«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2010-05-05 | #82, 2010-05-06 | #83, 2010-05-07


ՆԱՐԵԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՐՄԱՐՎՈՒՄ Է ԲՈՍՏՈՆՅԱՆ ԿՅԱՆՔԻՆ

«Չնայած վերջին շրջանում Բոստոնում ապրելով Նարեկ Հախնազարյանը բեյսբոլի մեծ սիրահար է դարձել, այդուհանդերձ դեռեւս չի հասցրել ներկա գտնվել «Ռեդ Սոքսի» որեւէ մրցումի, քանի որ մի քանի ժամ օրական թավջութակ պարապելն ու Նյու Ինգլենդի երաժշտանոցի միջոցառումների եռուզեռին մասնակցելը ժամանակ չի թողնում դրա համար», գրում է Նենսի Քալաջյանը «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթում:

Քսանմեկամյա թավջութակահարը երաժշտանոցի «Արտիստ-դիպլոմա» ծրագրի երկու ուսանողներից մեկն է եւ երջանիկ է Ուոլտեր Նաումբերգի անվան ամբիոնի վարիչ Լորենս Լեսերի դասարանում սովորելով: Նարեկը երաժշտական ընտանիքից է: Հայրը 26 տարի նվագել է հռչակավոր Կոմիտաս քառյակում, իսկ այժմ դասավանդում է Մոսկվայի երաժշտանոցում: Մայրը եւ մեկ եղբայրը դաշնակահարներ են, իսկ մյուս եղբայրըՙ դիրիժոր: Նարեկը Երեւանում է ծնվել եւ մեծացել: Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: 11 տարեկանում Մոսկվա է տեղափոխվելՙ թավջութակ նվագել սովորելու մտադրությամբ: Հետագայում տեղափոխվել է Ամերիկա:

2008-ին Նյու Յորքի Քառնեգի Հոլի Զանկել դահլիճում կայացել է իր անդրանիկ ելույթը, որն արժանացել է մեծ գնահատանքի: Հայտնի ջութակահար Քիմ Քաշքաշյանը, Հայ մշակույթի բարեկամների ընկերության պրեզիդենտներ Արա Առաքելյանը եւ սոպրանո Էլվիրա Ուզունյանը օգնել են նրան հարմարվելու բոստոնյան կյանքին: «Բոստոնը մեծ քաղաք է, կրթական եւ մշակութային հարուստ մթնոլորտով», նշել է Նարեկը, որը ապրիլի 7-ին կատարել է Շումանի թավջութակի կոնցերտը Սիմֆոնիկ երաժշտության դահլիճում Նյու Ինգլենդի կոնսերվատորիայի նվագախմբի հետ (դիրիժոր Հյու Վուլֆ): Նա նվագել է 1779-ին պատրաստված Ստորիոնիի թավջութակով, որը այդ առթիվ փոխ է վերցվել Քրիստո Ռյունինգից (Ռյունինգ եւ որդիներ ջութակների խանութի սեփականատեր):

Նարեկը համերգներ է տվել նաեւ Ֆլորիդայում, Փենսիլվանիայում, Կոնեկտիկուտում եւ այլուր:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4