատվությունը խմբագրությանն է հասցեագրել բրիտանա-հայկական խորհրդարանական համակուսակցական խմբավորումը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4