«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2010-04-20 | #71, 2010-04-21 | #72, 2010-04-22


ԶՈՐՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸՙ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ԱՊՐԻԼԻ 22-24-Ը

Հայոց ցեղասպանության 95-ամյակի առնչությամբ Տորոնտոյի Զորյան ինստիտուտը, Սան Պաուլոյի համալսարանի, իշխանությունների եւ Բրազիլիայում Հայաստանի հյուպատոսարանի համագործակցությամբ, ապրիլի 22-24-ը կազմակերպել է միջազգային գիտաժողով, որին մասնակցելու են հայազգի եւ օտար ցեղասպանագետներ, տեղեկացնում է Զորյան ինստիտուտից ստացված հաղորդագրությունը:

«Արդի ժամանակների նախատիպ ցեղասպանությունը» ընդհանուր խորագրով անցկացվող գիտաժողովին մասնակցելու են Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ (Գուրգեն) Սարգիսյանը («Հայոց ցեղասպանությունըՙ նախատիպ արդի ժամանակների ցեղասպանությունների»), դոկտ, Դալմո դե Աբրու Դալլարի (Սան Պաուլո համալսարանի իրավաբանական ֆակուլտետից), դոկտ., պրոֆ. Խոսե Կառլոս Սեբե Բոռն Մեյհին (Սան Պաուլո համալսարանի պատմության ֆակուլտետից), պրոֆ. Սթիվն Լեոնարդ Ջեյկոբսը (Ալաբամայի համալսարանից, ԱՄՆ), դոկտ. Սեւան Կարիբյանը (Նյոշաթել համալսարանից, Շվեյցարիա), Ռագըփ Զարաքոլուն (հրատարակիչ եւ մարդու իրավունքների պաշտպան, Թուրքիա), պրոֆ. Ռուբեն Սաֆրաստյանը (Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, Հայաստան), Վահագն Տատրյանը (Զորյան ինստիտուտի ցեղասպանական ուսումնասիրությունների բաժնի տնօրեն), դոկտ. Մարսիո Սելիգման-Սիլվան (Կամպինաս համալսարանից, Բրազիլիա), պրոֆ. Խաչիկ Տեր-Ղուկասյանը (Սան Անդրես համալսարանից, Արգենտինա), պրոֆ. Լուսինե Եղիազարյանը (Սան Պաուլո համալսարանի արեւելյան գրականության ֆակուլտետից, Բրազիլիա) եւ դոկտ. Հակոբ Քեշիշյանը (Բրազիլիայի Հայ առաքելական եկեղեցու ծխական համայնքի խորհրդատու-ներկայացուցիչ):

«Գիտաժողովը կարեւոր է ոչ միայն այս պատմական իրողությունները մի անգամ եւս հիշատակելու առումով, այլեւ հատկապես հետեւյալ չորս պատճառներով.

ա) Բրազիլիան իր ավելի քան 190 միլիոն բնակչությամբ (աշխարհի 5-րդ մեծագույնը) եւ հզոր տնտեսությամբ (Ամերիկաներումՙ երկրորդ տեղը, աշխարհումՙ իններորդ) աշխարհի զարգացած երկրներից մեկն է:

բ) Սան Պաուլոյի համալսարանը իր ռասիզմի, խտրականության եւ էթնիկական ուսումնասիրությունների կենտրոն-լաբորատորիայով առաջնակարգ ակադեմիական հաստատություն է:

գ) Բրազիլիան առաջին երկրներից է, որ կողմ քվեարկեց ՄԱԿ-ի 1948 թվի «Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիային» եւ 1952-ին վավերացրեց այն:

դ) «Սան Պաուլոն 1989-ին ճանաչել է պաշտոնապես Հայոց ցեղասպանությունը», ասված է Զորյան ինստիտուտից ստացված հաղորդագրության մեջ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4