«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2010-04-09 | #64, 2010-04-10 | #65, 2010-04-13


ԻՆՉՈ՞Ւ ԴԵՌԵՎՍ ՏԱԲՈՒ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Համացանցային կայքերում վերոնշյալ վերնագրի թուրք հեղինակՙ Էրոլ Օվկորայն ունի մոտ 10 հոդվածներ, որոնք արծարծում են գրեթե նույն թեման: Մի քանիսում նա նույնիսկ հարց է առաջ քաշում վերացնելու այժմյան թուրքական զինված ուժերը ներկայիս «ինքնագլուխ գործելու ձեւաչափով» եւ ստեղծելու փոխարենը «պրոֆեսիոնալ նորմալ բանակ»: Այս առումով ստորեւ թարգմանաբար ներկայացվող իր հոդվածի վերջում նա հիացմունքով է արտահայտվում Ֆելիպե Գոնսալեսի մասին, որը գրեթե նույն բանն իրականացրեց Իսպանիայում:


Հայոց ցեղասպանության մասին առաջին անգամ լսեցի Փարիզում 70-ական թվականներին եւ ամենատրամաբանական հարցը, որ ինքս ինձ ուղղեցի այդ ժամանակ, նաեւ իմ գրություններում արծարծեցի (համալսարանական կուրսային աշխատանքներում, եւ «Լը Մոնդ» թերթին ուղարկված նամակում), հետեւյալն էր. եթե Թուրքիայի Հանրապետությունը հիմնված է Օսմանյան կայսրության մերժման վրա, ապա ինչո՞ւ 1915-ի հայերի ցեղասպանությունը չի բարդվում օսմանցիների վրա: Ինչո՞ւ է թուրքական հանրապետությունն իր վրա վերցնում այդ սկանդալային իրադարձության (որը 20-րդ դարի առաջին ոճիրն էրՙ ուղղված մարդկության դեմ եւ առաջին ցեղասպանությունը) պատասխանատվությունը: Հետագայում այդ հարցը միշտ օրակարգում մնացել է լրագրողի իմ ողջ կարիերայի ընթացքում:

Ինձ ընդհանրապես ճանաչում են որպես մի լրագրողի, ով 1980-84 թվերին բացատրում էր թուրքերին, թե ինչ է ԱՍԱԼԱՆՙ հայկական ահաբեկչությունը: Ես սոցիալիստ էի, բայց ահաբեկչությունների դեմ, եւ իմ հոդվածները նույնիսկ որոշ առումով վատթարացրին հարաբերությունները Ֆրանսուա Միտերանի սոցիալիստական կառավարության (որին ես պաշտպանում էի) եւ Թուրքիայի միջեւ: Անձամբ ես, ընտանիքս եւ ընկերներս շատ ենք տառապել ԱՍԱԼԱ-ից: Ընկերոջսՙ Նազան Էրեզի հայրըՙ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Էրեզը սպանվեց Փարիզում պարտականությունները կատարելիս: Ընկերսՙ Գյոքբերկ Էրգենեքոնը վիրավորվեց Հռոմում: Նույնիսկ իմ անունը եւս ընդգրկվեց ԱՍԱԼԱ-ի «սեւ ցուցակում» եւ հանվեց միայն այն բանից հետո, երբ անձամբ հանդիպեցի այդ ժամանակվա ԱՍԱԼԱ-ի փաստաբան, իսկ այժմ Ֆրանսիայի տնտեսական վերափոխումների ծրագրի պատասխանատու Պատիկ Դեւեջյանի հետ: Այդ թվերին (1982) ես այդ իրադարձությունները ցեղասպանություն չէի համարում, բայց չէի ընդունում նաեւ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը: Զարմիկսՙ Սըդքի Սենսերը հայտնվել էր Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում ԱՍԱԼԱ-ի կատարած հարձակման ժամանակ եւ հրաշքով ողջ մնացել թուրք ոստիկանների հակադարձ կրակոցներից (8 անգամ), եւ մորս ու մորաքույրերիս հետ, որոնք նույնպես այնտեղ էին, դուրս եկել օդանավակայանից: Իրականում այս ցանկը շատ երկար է, բայց նպատակս պարզապես ցույց տալն է, որ ես շատ եմ առնչվել հայկական հարցին եւ բավական շատ բան գիտեմ այդ մասին: Նաեւ շատ եմ տառապել այդ պատճառով եւ բարոյական իրավունք եմ վերապահում ինձ ասելու այստեղ այն, ինչ մտածում եմ: Կարճ ասած, սրանք այն եզրակացություններն են, որ որպես մտավորական հանգել եմ 35 տարի առնչվելով Ցեղասպանության հարցինՙ բազմիցս վերանայելով իմ դիրքորոշումը:

Տարիների ընթացքում կարդալով այդ թեմայով հրատարակված նոր փաստաթղթերն ու գրքերը, պարզել եմ, որ իմ սկզբնական հարցը (ցեղասպանությունը օսմանցիների վրա բարդելու վերաբերյալ) խեղաթյուրման հետեւանք է եւ զուրկ է ամեն տեսակի իմաստներից հետեւյալ առնվազն երեք պատճառներով:

ա) Չնայած Մուսթաֆա Քեմալը այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէր Թալեաթ-Էնվեր-Ջեմալ եռյակի հետ եւ, Գալիպոլիում պատերազմական գործողություններին մասնակից լինելով, (որոշ իմաստով դա նպաստեց, որ նա հետագայում հարգված առաջնորդ դառնա) չէր մասնակցել հայերի ցեղասպանությանը անմիջականորեն, դրա իրագործումը, այնուամենայնիվ, շատ լավ ծառայեց իր նպատակներինՙ հանրապետական վարչակարգի հիմքերը դնելով թուրք ազգության (ռասայի) վրա: 1926-27 թվերին թուրքական ցեղի վերաբերյալ բանավեճերը հիմնականում պետության ազգային գաղափարախոսությանՙ (թուրքական ցեղ, թուրքական ազգություն) գլխավոր թեմայի շուրջն էին անցկացվում, եւ այդ պատճառով էլ Անատոլիան պետք է «մաքրված», զտված լիներ բոլոր տեսակի քրիստոնյա եւ օտար տարրերից (հայեր, հույներ, ասորիներ, քուրդեր): Էթնիկական, մշակութային, տնտեսական եւ սոցիալական զտումներն ակտիվորեն իրագործվեցին հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանի յոթ ցեղասպանությունների միջոցով: Անատոլիայում ոչ հայ մնաց, ոչ հույն, ոչ էլ ասորի: Քրդերը դիմադրեցին եւ հակառակ չորս ցեղասպանություններիՙ չոչնչացան: Այդ պատճառով էլ Թուրքիայում ամեն ոք պետք է հարգի քրդերինՙ իրենց կյանքի եւ իրավունքների համար պայքարելու համար: Այնպես որ «զանգվածային բնաջնջման» տեսանկյունից օսմանցիներից ժառանգած շարունակությունն ակնհայտ էր: Վերջին 95 տարիների ընթացքում 10 ցեղասպանություններ են կատարվել այս հողի վրա (այցելել www.kuyerel.com կայքի արխիվները): Հանրապետության հիմնադիրների շարքերում էին հայերի ցեղասպանությունը կազմակերպած, իրագործած կամ որեւէ ձեւով դրան առնչված անձնավորություններ:

բ) Օսմանցիներից հանրապետությանն են անցել նաեւ հայերից բռնագրաված ապրանքներն ու նյութական, դրամական միջոցները, որոնք վճռական դեր խաղացին անկախության պատերազմը ֆինանսավորելու գործում: Բացի Լենինի տրամադրած դրամական միջոցներից եւ զենքերից, այդ պատերազմի համար հայթայթած ամենամեծ ֆինանսական աղբյուրը ցեղասպանության հետեւանքով հայերից խլած գումարն էր, որի միջոցով էլ զենք ու զինամթերք գնվեց, բանակը կազմավորվեց, զինվորների տեղաշարժը իրականացվեց:

Այդ գործընթացներում ընդգրկված մարդիկ հարստացան եւ կազմեցին սոցիալական մի նոր խավՙ տիրանալով հայերի ունեցվածքին: Օրինակՙ այսօրվա Սաբանջի ընտանիքի նախնիներից է բեռնակիր Հաջի Օմեր Սաբանջին, իսկ Քոչ ընտանիքը սերում է նպարավաճառ Վեհդի Քոչից: Այս ձեւով դրվեց հիմքը նոր շարժման:

գ) Հայերի ցեղասպանությանն անմիջական մասնակցություն ունեցող մարդասպանները (մարդիկ, որոնց ձեռքերը արյան մեջ էին խրված) կազմավորեցին նորաստեղծ հանրապետական վարչակարգի քաղաքական եւ վարչական ընտրանին: Նրանք համապատասխան պատկառանք ձեռք բերեցինՙ հայերից խլած փողերի մի մասը նվիրելով անկախության պատերազմի ֆոնդին: Մուստաֆա Քեմալը ձեւացրեց, թե ոչինչ չգիտի նրանց անցյալի մասին: Այդ մարդկանց թվում էին, օրինակ, Շյուքրու Քսյան (ներքին գործերի նախարար, Ժողովրդա-հանրապետական կուսակցության ընդհանուր քարտուղար), Մուսթաֆա Աբդուլ-Հալըք Ռենդան (Ազգային ժողովի նախագահ), Արիֆ Ֆեւզին (նախարար), Ալի Զենանի Բեյը (արդյունաբերության նախարար), Ռուշտու Արասը (արտգործնախարար) եւ այլք: Այստեղ էլ ենք շարունակություն տեսնում օսմանյան ժամանակաշրջանից: Մուստաֆա Քեմալը օգտվեց այս մարդկանցից եւ նրանցՙ այդ մարդասպաններին վստահեց կարեւոր պաշտոններ հանրապետական Թուրքիայում:

Հայերի ցեղասպանության տաբու լինելու պատճառները թաքնված են այս երեք նկատառումների հետեւում: Այլապես, շատ հեշտ էր լինելու խնդիրը լուծել ցեղասպանության մեղքը օսմանցիների վրա բարդելու միջոցով:

Այն անձնավորությունը, որ օրակարգային հարց դարձրեց այս ամենը եւ հիմնավոր ուսումնասիրություններ կատարելով ազդեցություն ունեցավ թուրք մտավորականության վրա (հայերի ցեղասպանության լուսաբանման առումով) Թաներ Աքչամն է: Վերը նշված պատճառների հետեւանքում ամեն անգամ, որ «հայերի ցեղասպանություն» արտահայտությունը հնչում է, առողջ դատողությունից զուրկ մարդիկ Թուրքիայում նյարդայնանում են: Իմ ասածն այստեղ այն է, որ հակառակ պաշտոնական պատմական թեզին, Թուրքիայի Հանրապետությունը չհիմնվեց հակաիմպերիալիստական պատերազմ մղելու արդյունքում (անկախության պատերազմում Թուրքիայի բանակը կռվեց միայն հույների դեմ եւ ոչ թե Ֆրանսիայի կամ Անգլիայի դեմ, որոնք այդ ժամանակվա իմպերիալիստական պետություններն էին): Այն հիմնվեց հայերի ցեղասպանության հիման վրա: Իրերի այս վերագնահատումը նշանակում է, որ այն, ինչ ձեզ եւ բոլոր մյուսներին ասել են եւ սովորեցրել, աղբարկղը գցելու նյութ է: Սա է իրական պատճառը, որ մեծ ցավ է առաջացնում «Հայոց ցեղասպանության» արծարծումը:

1923-ից ամեն ինչ ստի վրա է հիմնված եղել: Իրավիճակն այնքան էլ հասարակ չէ, ինչպես որոշ մտավորականներ փորձում են ներկայացնել, նշելով, թե պետությունը ցեղասպանության իրականությունը թաքցնում է: Այսօր, երբ խոսքը վերաբերում է հայերի ցեղասպանությունը ճանաչելուն, շատ բան, ամեն ինչ պետք է դնել սեղանի վրա եւ քննարկել: Հանրապետությունը, քեմալիզմը, պետությունը, պետության գաղափարախոսությունը, հանրապետությունը հիմնողներն ու կառավարողները, վարչակարգը, երկրի քաղաքական համակարգը, բանակը, համալսարանները, կրթական ծրագրերը, մամուլը, ընտրանին, գործարար շրջանակները (կապիտալի կուտակումների աղբյուրները), դատարանները, քաղաքական կուսակցությունները եւ այլն: Մի խոսքով, ամեն ինչ պարզ է, որ ոչ ոք չի կարող դիմակայել նման հսկայական բեռին, հատկապես եթե մեզ նման ապրում է կրիպտո-ֆաշիստական (թաքնված ֆաշիստական) եւ կրիպտո-ամբողջատիրական վարչակարգի պայմաններում: Շատ դժվար է, չասելու համար անհնարին, նույնիսկ երազում լուծել վերոնշյալ բոլոր հարցերը:

Այս տրավմատիկ իրավիճակը, իր պատմական, քաղաքական եւ մտավորական առումներով, մղոններով հեռու է մեր իսլամիստական կառավարության հնարավորություններից ու կարողություններից: Ոչնչի հնարավոր չէ հասնել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ստորագրված արձանագրություններով: Չէ՞ որ Անկարայում անտեսանելի ուժեր, 24 ժամվա ընթացքում անվավեր դարձրին այդ արձանագրությունները, այն էլ վարչապետի ձեռքով, նրա միջոցով: Այս պետությունը, իր ներկա կառուցվածքով, հետ է մղելու ամեն տեսակի լուծում, որովհետեւ ոչ մի լուծում չկա, որ ընդունելի լինի նրա համար:

Ինչպես երկրում առաջացած որեւէ այլ խնդիր, այս խնդիրն էլ կարող է լուծել միայն բարձրագույն մտավորական կարողությունների տեր մի քաղաքագետ, ով ժողովրդավարության կուլտուրան կդարձնի իր բնավորության մի մասնիկը, իշխանության ղեկը կստանձնի ընտրությունների միջոցով եւ հասարակական կարծիք կձեւավորի այդ ուղղությամբ: Սովորական, փոքր մարդկանց համար անկարելի է լուծել Թուրքիայի այս հսկայական խնդիրները: Մենք կարիք ունենք Միտերանի, Ալիենդեյի եւ Ֆելիպե Գոնսալեսի մակարդակի քաղաքագետների եւ պետական գործիչների, որպեսզի կարողանանք լուծել դրանք: Այլ խոսքով ասած, մենք Մեծ Մարդկանց կարիք ունենք:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4